Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պախարակված քաղաքական գործիչներին դեսպաններ են նշանակում, դրա համար էլ նրանք միայն սեփական բիզնեսն են ծաղկեցնում». քաղաքագետ

Հուլիս 02,2014 21:40

Ինչպես տեղեկանում ենք change.org կայքից,  ԱՄՆ-ի հայկական ֆորումը խնդրագիր է   հղել ԱՄՆ պետդեպարտամենտին` խնդրելով կանխել   ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում Հայաստանի հանրապետության դեսպան նշանակվելը:

«Մենք դիմում ենք ԱՄՆ-ի պետդեպարտամենտին` տեղեկացնելու համար, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայումս  ներգրավված է բազմամիլիոնավոր  դոլարների հասնող օֆշորային փողերի լվացման սկանդալների մեջ  Կիպրոսի հանրապետությունում, և  իր ազդեցիկ  դիրքը ՀՀ  կառավարությունում օգտագործել է անձնական շահ ստանալու նպատակով, զբաղվել է խաբեությամբ, դավադրությամբ `խուսափելով արդարադատությունից:

Տիգրան Սարգսյանը  ներքաշվել է նաև  այլ խարդավանքների մեջ` իր կրիմինալ հարստությունը ձեռք բերելու համար: Պետական բարձր օղակների այս նախաձեռնությունը միտված է օգնել Տիգրան Սարգսյանին խուսափելու արդարադատությունից`ԱՄՆ-ում ձեռք բերելով դիվանագիտական անձեռնմխելիություն: Հաստատել մեկին Հայաստանի  դեսպանի պաշտոնում, որը կասկածվում է վերը նշված հանցագործությունների մեջ, հակասում է ամերիկյան ժողովրդավարական և իրավական սկզբունքներին և սպառնալիք է մեր ազգային արժանապատվությանը:

Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը չկանխի Տիգրան Սարգսյանի փախուստը արդարադատությունից:

Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը մեղսակից չլինի  Տիգրան Սարգսյանի հանցագործություններին ու դավադրություններին` խուսափելու արդարադատությունից:

Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կտրականապես  հրաժարվի Տիգրան Սարգսյանի դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»,- գրված է խնդրագրի  մեջ:

Aravot.am-ը  քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե այս փաստերին տիրապետելով հանդերձ`  ինչո՞ւ ԱՄՆ-ն լռեց   Տիգրան Սարգսյանի պահով: Ըստ քաղաքագետի,  ԱՄՆ-ի  կողմից ագրեման, այսինքն` իր երկրում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու գրավոր համաձայնություն տալը ինչ-որ տեղ պայմանավորված է   ՀՀ նախկին վարչապետի արևմտամետ դիրքորոշում ունենալու հանգամանքով: «Տիգրան Սարգսյանը  Հայաստանի հանրապետությունում վարած քաղաքականության մեջ երբևիցե հակաամերիկյան կողմնորոշում չի ունեցել, ինքը արևմտամետ է եղել, որը երբեք  չի թաքցրել: Այսինքն` որպես արևտմասեր` նա ձեռնտու  է ԱՄՆ-ին, միայն թե  նրա դեսպան նշանակվելուց տուժում է Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականությունը. այնպիսի մարդկանց են դեսպաններ նշանակում, որից մեր արտաքին քաղաքականությունը հայտնվում է  զրոյական մակարդակի վրա: Այս մարդը դիվանագետ չէ. նա  ճանաչվեց Արևմուտքում որպես պարտքով գումարներ վերցնող, իսկ թե ով պիտի դրանք հետ վերադարձնի, ոչ ոք չգիտի և թե ինչքանով են այդ գումարները ծառայել իրենց նպատակին, դա էլ ոչ ոք չգիտի: Պարզապես, նորից եմ կրկնում, Տիգրան Սարգսյանը արևտամետ քաղաքական գործիչ էր, որը ինքը բացարձակապես գաղտնի չէր էլ պահում: Չպետք է մոռանանք, որ մինչև սեպտեմբերի 3-ը արևմտյան մամուլում տպագրվեց, թե ինչու Հայաստանը պետք է ստորագրի  Ասոցացման մասին համաձայնագիրը  Վիլնյուսում և չի կարող  դառնալ Եվրասիական միության անդամ: Սրանք հանրաճանաչ փաստեր են, որից ինքը չի կարող փախչել»:

Մեր այն դիտարկմանն էլ, թե ստացվում է մեր երկրում ով սկանդալի մեջ է հայտնվում, վարկաբեկվում է, հեռացնում են նրան հայրենիքից` դեսպան նշանակելով, ինչպես օրինակ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի դեպքում, որը ոչ պակաս աղմկոտ պատմություն մեջ  էր հայտնվել իր որդու պատճառով, Գագիկ Համբարյանն ասաց. «Յուրի Վարդանյանին դեսպան նշանակելը ես կասեի աբսուրդ է: Վրաստանը շատ մոտ բարեկամական  երկիր է, բայց Վրաստանում մենք պետք է ունենայինք շատ պրոֆեսիոնալ և բանիմաց դեսպան, չպիտի մոռանանք, որ այսօրվա դրությամբ Վրաստանը գտնվում է  բոլորովին այլ դաշտում, բռնել է  եվրոպական ուղի, գտնվում է թուրք –ադրբեջանական տանդեմի գերակշիռ վերահսկողության տակ, և նշանակել Յուրի Վարդանյանին այդ երկրում դեսպան, ես համարում եմ թյուրիմացության գլուխգործոց: Գիտեք ինչ կա նա տաղանդավոր  սպորտսմեն է, բայց զրոյական մակարդակի դեսպան է: Չես հասկանում, թե ինչո՞ւ են մեր իշխանությունները արտաքին քաղաքականություն ձևավորելու փոխարեն նախկին պախարակված քաղաքական գործիչներին այսպիսի  բարձր պաշտոնների  նշանակում. դեսպանը  մեծ, բարձր պաշտոն է, փոխանակ բանիմաց, մի քանի  լեզուներ իմացող, պատմություն, քաղաքագիտություն գիտեցող մարդկանց դեսպան նշանակեն, ում ասես դեսպան են նշանակում: Դրա համար էլ արդյունքը  զրոյական է, դրա համար էլ դեսպանների 90 տոկոսը զբաղվում է  սեփական բիզնեսով, բացեք, նայեք ով ինչով է զբաղվում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Anna says:

    Դեռևս Լենինը գրում էր,որ կադրերն են որոշում ամեն ինչ:Մեր երկրի ապագան անհայտ է այնքանով,որ որևէ տեղում բանիմաց կադր չկա:Կարող եք նայել շրջապատը՝ լավը փոխարինվում է վատով, վատագույնն առաջ է գնում և որտեղ ենք հասնելու մենք բոլորս???????Որևէ ոլորտում արդար ընտրություն չկա,դրա համար էլ մեր երկիրը այս վիճակում է:

  2. Nuran Sinanyan says:

    Ծիծաղելի նույնիսկ Յուրի Վարդանյանին քաղաքական գործիչ կոչելը: Նրան չի կարելի անգամ սպորտային գործիչ կոչել, որովհետև ձախողվեց իր նախկին սպորտային աշխատանքում, որպես նախարար:
    Նրա մասին, առանց որևե կասհածի, կարելի է խոսել որպես անցյալում լեգենդար ծանրորդ մարզիկի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Նախկին լեգենդ՝ լավ է ասված: Հայերիս մոտ նույնիսկ լեգենդներն են նախկին, որովհետեւ իրենց «լեգենդար» ձերով չեն դրսեւորում:

  3. Արտակ says:

    Դարեր առաջ Անգլիայում ասում էին, որ դիվանագետը մեր երկրի ամենաազնիվ քաղաքացին է, որին ուղարկում ենք այլ երկիր խաբելու համար: Իրոք, դիվանագետը դրսում ում է խաբում, ոնց է խաբում , էական չէ. կարևորը անգլիացի դիվանագետը ծառայում է պետական-ազգային շահին, սեփական երկրին և ոչ թե մեր դեսպանների մեծամասնության նման մտածում է անձնական շահի, գրպանի մասին: Եթերում, մամուլում, առավել ևս սոցցանցերում քաղաքական գործիչները, հատկապես երիտասարդ պատգամավորները մեծ-մեծ բրդում են ու փորձում հավատացնել, որ իրենք հասկանում են դիվանագիտությունից, գիտեն միջազգային հարաբերություններ, այն դեպքում, երբ թուրքի կամ ադրբեջանցու հետ հայտնվում են բանավեճի կամ քննարկման մեջ, խփված ճանճի պես հայտնվում են բժժած, այնուհետև սատկած վիճակում:

  4. Garegin says:

    Տիգրան Սարգսյան, Յուրի Վարդանյան, Միշիկ Մինասյան և նմանատիպ այլ պատահականությունների ԱԳՆ-ում հայտնվելն ընդամենը հետևանք է ՀՀ նախագահի տխրահռչակ քաղաքականության: Այս նշանակումներով ՀՀ նախագահը ոչ միայն հայաստանում ապրող հայերիս է վիրավորում, այլև մեր ԱԳՆ-ի ու այսպես կոչված սփյուռքի նախարարության փոխարեն արտերկրներում լրջագույն գործունեություն ծավալող հայ համայնքների ներկայացուցիչներին: Ցավոք նախագահը կամ չի հասկանում կամ պարզապես հաշվի չի առնում այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առջև և նրա կողմից երկրի կառավարման նպատակահարմարության սկզբունքը վաղուց արդեն մեզ անդունդ է գցել: Այնպես որ միակ ելքը հեռացողներին պատասխանատվության կանչելն է և թալանածը ետ վերադարձնելը, ինչպես դա արվում է քաղաքակիրթ աշխարհում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031