Լրահոս
Օրվա լրահոսը

Կապույտ հազի, դիֆտերիայի ու փայտացման դեմ պատվաստանյութն ուշանում է

Հուլիս 02,2014 16:28

Կապույտ հազի, դիֆտերիայի ու փայտացման դեմ պատվաստվելու համար պոլիկլինիկա այցելած ծնողներն այս օրերին երեխաները գրկներին հետ են դառնում առանց պատվաստվելու: Բուժաշխատողները հայտնում են` պատվաստանյութ չկա: Ծնողների այն մտահոգություններին ի պատասխան, թե պատվաստանյութերի օրացույցով երեխայի պատվաստման ժամանակն է, պոլիկլինիկաների աշխատակիցները նկատում են` մեկ ամիս է պատվաստանյութը չկա, չգիտենք էլ երբ կլինի:

Պատվաստանյութի բացակայությունն ու պոլիկլինիկաների բուժաշխատողների խորհրդավոր պատասխանները ծնողների շրջանում խուճապ են առաջացրել:
Aravot.am-ի հետ զրույցում ծնողներից մեկն ասաց. «Այդ պատվաստանյութը երեխայի առողջության համար շատ կարեւոր է եւ, եթե այն նախատեսված է կատարել այդ տարիքում, ուրեմն պետք է անեն, բայց, փաստորեն, հայտնի չէ, թե երբ կլինի, ինչը նշանակում է վտանգում ենք մեր երեխաների առողջությունը: Սովորաբար, ամեն պատվաստման ժամանակ, եթե մի օր ուշացնում ենք, պոլիկլինիկայից զանգում են, զգուշացնում են»:

Պատվաստումների օրացույցում այս պատվաստանյութը ներկայացված է որպես ԱԿԴՓ-4 եւ նշված է, որ այն երեխային կատարվում է 18 ամսականում, այսինքն` մեկուկես տարեկանում:

«Ընդամենը մի քանի օրվա խնդիր է, 2-3 օրից կլինի»,-Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ պոլիկլինիկաներում չկա ԱԿԴՓ-4 պատվաստանյութը, պատասխանեցին առողջապահության նախարարությունից: Պատվաստանյութը ճանապարհին է եւ ստանալուն պես, ինչպես վստահեցրին նախարարությունից, բոլոր պոլիկլինիկաներում կկազմակերպվեն, որպեսզի զանգահարեն եւ ծնողներին տեղեկացնեն, որ պատվաստանյութն արդեն կա:

«Խուճապի կարիք չկա»,-ծնողներին հանգստացնում են առողջապահության նախարարությունից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031