Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ». «Մենք մինչեւ վերջ գնալու ենք»

Հուլիս 02,2014 16:24

«Շատերը մինչեւ այսօր դեռ տակավին չգիտեն, թե մենք ո՞ւր ենք հասել եւ որտե՞ղ ենք գտնվում, եւ արտերկրում ապրող հայերի անտարբերությունն ավելի շատ է»,- այսօր՝ հուլիսի 2-ին, «Նախախորհրդարանի» գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայկական վերածնունդ» շարժման Լիբանանի մասնաճյուղի անդամ Թորոս Սեֆիլյանը:

Նա նշեց, որ իրենք, չհանդուրժելով երկրում տեղի ունեցող իրավիճակը, 2012 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ժողով են կազմակերպել եւ այդպես էլ ծնունդ է առել «Հայկական վերածնունդ» շարժումը, որն այսօր 10 երկրներում իր մասնաճյուղերն ունի : Պարոն Սեֆիլյանի խոսքերով` շարժման անդամները ֆիզիկապես ներկա կլինեն Հայաստանում եւ այդպես կփորձեն լուծել մի շարք խնդիրներ.
«Վերածնունդը» քաղաքական շարժում է, որն այդպես էլ մնալու է: «Վերածնունդը», հետեւելով բավականին շատ խնդիրների, արդեն ասել է, որ համագործակցելու է ցանկացած առողջ մարմինների հետ: Մենք, երբ ասում ենք ցանկացած առողջ մարմիններ, մենք նույնիսկ որոշել ենք, որ կուսակցությունների հետ գործ չունենք, ոչ էլ այդ կուսակցությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ մեր վրա»:

Նա հայտարարեց, որ իրենց անվստահությունը պայմանավորված է նրանով, որ այդ կուսակցությունները, եթե կարգին ձեռագիր ունենային, Հայաստանի Երրորդ Հանրապետության 20 տարիների ընթացքում մի շարք խնդիրների լուծումները կունենային եւ իրենց փորձը կփոխանցեին համեմատաբար նոր շարժմանը, իսկ երկիրն էլ ավելի լավ վիճակի մեջ կգտնվեր: Սակայն, ըստ Թորոս Սեֆիլյանի` այդ ամենը չկատարվեց.
«Մեր նմանները այլեւս սպասողը չեն, մենք աշխատելու ենք, ինչպես որ մեր գիտակցությունն է մեզ դեպի առաջ մղելու: Մենք բավականին երկար ժամանակ հետեւում էինք իրավիճակին եւ տեսանք, որ Հայաստանի ներսում գտել ենք 1 քաղաքացիական նախաձեռնություն, որն է «Սարդարապատ» շարժումը: «Սարդարապատից» էլ ծնավ «Նախախորհրդարան» կառույցը»:

Պարոն Սեֆիլյանը նշեց, որ իրենք երկար ժամանակ հետեւում էին «Նախախորհրդարանի» գործունեությանը, նրա ծրագրերին եւ նոր որոշել են համագործակցել: Բայց շարժումը գիտակցում է, որ 100 տոկոսանոց կառույց չկա եւ նույնիսկ «Նախախորհրդարանը» կարող է թերանալ, եւ արդեն մեկ տարի է, ինչ համագործակցում են.
«Մենք մինչեւ վերջ գնալու ենք, անշուշտ, կլինեն անհամաձայնություններ, բայց մենք մի այնպիսի խումբ ենք, որ գավաթը միշտ լեցուն ենք տեսնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031