Հատված գրող-հրապարակախոս ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ հետ հարցազրույցից:
– Ի՞նչ անուն տալ այն հոգեվիճակին, երբ շատերը տառապում են արտագաղթելու վարակիչ ցանկությամբ: Որքան էլ երկրում կան դժվարություններ, բայց լուծումը «գնանք՝ պրծնե՞նքն» է: Սա բնիկ ժողովրդին հարիր մտայնությո՞ւն է:
-Քիչ առաջ կարդում էի 18 դարից պահպանված մի նամակ, ջուղայեցի մոր ու որդու նամակ է: Եթե ժամանակագրությանը չնայես, կմտածես՝ մեր օրերում է գրվել: Ասվում է, թե ճնշումները շատացել են Պարսկաստանում, թույլ չեն տալիս, որ մարդիկ նորմալ աշխատեն, որ բիզնեսը զարգանա, ու կամաց-կամաց մարդիկ հեռանում են երկրից: Եվ երբ ջուղայեցի մայրն իր Հնդկաստանում հաստատված որդուն նամակով խնդրում է տուն վերադառնալ, որդին պատասխանում է՝ գամ ի՞նչ անեմ, աշխատանք չկա, ո՞նց ապրենք:
Այսինքն՝ 300 տարի առաջ ու այսօր դարձյալ իրավիճակը նույնն է: Բայց սա չի նշանակում, որ հայը քոչվորի հոգեբանություն ունի, ոչ, հայը քոչվոր չի կարող լինել, քոչվորը թուրքն է, որ եկավ, այստեղ հաստատվեց ու մեր հողերի վրա պետություն ստեղծեց: Իսկ մենք 20 տարի է՝ չենք կարողանում պետություն ստեղծել:
Ի՞նչն է պատճառը: Երբեւէ մտածե՞լ ենք, որ մենք մեր ավանդույթները պահելու խնդիր ունենք, ու քանի դեռ չենք պահել՝ պետություն ստեղծել չենք կարող:
Մյուս կողմից՝ գնացեք ու տեսեք, թե ի՞նչ վիճակում են մեր սահմանամերձ գյուղերը, վատ, շատ վատ, բայց չէ՞ որ գյուղն է պետության ողնաշարը: Իսկ լրագրողներդ մեր գյուղերի մասին հոդվածներ գրո՞ւմ եք՝ ոչ:
Բյուզանդական կայսրության շրջանում, դեռ Մորիկ կայսեր ժամանակներից սկսած, կայսրության ամբողջ սահմաններին հայկական ավաններ էին կառուցվում, սահմանամերձ շեներն ամրացվում էին հայերով: Կայսրն այդ մասին գրել է իր հրովարտակում, որ միակ ժողովուրդը, որին կարելի է վստահել կայսրության սահմանները, հայերն են, որովհետեւ ամենալավ զինվորականները հայերն են: Սա փաստ է: Պատմությունը կարդում ես ու համոզվում՝ տարբեր ազգեր մեր գինն իմացել են՝ բացի մեզանից: Իսկ երբ դու չես գիտակցում, թե ով ես, ամեն ինչ գլխիվայր է շրջվում:
-Ի՞նչ կասեք առկա «քաղաքական ջրբաժանի»՝ արեւմտամետության ու ռուսամետության մասին, երբ կարեւորագույն հարցերը դիտարկվում են միայն այս հակադրության տիրույթում, վտանգավոր չէ՞, սա նաեւ չի՞ խանգարում գտնել մեզ համար շահավետ հարցերի պատասխանները:
-Արեւմտամետություն ու ռուսամետություն ասվածն էլ նորություն չէ, մի 300 տարվա պատմություն էլ սա ունի: Հիշո՞ւմ եք Իսրայել Օրուն: Կամ գնում հասնում էինք Ռուսաստան, կամ Եվրոպայի դռները ծեծում ու խնդրում որպես քրիստոնյա ժողովուրդ մեզ օգնել: Այնպես որ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ ընտրության պայքարը միշտ էլ եղել է:
Ի դեպ, այդ պայքարը եղել է ու հիմա էլ կա նույն Ռուսաստանում: Իսկ այդ պայքարը բնականոն ճանապարհով մեզ բերեց ու հասցրեց ռուսական կողմնորոշման: Եվ հայերս միշտ ասել ենք՝ ընտրեցինք չարիքի փոքրագույնը, մերժելով մեծ չարիքը՝ Արեւմուտքը: Մենք պարտադրված ենք նաեւ նման ընտրության: Երբ դու քեզ առողջ ես զգում, ուրեմն առողջ ընտրություն կկատարես: Հիվանդ մարդը միշտ դեղահաբի կարիք ունի ու երբեմն դիմում է ժամանակավոր հանգստացնող միջոցների: Մենք նման հոգեբանությամբ չպետք է առաջնորդվենք ու ժամանակավոր դեղահաբեր ընդունենք, դա մեզ համար վնասակար կլինի:
Շատ կուզենամ, որ որպես հազարամյա մշակույթ ունեցող, աշխարհին այդչափ բարություն տված ժողովուրդ մեզ ուշադրություն դարձնեն, եւ ոչ թե դառնանք քաղաքակիրթ աշխարհի պոչը, այլ միջուկը: Ժողովրդական մի խոսք կա՝ «Ավելի լավ է մկան գլուխ լինել, քան առյուծի պոչ»: Եվ հիմա մեզ ուզում են պոչ դարձնել՝ Արեւմուտքի կամ Արեւելքի: Սա է իրողությունը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում