Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ուսումնական ձեռնարկ ուսանողների եւ դասախոսների համար

Հուլիս 02,2014 17:59

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տնտեսական սոցիոլոգիա» գրքի շնորհանդեսը: Ուսումնական ձեռնարկի հեղինակներն են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, սոց. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը և ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար, սոց. գիտ. թեկնածու Արտաշես Բախշյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, համալսարանականներ և այլ հյուրեր:
Ուսումնական ձեռնարկի հեղինակներին և մասնակիցներին նախ ողջունեց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, այնուհետև ողջույնի խոսք ասած Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը:

«Ուրախալի է, որ այսօր հենց ուսումնական ձեռնարկի շնորհանդես է, քանի որ նմանաբնույթ դասագրքերը մեծ դեր ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման գործում: Շնորհակալ եմ հեղինակներին իրենց նախաձեռնության համար, վստահ եմ, որ այս աշխատությունն օգտակար կլինի ոչ միայն Սոցիոլոգիայի և Տնտեսագիտության, այլև մյուս ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և, ինչու ոչ, նաև դասախոսների համար»,- ասաց Արթուր Մկրտիչյանը:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն էլ հավելեց, որ Մայր բուհում դասագրքերի ստեղծմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, հատկապես հայերենով գրված, ոչ միայն ողջունելի է, այլև գտնվում է բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Այսօր հնարավոր չէ լավ մասնագետներ պատրաստել, եթե չկա միջառարկայական լավ զինանոց: Գիտության ճյուղերը փոխկապակցված են, և այդ կապերն էլ ավելի պետք է զարգացնել: Այո՛, ներկայումս չես կարող լավ տնտեսագետ լինել, եթե չես ուսումնասիրել սոցիոլոգիա, լեզուներ, պատմություն և այլ ոլորտներ»,- նշեց պարոն Սարգսյանը:

Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Արմեն Սահակյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին գրքի շնորհանդեսին մասնակցելու, ջերմ խոսքերի, կարծիքների և նկատառումների համար. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մայր բուհի և Սոցիոլոգիայի ֆակուլտետի ղեկավարությանն աջակցության համար: Հուսով եմ, որ մեր համեստ աշխատանքն իր արժանի տեղը կգտնի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման գործում: Եվ չնայած արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստանում չեմ ապրում ու գործում, այնուամենայնիվ, ուրախ եմ, որ գրքի առաջին շնորհանդեսը հենց հարազատ բուհում է տեղի ունենում, ուրախ եմ, որ գնահատվում եմ իմ հայրենակից գործընկերների կողմից»:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանն էլ հավելեց, որ տնտեսագիտության ոլորտի ժամանակակից մոտեցումները, նոր առաջարկներն ու կանոնների կիրառումը, միտումների վերլուծությունը և համապատասխան եզրահանգումների գալը շատ հաճախ գործնական դաշտում մի շարք դժվարություններ են առաջ բերում:

«Տվյալ գրքի բովանդակության ճիշտ ընկալումը, ինչպես նաև տնտեսագիտության ներկայիս իրավիճակի դժվարությունների համադրությունն ինձ դրդեց մասնակցել գրքի հայերեն թարգմանության աշխատանքներին: Մի շարք դժվարություններ ծառացան մեր առջև, սակայն ուրախ եմ, որ դրանք հաղթահարված են: Արդյունքը, անկասկած, գոհացնող է, ինչի համար շատ ուրախ եմ: Երախտապարտ կլինեմ, եթե քննարկումների արդյունքում ներկայացնեք բոլոր բացթողումներն ու թերությունները, որոնք, կարծում եմ, կշտկվեն գրքի հետագա հրատարակությունների ընթացքում»,- ասաց փոխնախարարը:

Պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ հեղինակների ցանկության դեպքում ուսումնական ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը կարող է տեղադրվել ԵՊՀ վեբկայքում, ինչը թույլ կտա աշխատությունը հասանելի դարձնել ընթերցողների ավելի լայն զանգվածի համար:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031