Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարի պահածոների գործարանը հուսախաբ արեց պտղաբույծներին

Հուլիս 02,2014 12:24

Հունիսի 19-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանին : Ի թիվս այլ հարցերի քննարկվել է Այրումում պահածոների նոր գործարանի կահավորման եւ գազատարի անցկացման աշխատանքների ընթացքը:

Այրումում այս տարվա սեպտեմբերին կգործարկվի պահածոների նոր գործարան: Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանից տեղեկացանք, որ գործարանի ստեղծմանն աջակցում է ՕՔՍՖԱՄ-ը , ֆրանսիական մի կազմակերպություն: Դրանք աջակցում են ֆինանսապես, նյութերով, նաեւ օգնում են գործարանի շենքի գազաֆիկացման հարցում: Պահածոների նոր գործարանը ընդունելու է Դեբեդի հովտում աճեցված դեղձը, այլ պտուղներ, նաեւ` տարբեր հատապտուղներ:

Գ. Եգանյանը հայտնեց, որ գործարանում կաշխատի 30-45 հոգի: Գիգոլ Եգանյանն ասաց, որ գործարանը պատկանելու է գյուղատնտեսական կոոպերատիվին, որի անդամ են այգիներ ունեցող այրումցիները: Կոոպերատիվի նախագահն է Այրումի նախկին քաղաքապետ Ռուսլան Անտոնյանը:

Այրում քաղաքն ունի ընդամենը 2400 բնակիչ: Այրումը որպես բանվորական ավան հիմնվել է 1937 թ., տեղի պահածոների գործարանի կառուցման հետ միաժամանակ: Գործարանը խորհրդային տարիներին արդյունաբերական հսկա էր, տարեկան արտադրում էր 60 միլիոն պայմանական տուփ պահածո: Գործարանի սեփականաշնորհումից հետո այն շատ քիչ արտադրողականությամբ էր գործում: 2012 եւ 2013 թվականներին գործարանը քիչ քանակությամբ է դեղձ ընդունել, այն էլ`ցածր գնով, երբեմն ուշացնելով ընդունված բերքի դիմաց վճարումները:

2008 թվականից Այրումի պահածոների գործարանի սեփականատերը «Արտֆուդ» ընկերությունն է: Այդ ընկերության հիմնական սեփականատերերից է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 2008թ. Սերժ Սարգսյանի ներկայությամբ Այրումի պահածոների գործարանում գործարկվեց խյուսի հոսքագիծ: Ս. Կարապետյանը Սերժ Սարգսյանին հավաստիացնում էր, որ մեծ քանակությամբ դեղձ կընդունեն, տեղում կվերամշակեն:

2012թ. ապրիլի 21-ին, խորհրդարանական ընտրություններից առաջ, նախընտրական այցով Այրումում էր Սերժ Սարգսյանը : Այրումցիները երկրի նախագահին խնդրում էին միջոցներ ձեռնարկել Այրումի պահածոների գործարանը աշխատեցնելու, այդ կերպ այրումցիների զբաղվածության խնդիրը ինչ-որ չափով լուծելու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031