Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Տեղին չէ ահաբեկել մարտի մեկով, մենք դրանից վախեցողը չենք» (Տեսանյութ)

Հուլիս 02,2014 19:55

«Իրենք ճիշտ են այն առումով, որ այդքան ձախողումներից հետո, եթե այդպիսի արտահայտություն են անում, ուրեմն իրավունք ունեն: Մեզ տեղն է, եթե չենք կարողացել միասնական լինել և իրենց` գոյություն չունեցող, կեղծված, թույլ, կիսելյովների առջև խոնարհվող իշխանությանը փոխել»,-Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` «Ժառանգություն» կուսակցության համագումարին Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած իշխանափոխության և միասնական հրապարակ ստեղծելու կոչերի վերաբերյալ դիտարկումներին՝ այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության հերթական համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանի` միասնական հրապարակի ստեղծման և իշխանափոխության կոչերին ի պատասխան Վահրամ Բաղդասարյանը մեղմ ասած թերահավատորեն էր արտահայտվել
ու նշել. «Անլուրջ եմ համարում նման հոխորտուն մտքերը, հեղափոխական կոչերը։ Մարտի մեկ են ուզո՞ւմ, ավելի քաղաքակիրթ ձեւեր կան…«Ժառանգություն» կուսակցության անդամները անգամ չեն կողմնորոշվում, համագործակցել իշխանության հետ, թե ոչ»:

Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյանը և իշխանության մյուս ներկայացուցիչները ճիշտ են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իշխանափոխություն չի եղել: Զարգացնելով սեփական սխալներն ընդունելու թեզը պարոն Մարտիրոսյանը նշեց. «Իրենք մեր անգործության, սխալ քայլերի պատճառով դեռ նմանատիպ քայլեր ու արտահայտություններ անելու իրավունք ունեն: Սա ընդունեք որպես պատասխան»:

Մեր հստակեցմանը, այն, որ Վահրամ Բաղդասարյանը հիշեցնում է մարտի 1-ի մասին սա ընդունենք որպես սպառնալի՞ք թե՞ զգուշացում, պարոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Մարտի մեկն արդեն անցած էտապ է: 2008-ը չէ, և իշխանությունն իր ռեսուրսներով ու ամրությամբ այն իշխանությունը չէ. ընդամենը մեկ անգամ հնարավոր է թույլ տալ կրակել, բայց երկրորդ անգամ ոչ ոք թույլ չի տա: Այնպես որ տեղին չէ ահաբեկել մարտի մեկով, մենք դրանից վախեցողը չենք: Մարտի մեկ հիշեցնող իշխանությունն է մարտի մեկ ուզողը, եթե իրենք ուզում են մարտի մեկ, դա ուրիշ խնդիր է: Ընդդիմությունը ոչ լծակներ ունի, ոչ մարդասպաններ, որ կարող են դիմակներով կրակել. դա իշխանության մենաշնորհն է»:

«Ժառանգության» վերաբերյալ դիտարկումներին ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ իրենք պահանջում են ամբողջական արմատական իշխանափոխություն և համակարգային փոփոխություններ:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031