Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» փառատոնի պարախմբերի ղեկավարներին

Հուլիս 02,2014 16:16

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակից 36 պարախմբերի և պատվիրակությունների ղեկավարներին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Կարծում եմ՝ երեկ միասին հաղթանակ տարանք, քանի որ մեզ հաջողվեց մեկտեղել մեր ազգի շատ բեկորներ, մեկտեղել մեր ուժը, համախմբվել հայկականության գաղափարի շուրջ: Իմ շնորհակալությունն ու խոնարհումը ձեզ, որ կարողացել եք օտար ափերում հայապահպանությանն ուղղված այսպիսի վեհ գործ անել, քանի որ պարապմունքի այդ մի քանի ժամվա ընթացքում միայն ազգային պարը չէ, որ սովորեցնում եք աշխարհասփյուռ մեր զավակներին, այլ առաջին հերթին փոխանցում եք հայոց լեզուն, հայերեն խոսքը և ազգային ոգին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ծնողներին, որովհետև միայն ընտանիքում հայկականության, ազգային արժեքների նկատմամբ ջերմության ու նվիրվածության շնորհիվ է հնարավոր զավակների մոտ սեր առաջացնել դեպի ազգային արժեքները»:

Հանդիպման ընթացքում, մեկը-մեկին հաջորդելով, երախտագիտության ու նվիրումի խոսքեր հնչեցրին գրեթե բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները, նրանք միաբերան ընդգծեցին, որ առաջին փառատոնի համեմատ այս տարի արդեն առաջընթաց է գրանցվել: Ներկաների խոսքերով՝ ազգային համախմբվածության այս յուրօրինակ փառատոնն աշխարհի տարբեր ծայրերի հայկական համայնքների ու Հայրենիքի միջև վերացնում է տարածական հեռավորությունը. փառատոնից-փառատոն պարային խմբերն ապրում են մի մտքով՝ լավագույնս պատրաստվել «Իմ Հայաստան» փառատոնին: Պարախմբերի պատվիրակությունների ներկայացուցիչները բարձր գնահատելով նախարար Հրանուշ Հակոբյանի գործունեությունը՝ ՀՀ սփյուռքի նախարարին պարգևատրեցին իրենց համայնքների և պատվո հյուպատոսների պատվոգրերով և շնորհակալագրերով:

Փառատոնի «Պարարվեստի օրեր» ծրագրին մասնակցելու համար աշխարհի 12 երկրներից հայրենիք են ժամանել 36 պարախմբեր՝ ՌԴ-ից, Վրաստանից Ուկրաինայից, Լիբանանից, Քուվեյթից, Ավստրալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև Հայաստանի և Արցախի պարախմբեր:

Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, 2012 թվականից՝ երկու տարին մեկ, իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Այս տարի փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ նախորդ օրը՝ հուլիսի 1-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրենց ներկայությամբ հանդիսությունը պատվել էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք, հասարակական գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գլխավոր հովանավորն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը, փառատոնի հովանավորն է «Տաշիր գրուպ» ընկերությունը, փառատոնին տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում «Հայաստանի հանրային», «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները և Հայաստանի հանրային ռադիոն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031