Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից որոշ տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններ աջակցություն են ստացել նոր մեքենաներ ձեռքբերելու համար

Հուլիս 02,2014 10:54

Հուլիսի 1-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի հետ:

Վարչապետը նշել է, որ օրեր առաջ հանրապետության նախագահի հետ ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ շոշափվել են բնագավառում առկա որոշ խնդիրներ, և հանձնարարական է եղել շահագրգիռ մարմինների մասնակցությամբ քննարկումներ իրականացնել: Անդրադառնալով կառավարության կողմից վերջին տարիներին կատարված բարեփոխումներին` Ա. Հարությունյանը ընդգծել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ոլորտն ազատականացնելու համար: Բացի վարչարարության պարզեցումից, վարչապետի խոսքով, Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից որոշ ընկերություններ աջակցություն են ստացել նոր մեքենաներ ձեռքբերելու համար: Ոլորտի բարեփոխմանը միտված այս ձեռնարկումներն ուղղված են տաքսի ծառայությունների որակյալ աշխատանքի ապահովմանը, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացումը:

Հանդիպմանը ներկա ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը իր հերթին նշել է, որ ընթացիկ տարում ավելացել է տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը, և ներկայումս հանրապետության տարածքում լիցենզավորված են ավելի քան 300 տաքսի մեքենաներ:

Վարչապետը ներկաներին առաջարկել է բաց և համարձակ քննարկում անցկացնել՝ բարձրաձայնելով ոլորտում առկա հիմնախնդիրների մասին: Ողջունելով կառավարության ղեկավարի` իրենց ընդունելու նախաձեռնությունը, տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջնահերթ խնդիրներից առանձնացրել են զգալի թվով չլիցենզավորված տաքսիների առկայությունը, ինչը խանգարում է օրինական դաշտում գործող ընկերություններին ու անհատ ձեռնարկատերերին: Մատնանշվել են արտասահման մեկնելու ժամանակ դեղին համարանիշներով երթևեկելու հետ կապված դժվարությունները, գազի սակագնի, հաշմանդամներին տաքսի ծառայություններ մատուցելու իրավունքի տրամադրման, ճանապարհների անբարեկարգ վիճակի, ինչպես նաև հարկերի` բարձր լինելու հետ կապված հարցեր:

Անդրադառնալով վերոնշյալ խնդիրներին՝ վարչապետը, նախ, պատասխանատու կառույցներին հրահանգել է խստացնել վերահսկողությունը, որպեսզի չլիցենզավորված մեքենաներով տաքսի ծառայություններ չմատուցվեն: Ա. Հարությունյանի հանձնարարությամբ` կվերանայվեն դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու ժամկետները: Վարչապետն անհամաձայնություն է հայտնել հարկերի բարձր լինելու վերաբերյալ դիտարկմանը, նշելով, որ ՀՀ-ի համեմատ ոլորտի հարկերը անհամեմատ ցածր են: Նա հավելել է, որ ներկաների կողմից մատնանշված` անբարեկարգ ճանապարհների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ մեծ գումարները գոյանում են հենց հարկերից:
Խոսելով հաշմանդամներին տաքսի ծառայություններ մատուցելու համար վարորդական իրավունք տալու մասին՝ վարչապետը շեշտադրել է, որ այդ հարցը հատուկ մոտեցում է պահանջում:

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ ոլորտն ուսումնասիրվել է և գազալցակայանների սեփականատերերին սակագները կարճ ժամկետում վերանայելու առաջարկություն է ներկայացվել: Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք չեն ընդունի առաջարկվող փոփոխությունները, կառավարության լիազոր մարմնի կողմից կենթարկվեն համապատասխան պատժամիջոցների:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031