«Ընդամենը հայտարարելը, այդ թվում եւ միջազգային կառույցների համար, որ շտապեք, մեր հակառակորդը փորձ արեց մեր վրա հարձակվելու, խախտեց զինադադարը…այդ հայտարարությունները կարող են 1-2 օր ընդամենը գրավել միջազգային կազմակերպություններին: Վերջին հաշվով, Ղարաբաղի կամ ՀՀ սահմանների խնդիրը աշխարհի թիվ 1 խնդիրը չի: Դա անընդհատ մոռացվելու է: Հետեւաբար 1-2-օրյա քաղաքականությունը երբեք չի կարող արդյունավետ լինել: Դա ոչինչ չի տալու»- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգության» անդամ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի վրա լարվածության հետ կապված:
Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ պետք է շատ ավելի համալիր ռազմավարական քայլեր մշակել, որը կզգոնացնի հակառակորդին եւ թույլ չի տա խախտել հրադադարի ռեժիմը. «Արտաքին քաղաքականությունից մինչեւ պաշտոնական համակարգեր եւ դիվանագիտություն՝ լուրջ նպատակադրումների կարիք ունեն: Աննպատակ, ինքնաբուխ, քաոսային կերպով հակազդել հակառակորդին, որը շատ հստակ քաղաքական նպատակներ է դրել եւ այդ նպատակներին ծառայում են նաեւ սահմանային միջադեպերը՝ չի լինի: Պիտի հակազդել քաղաքական միջոցներով, որպեսզի ավելի չթեժացնեն իրավիճակը եւ հակառակորդին պահեն որոշակի շրջանակների մեջ: Հեռու չգնանք, Բաքվում տեղի է ունենում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում է հայկական պատվիրակությունը: Այսօր ընդունվել է Բաքվի հռչակագիրը եւ մենք ունենում ենք ելույթներ, թե ինչ է մտածել Հերոդոտոսը հայերի մասին, Քսենոֆոնը եւ այլն… Եթե այս նույն օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա տեղի են ունենում զինադադարի խախտումներ, դրա մասին չի խոսվում, հռչակագրի մեջ չի մտնում կետեր, որով կպարտադրվեր հարգել միջազգային պարտավորությունները, խիստ ընդգծված, ապա ուզում եք ի՞նչ լինի: Ոչ համարժեք քաղաքականություն ունենք: Ոչ համարժեք է իրողություններին, տարածաշրջանային զարգացումներին եւ որեւէ բարեկամ չստեղծող քաղաքականություն: Ուզում եք, որ նման դեպքեր չկրկնվե՞ն»:
Ամեն անգամ ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություններից հետո հայ ազգաբնակչությունը հետեւում է ՊՆ նախարարի ելույթին եւ փորձում հասկանալ՝ ինչքանով է նա հանգիստ, կա՞ պատերազմի վերսկսելու հավանականություն, լարվա՞ծ է արդյոք իրավիճակը սահմանի վրա, թե՞ ոչ:
Այս առնչությամբ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ես չեմ ասում, թե այսօր պատերազմի վերսկսման հիմք կա: Փառք Աստծո, չկա: ՊՆ նախարարն առավել լավ գիտի, որ դա այս պահին չկա: Բայց եթե մենք շարունակենք նույն ձեւով ներքաշվել Ադրբեջանի խաղի մեջ, կամ այլ երկրների խաղի մեջ, ապա այդ դեպքում այդ գործընթացների կանխարգելումը մեզնից չի լինի կախված: Միայն պաշտպանական ուժերով չի լինի: Կարեւոր է, որ հակառակորդը մտածի, որ սահմանը բաց չէ, որ սահմանին կա ուժեղ բանակ կանգնած, որ իր դիվերսիաները բոլորը կասեցվում են, բայց մենք պետք է հասկանանք, որ քայլեր կան, որոնք կարող են արվել՝ ուղղակի արժեզրկելու համար այն նպատակը, որն ի վերջո դնելու է թշնամին: Դիվանագիտությունը շատ մեծ զինանոց ունի: Այնպես չի, որ հնարավոր չի ոչինչ անել: Այլ բան է, որ դա անել ցանկացողը չկա, դրանով զբաղվողը չկա: Դիլետանտություն է համատարած բոլոր ոլորտներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դիվանագիտությունը շատ մեծ զինանոց ունի, երբ այն գրագետ և հայրենասեր դիվանագետների ձեռքում է և ոչ այն անկարող, ոչ արհեստավարժ, ոչ հայրենասեր մարդկանց ձեռքին, որոնցով լցված է Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությունը: Այսպես կոչված “դեսպան” Յուրի Վարդանյանը, ինչպես նաև շատ ուրիշներ, ձեզ օրինակ:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ում դեսպան նշանակված նախկին վարչապետին, ապա անգլերենի կիսատ պռատ իմացությունը, չխոսելով արդեն նրա ձախողված վարչապետության մասին, չի կարող հիմք հանդիսանալ նրան աշխարհի ամենակարևոր երկրում դեսպան նշանակելու համար: Այժմ, կարելի է միայն հույս ունենալ, որ ԱՄՆ-ը ավելի հոգատար կգտնվի Հայաստանի հանդեպ, քան մեր երկրի ղեկավարությունը, մերժելով այդ նշանակումը: