Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեժ գիծը մեզ զգոն է պահում». Գայանե Սողոմոնյան

Հուլիս 02,2014 17:29

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 84 դպրոցներում 462 սիրիահայ աշակերտ է սովորում: Եթե նախկինում միայն Նար-Դոսի անվան դպրոցում բացված վարժարանում էին սիրիահայ երեխաներն իրենց ուսումը ստանում, ապա այսօր նրանք հնարավորություն ունեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցում սովորելու:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և անդրադառնալով սիրիահայ երեխաների նախադպրոցական կրթությանը՝ տեղեկացրեց, որ ներկայումս 112 երեխաներ անվճար հիմունքներով սովորում են քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում:

Գ. Սողոմոնյանը նաև վստահեցրեց, որ քաղաքապետարանի աշխատանքային գործունեության մեջ առանձնակի կարևոր տեղ ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և դաստիարակության հարցերը. «Քաղաքապետարանի ենթակայության 44 դպրոցներ իրականացնում են ներառական կրթություն: Այդ դպրոցներում սովորում է 1180 աշակերտ, և աշխատում է շուրջ 205 ուսուցիչ՝ սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ»,- ասաց Գ. Սողոմոնյանը և նշեց, որ թեքահարթակներով ապահովված են բոլոր այն դպրոցները, որոնց տեխնիկական կամ ճարտարապետական հնարավորությունները դա թույլ են տվել. «Այս առումով մենք խնդիր ունենք ընդամենը 8 դպրոցում,- ասում է Գ. Սողոմոնյանը,- բայց որոշակի քայլեր արդեն ձեռնարկվում են այդ ուղղությամբ, և առաջիկայում այդ դպրոցներն էլ կապահովվեն թեքահարթակներով»:

Գ. Սողոմոնյանի խոսքով՝ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են նաև մայրաքաղաքում ներառական կրթություն իրականացնող վեց մանկապարտեզները, և կարևորվում է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը, կրթությունն ու խնամքը կազմակերպելու գործընթացը:
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն անդրադարձավ նաև առաջնահերթ նշանակություն ունեցող մի խնդրի ևս, այն է` մանկապարտեզների վերանորոգումը: Նրա խոսքով՝ նախորդ տարվանից այստեղ ֆինանսական լուրջ ներդրումներ են արվում. «Անցյալ տարի մոտ 28 մանկապարտեզներ վերանորոգվեցին, այս տարի ևս շարունակվում են այդ աշխատանքները,- ասաց Գ. Սողոմոնյանը և հավելեց,- «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրի շրջանակներում գտնվեցին բարերարներ, որոնք սիրով աջակցեցին քաղաքապետարանին, և ունենք մանկապարտեզներ, որոնք վերանորոգվել են բարերարների աջակցությամբ»:

Գ. Սողոմոնյանը կրթության արդյունավետ կազմակերպման առումով կարևորեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը դպրոց և նշեց, որ քաղաքապետարանի ու Ucom ընկերության համագործակցության արդյունքում 15 դպրոցներում բացվել են նոր համակարգչային սենյակներ:

Անդրադառնալով առարկայական օլիմպիադաներին՝ Գ. Սողոմոնյանն ասաց, որ դրանք այս տարի առավել արդյունավետ են անցկացվել, որն ինչ-որ տեղ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ է: Իսկ առարկայական օլիմպիադաներին այս տարի մասնակցել է շուրջ 5040 աշակերտ, որոնցից մրցանակներ ու դիպլոմներ է ստացել մոտ 250-ը:
Քանի որ ամառային հանգստի շրջանն արդեն սկսվել է, բանախոսն անդրադարձավ նաև երեխաների հանգստի կազմակերպման հարցերին. «Արդեն ավանդույթ է դարձել, որ մենք սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ուղարկում ենք Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներ,- ասում է Գ. Սողոմոնյանը,- նախորդ տարվա համեմատությամբ այս տարի երեխաների թիվն ավելացել է հարյուրով: Իսկ այն երեխաները, որոնք հնարավորություն չեն ունեցել ընդգրկվելու այս ճամբարներ, նրանց համար վարչական շրջաններում ստեղծվել են բակային ճամբարներ, որոնք կգործեն ողջ ամառվա ընթացքում»:

Եվ վերջում Գ. Սողոմոնյանն անդրադարձավ նաև թեժ գծին: Նրա փոխանցմամբ՝ թեժ գծի զանգերը նախորդ տարվա համեմատությամբ պակասել են այս տարի. «Դա կապված է ակտիվ արձագանքի և շատ խնդիրների լուծման հետ,- համոզված է Գ. Սողոմոնյանը,- բայց, այնուհանդերձ, թեժ գծի զանգերի արդյունքում՝ մանկապարտեզների և դպրոցների որոշ տնօրեններ, փոխտնօրեններ ու ուսուցիչներ են նախազգուշացվել կամ հեռացվել: Թեժ գիծը մեզ արթուն ու զգոն է պահում, և արդեն երկրորդ տարին է, որ շատ արդյունավետ կերպով աշխատում է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Առաջինը դու պիտի հեռացվես, և այդ օրը հեռու չէ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031