Այսօր` հուլիսի 2-ին, «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, Քեսաբի հարցերով աշխատանքային խմբի անդամ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Քեսաբի հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է, քանի որ Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դիմել էր տարբեր երկրներում գործող հանրային խորհուրդներին, եւ այդպիսով` նրանք ստացել են մի շարք պատասխան նամակներ: Որոնցից պարոն Սաֆրաստյանն առանձնացրեց Ռուսաստանի Հանրային պալատի արձագանքը, որով պալատի անդամներն առաջարկում էին համաժողով կազմակերպել` կապված Սիրիայի կրոնական փոքրամասնությունների խնդիրների հետ.
«Եւ այդ առաջարկին մենք դրականորեն մոտեցանք եւ այդ ժողովին նախապատրաստվելու համար ստեղծվեց մեր աշխատանքային խումբը: Աշխատանքային խմբի առջեւ առաջին խնդիր դրվեց նախապատրաստել Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի մասնակցությունը այդ կարեւոր միջոցառմանը, եւ ներկայացնել սիրիահայերի խնդիրները»:
Նրա խոսքերով` այդ նպատակների իրականացման համար աշխատանքային խումբը սկսեց աշխատանքների շարք կազմակերպել, որի նպատակն էր` հավաքել անհրաժեշտ լրատվություն:
Աշխատանքային խմբի մեկ այլ անդամ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սիրիայի հիմնահարցերին վերաբերող համաժողով, որին մասնակցել են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը, ՀՀ վարչապետը եւ Սիրիայի հիմնական քրիստոենական եկեղեցիների ներկայացուցիչներ: Նրա խոսքերով` այդ համաժողովի ընթացքում լիարժեք ձեւով մատուցվել են թե’ խնդիրը, թե’ նրա լուծման տարբերակները:
Կարդացեք նաև
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ աշխատանքային խումբը հանդիպում է ունեցել նաեւ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի եւ նախարարության Սիրիայի հարցերով պատասխանատուի հետ եւ քննարկել են մի շարք հարցեր: Պարոն Մանասյանը հայտարարեց, որ վստահ է` սիրիահայերի մեծ մասը վերադառնալու է Սիրիա.
«Սիրիահայ գաղութը մեր ամենակայացած գաղութն է եւ չի եղել կրոնական, ազգամիջյան խնդիրներ, եւ կարծում եմ` նրանց գերակշիռ մասը կվերադառնա Սիրիա: Ես ուզում եմ, որ Թուրքիայի մոտ ունենային այդպիսի հզոր գաղութ. Այդ գաղութները մեր հարստություն են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ