Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԵԵՄ ներկայացուցչական ժողովի մասնակիցներին

Հուլիս 02,2014 17:52

Հուլիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) ներկայացուցչական ժողովի առիթով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից Մայր Աթոռ ժամանած երիտասարդական միությունների շուրջ վաթսուն ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հանդիպումն սկսվեց ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսի խոսքով, ով ներկայացրեց առաջիկա օրերին կայանալիք Հայ Եկեղեցու թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողովի օրակարգը: Եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն 2015 թ. Մայր Աթոռում գումարվելիք ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովի նախապատրաստմանը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և միջթեմական երիտասարդական համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր: Սրբազանը վստահություն հայտնեց, որ ժողովը կնպաստի տարբեր թեմերի երիտասարդական կառույցների միջև կապերի առավել արդյունավորմանը և կզորացնի սերը և հավատարմության ոգին հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու Ամենայն Հայոց Հայրապետը:

Այնուհետև թեմերի երիտասարդ ներկայացուցիչներին իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ընդգծեց, որ երիտասարդների ներկայությունը եկեղեցական կյանքում առանձնակի ոգևորություն ու խանդավառություն է պարգևում` լավատեսություն ներշնչելով, որ Հայոց Եկեղեցին ապահով ձեռքերում է: Նորին Սրբությունը գոհունակությամբ փաստեց, որ աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ հայորդիները նախանձախնդիր ոգով ու նվիրումով, հավատարիմ իրենց հայրերի հավատքին ու սիրուն, գալիս են շարունակելու Հայ Եկեղեցու սրբազան առաքելությունը: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին` երիտասարդությանը դեպի Մայր Եկեղեցի առաջնորդելու և նրա կապը Եկեղեցու հետ ամուր պահելու համար:

Անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու և հայ հավատացյալի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց որոշ կրոնական կազմակերպությունների և շարժումների քայքայիչ գործունեության, ինչպես նաև Հայ Եկեղեցու հեղինակությունը վարկաբեկող հակաեկեղեցական ուղղորդված քարոզչության առիթով: Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց երիտասարդական խորհուրդների և միությունների գործունեությունը` միտված ազգային-եկեղեցական կյանքում նման անցանկալի երևույթների կանխարգելմանը և հոգևոր-ազգային արժեքների զորացմանն ու քարոզչությանը:

Խոսելով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀԵԵՄ ծրագրերի մասին` Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին իրենց երկրներում և համայնքներում ամենքին հաղորդ դարձնել Հայոց Ցեղասպանության իրողությանը` այդպիսով իրենց ներդրումը բերելով հայ ժողովրդի 20-րդ դարի մեծագույն ողբերգության համընդհանուր ճանաչման գործընթացին:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը թելադրեց երիտասարդներին ավելի մեծ հանձնառությամբ գործել ի նպաստ ազգային-եկեղեցական շահերի պաշտպանության:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին ՀԵԵՄ առաքելության զորացմանն ուղղված ծրագրերին և հետագա անելիքներին:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031