Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանի համար արեւմտյան արժեքները օֆշորներում գործունեություն ծավալելն է»

Հուլիս 02,2014 15:10

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը պնդում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելը ճիշտ որոշում էր:
«Նա վարչապետ է եղել, եվրոպական արժեքները լավ գիտի, արդեն փորձված է քաղաքականության մեջ, ինչու չէ Ամերիկայի հետ դիվանագիտական հարաբերություններում կարեւոր են նաեւ տնտեսագիտական գիտելիքները: Նրա նշանակումը ճիշտ էր, որովհետեւ նա ինտելեկտուալ է եւ պատրաստ է այդ աշխատանքին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Ալեքսանյանը:

Անդրադառնալով Վրաստանում Հայաստանի դեսպանի՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի նշանակմանը՝ ասաց, որ այս նշանակման դեպքում կդժվարանա ասել, թե ինչ հատկանիշներ են հաշվի առել. «Մի քիչ այլ հատկանիշներ կան, կդժվարանամ ասել մեկ առ մեկ, երեւի հեղինակությունը, անցած ուղին»:

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ էլ, Արեւմտյան արժեքներին հաղորդակից դառնալու հանգամանքը Հայաստանում յուրովի է ընկալվում՝ օրինակ, որպես օֆշորներում գործունեություն ծավալելը:

«Արեւմտյան արժեքներ կրողի համբավ ունենալը մի բան է, իրականում այդ արժեքներին հաղորդակից լինելը, սեփական քաղաքականության մեջ այդ արժեքներով առաջնորդվելը՝ մեկ այլ բան: Տիգրան Սարգսյանը, երբ 2012-ին ընդունում էր կառավարության որոշում, որ չորս սեփականատերերի սեփականությունը , այդ թվում նաեւ իմը՝ քաղաքագետների միության շենքը սեփականաշնորհել ու տալ նոր սեփականատիրոջն ու նրան տալ հնարավորություն մեզ շանտաժի ենթարկել ու ստիպել տարածքից հեռանալ, չի վկայում, որ նա արեւմտյան արժեքների կրողն է»:

Քաղաքագետի խոսքով, Հայաստանում ընդունված է դեսպաններ նշանակել բիզնեսմենների, սպորտսմենների.«Ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետների: Չեմ կարծում, որ Յուրի Վարդանյանը ավելի վատ թեկնածու է, քան Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում: Նույն կարգի երեւույթներ են, մարդիկ, որոնք մասնագիտացված չեն միջազգային հարաբերություններում եւ նշանակվում են դեսպաններ: Դեսպանատները դարձել են սինեկուրներ, որտեղ նշանակվում են ավելի արդյունավետ բիզնես անելու, իրենց բիզնես նախագծերն առաջ տանելու համար: Դեռ պետք է ուրախ լինենք, որ Յուրի Վարդանյանը գոնե բիզնեսմեն չէ, սպորտսմեն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031