Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց քաղաքային եւ գյուղական համայնքների ՏԻՄ-ում ընտրված երիտասարդ կանանց հետ: Հանդիպումը կազմակերպել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցում են հանրապետության քաղաքային եւ գյուղական ավագանիների ամենաերիտասարդ անդամները: Նա ներկայացրեց նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներին՝ Քլեր Մեդինային եւ Ալլա Բակունցին:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարեւորեց նրանց մասնակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին: Նա նշեց, որ համայնքային կյանքի կազմակերպումը առաջնային նշանակություն ունի, եւ համայնքի զարգացման հարցում շատ կարեւոր է տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունը:
Տիկին Նաղդալյանը կարեւորեց կիրթ, քաղաքականապես հասուն, հայրենասեր, ակտիվ կանանց դերը պետության հասարակական եւ քաղաքական կյանքում: ԱԺ փոխնախագահը մասնակիցներին մաղթեց հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ եւ անձնական կյանքում՝ կարեւորելով հայ կնոջ, հայ մոր անժխտելի դերը մեր իրականության մեջ:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը պատասխանեց ներկաների հարցերին եւ լսեց գյուղական համայնքներում բնակվող կանանց մտահոգող խնդիրները:
ՀՀ ԱԺ