Լրահոս
Օրվա լրահոսը

Անիմացիա՝ միջնադարից

Հուլիս 02,2014 13:45

Զրույց այլընտրանքային ֆիլմերի հեղինակ Հայկ Սայադյանի հետ

Հայկ Սայադյանը (լուսանկարում) ամենայն զգուշությամբ ու խնամքով ցույց է տալիս «Մոմիկ» այլընտրանքային ֆիլմից «կադր». հասարակ թղթի վրա ջրաներկով նկարված ու գրչով ուրվագծված հայտնի ճարտարապետն այնքան խոսուն հայացք ունի, որ չես հավատում, որ սա մարդկային ձեռքի աշխատանք է: Շուտով «կադրը» թղթից կտեղափոխվի համակարգիչ, կստանա ֆոն, երաժշտություն ու հոգով կօժտվի՝ կշարժվի: Անհնար է պատկերացնել, որ անիմատորը օգնող ձեռքեր չունի. բոլոր ֆիլմերը միայնակ է նկարահանում՝ մոտ մեկ ամսվա ընթացքում: Հայկի ֆիլմերի թեմաները շնչում են միջնադարով ու պատմությամբ՝ համադրելով հինն ու նորը: Հիմա Մոմիկի ծննդյան 755-ամյակին է պատրաստվում: Ֆիլմին պլանավորում է գիրք՝ գրական հենք էլ կցել, որպեսզի ընթերցողն ու դիտողը Մոմիկ ճարտարապետին ու մտածողին մատենադարանական-թանգարանային պատերից դուրս տեսնի՝ ավելի «ֆիզիկական» ու հարազատ: Որոշեցինք Հայկի այլընտրանքային-անիմատորական աշխարհը մի փոքր ուսումնասիրել ու ծանոթանալ «միջնադարյան անիմացիայի» հետ:

– Հայկ, այլընտրանքային ֆիլմերդ շատ վաղ են սկսել ծնվել՝ երբ 19-20 տարեկան էիր: Իրար հետեւից ներկայացրել ես «Նազարե», Vivos Voco («Կոչեմ ապրողաց»), «Հայր մեր», «Պանգեա», «Մոզ» այլընտրանքային ֆիլմերը: Դու նկարչական կրթություն ունես, ինչպե՞ս կտավներդ սկսեցին շարժվել:

– Եկավ մի պահ, երբ նկատեցի, որ չեմ բավարարվում մարդկանց հետ նկարներով խոսելով: Հասկացա, որ նկարիս պետք է ավելացնեմ ձայն, շարժում: Ուզում էի մատիս հպումից հետո իր առանձին կյանքով ապրի ու խոսի: Չէի կարող պատկերացնել, որ մի օր ֆիլմեր եմ նկարելու: Պարզապես ինքս ինձ բավարարելու համար սկսեցի փորձեր կատարել, ու հետո ծնվեցին այլընտրանքային ֆիլմերը: Առաջին «շարժվող նկարը» տեսնելուց հետո զգացողություններս հրաշալի էին:

– «Մոմիկի» փակագծերը կբացե՞ս:

hayk_saladyan-2

Կադր «Մոմիկ» ֆիլմից:

– Ինձ մոտ ամեն բան սինթեզված է՝ բառը, տառը, հնչյունը, պատկերը, երաժշտությունը… Ֆիլմը պատրաստ կլինի 2015 թվականին: Այն իմ մշտական ձեւաչափով եմ ներկայացնելու: Այս ֆիլմին շատ լուրջ եմ պատրաստվում, քանի որ այն կյանքիս կարեւորագույն նախագծերից մեկն է: Եթե պետք է վատ ֆիլմ ստեղծեմ, ավելի լավ է՝ առհասարակ չստեղծեմ: Ուզում եմ Մոմիկին դուրս բերել մոմիկագետների շրջանակից. այսօրվա հանդիսատեսը սիրում է, երբ ֆիլմն իր մեջ պարունակում է գործողություն, սեր, էրոտիկա, կուլմինացիա… Մոմիկի կենսագրությունն այս ամենը պարունակում է: Դրանցով են լիքը նաեւ շատուշատ հայտնիների կենսագրություններ: Ինչո՞ւ երիտասարդն իր համար կուռքեր պետք է ստեղծի օտար հերոսներից, նրա համար պետք է օրինակելի լինի «Երեք հարյուր սպարտացիների» Լեոնիդասը, եթե մենք ինքներս նման հետաքրքիր, վառ ու ուժեղ կերպարներ ունենք մեր պատմության մեջ:

– Քո այլընտրանքային ֆիլմերն այլաբանության մեջ են թաթախված. չե՞ս վախենում, որ գնալով պարզեցող, երբեմն նույնիսկ պարզունակության հասնող աշխարհում քո ֆիլմերը տեղ չեն ունենա ու չեն գնահատվի:

– Ֆիլմերս գիտակից տարիքի լսարանի համար են: Իմ այլընտրանքային ֆիլմերը պետք է «այլընտրանքային» զգայարաններով զգալ, ընկալել ու վերծանել: Գործիս լավագույն շարունակությունը կհամարեմ, եթե տեսնեմ, որ մարդ իրենով է արել ֆիլմերն ու փորձում է յուրովի հասկանալ՝ դրանց մեջ խառնելով իր զգացմունքները, հիշողությունը, պատկերացումները: Եթե դու ասելիքդ մատուցելու ճիշտ ճանապարհ ես գտնում, անհնար է այն չհասնի հանդիսատեսին, քանի որ ցանկացած մարդու մոտ գործում է ենթագիտակցման ընկալումը, ու ամենաարգելափակված մարդուն էլ կարելի է սիմվոլիզմի լեզվով փոխանցել ասելիքդ: Եթե ասելիք ունես, մի ստեղծիր ու դիր դարակում՝ բողոքելով, որ դու հասկացված չես: Արա ու ցույց տուր՝ թեկուզ սեփական բակում ֆիլմի ցուցադրություն կազմակերպելով կամ նկարներդ պատերից կախելով: Ձայնն անպայման լսելի կլինի, միայն թե պետք է ճիշտ խոսել:

ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031