Թբիլիսի քաղաքի բնակիչ,1976թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Կոնստանտին էրիստավիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վրաստանի տարածքում սպանության փորձ կատարելու համար 2013թ. հունվարի 22-ից գտնվելով միջազգային հետախուզման մեջ , 2013թ. հուլիսի վերջերին, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, ապօրինի կերպով՝ չթույլատրված վայրում հատել է ՀՀ պետական սահմանը, ինչ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով(«Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը»): Էրիստավիին սպառնում է 100-200 հազար դրամ տուգանք կամ առավելագույնը 3 տարի ազատազրկում: Նա կալանավորված է :
«Դատալեքս» կայքից տեղեկանում ենք, որ Երեւանում մեկնարկած դատաքննության ժամանակ ամբաստանյալի պաշտպան Կ. Մանուչարյանը հայտարարել է, որ քրեական գործի ընդդատությունը որոշելիս թույլ է տրվել սխալ, քանի որ ամբաստանյալը ՀՀ պետական սահմանը հատել է Սադախլո բնակավայրի հատվածում, այսինքն՝ հանցագործությունը կատարվել է ՀՀ Տավուշի մարզում, ուստի Կ. Էրիստավիի վերաբերյալ քրեական գործն ընդդատյա չէ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին: Պաշտպանը միջնորդել է քրեական գործն ուղարկել ըստ ընդդդատության: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կմեկնարկի հուլիսի 7-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ