Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենսաբանական լճակներն ավելի լավ կապահովեն գյուղական համայնքներում կեղտաջրերի մաքրման խնդիրը

Հուլիս 02,2014 12:59

Այսօր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում «Կեղտաջրերի բնական մաքրման համակարգեր խրախուսող սեւծովյան ցանց» WASTEnet սեմինարի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը ներկայացրեց, որ WASTEnet ծրագիրը նպատակ ունի Սեւծովյան տարածաշրջանի մասնակից մի շարք երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում զարգացնել եւ ներդնել կեղտաջրերի մաքրման բնական համակարգեր: Պրն Ամիրխանյանը տեղեկացրեց, որ բնական մաքրման համակարգ ասելով նկատի ունի կենսաբանական լճակները, որոնք ավելի լավ կապահովեն երկրի գյուղական համայնքներում կեղտաջրերի մաքրումը: «Բնական մաքրման այս միջոցները ավելի լավ են լուծում կեղտաջրերի մաքրման խնդիրը, քան բազմաթիվ թանկարժեք միջոցներ»:

Ասուլիսի ընթացքում «Ջինջ» ինժեներախորհրդատվական ընկերության տնօրեն էդուարդ Մեսրոպյանն ավելի մանրամասն ներկայացրեց կեղտաջրերի բնական մաքրման համակարգերի նպատակը. «Բնական համակարգերը եւ կենսաբանական լճակները մարդու կողմից կառուցվող համակարգեր են: Կեղտաջրերի մաքրման գործընթացում լճակներում տեղի են ունենում ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական մի շարք գործընթացներ: Դրանց մեջ գտվող ափամերձ բույսերը նպաստում են, որպեսզի ավելի հեշտությամբ հեռացվեն օրգանական նյութերը, ծանր մետաղները եւ այլ թունավոր նյութեր»: Պրն Մեսրոպյանի խոսքերով՝ կենսաբանական լճակները կարող են օգտագործվել համայնքների եւ արտադրական կեղտաջրերի, քաղաքային անձրեւաջրերի, գյուղատնտեսական անձրեւաջրերի, անասունների արտաթորանքի եւ այլ աղտոտիչների մաքրման նպատակով:

Էդուարդ Մեսրոպյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ջրահեռացման համակարգերը Խորհրդային միության տարիների փլուզումից հետո վերականգման կարիք ունեն, իսկ դրանց վերականգնումը բավականին թանկ է: Պրն Մեսրոպյանը նշեց, որ աստիճանաբար կառավարությունը վերականգնում է մաքրման կայանները. «Ավանդական տեխնոլոգիաներով նախագծված կայաններից երեքը գտնվում են Սեւանա լճի ավազանին ՝ Գավառ, Վարդենիս եւ Մարտունի քաղաքներում, Դիլիջանում եւ Ջերմուկում երկու մաքրման կայան գտնվում են շինարարության գործընթացում»:
Պրն Մեսրոպյանի խոսքերով՝ այս կայանները իրենց բարձր արժեքի պատճառով ոչ բոլոր համայնքների համար են հասանելի, այդ իսկ պատճառով Հայաստանում 2010 թվականին որոշում եղավ ավելի էժան, այլընտրանքային ՝ բնական մաքրման համակարգերի ներդրման առաջին քայլը անել եւ կառուցել այն Արմավիրի մարզի Փարաքար գյուղում»: Արդյունքը գոհացնող էր եւ ապացուցեցինք, որ Հայաստանում նույնպես կարելի է կիրառել այլընտրանքային կեղտաջրերի մաքրման համակարգեր»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության հարցերի պատասխանատու Ջոն Բարքերի
խոսքերով էլ ծրագիրը հիմնականում ունի բնապահպանական նպատակ. «Կեղտաջրերի մաքրման գործընթացը արդիական խնդիր է, ոչ միայն Հայաստանում, այլեւ ԵՄ անդամ երկրներում, եւ այս խնդիրը լուծելու համար բնապահպանության ոլորտը կարգավորող օրենսդրությունում խստացումներ պետք է լինեն»:

Հայաստանում WASTEnet-ը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031