Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն մարզական ընտանիք-2014»-ը` հաշմանդամ ընտանիքների մասնակցությամբ

Հուլիս 02,2014 13:55

Հունիսի 1-ին մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի 1-ին փուլը, որին մասնակցել են Արցախի, Հայաստանի 10 մարզերի եւ Երեւան քաղաքի 12 վարչական շրջանների 2067 ընտանիքներ:
«Առավոտը» զրուցեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գլխավոր կազմակերպիչ-ղեկավար եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հետ:

– Պարոն Ասրյան, Հայաստանում ամենամասսայական այս մրցույթը տարին տարվա վրա ընդլայնել է ընդգրկման ոլորտը: Այդ միտումը շարունակվո՞ւմ է:

– Անշուշտ: Եթե 2004 թվականին ընդհանուր առմամբ մեկնարկի էր ելել 54 ընտանիք, եւ հաջորդ տարիներին մասնակից ընտանիքների թիվն ըստ տարիների կազմել էր 80, 86, 106, 126, 171, 346, 1122, 1475, 2041, այս տարի առաջին փուլին մասնակցել է արդեն 2067 ընտանիք:

– Առաջին փուլն ավարտվել է: Ի՞նչ շարունակություն է լինելու:

– Լավագույն ընտանիքները պայքարը շարունակում են 2-րդ` մարզային փուլում, որը կավարտվի հուլիսի 5-ին, որի արդյունքներով էլ որոշվելու է, թե որ ընտանիքներն են հուլիսի 21-ից 27-ը Ծաղկաձորի մարզահամալիրի մարզաբազայում կայանալիք եզրափակչին մասնակցելու իրավունք նվաճել:

– Անցած տարվա մրցույթի մեկնարկից առաջ դուք մեր զրույցներից մեկում ակնարկեցիք, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում նորամուծություններ են նախատեսվում:

– Այո, եւ այդ նորամուծություններն արդեն առկա են: Անցած տարի եզրափակիչ փուլի ավարտին հաղթող եւ մրցանակակիր ընտանիքների պարգեւատրության ժամանակ ՀՀ նախագահը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն ուղղակի հանձնարարեց, որպեսզի այս տարվանից «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցեն նաեւ հաշմանդամ ընտանիքները: Եվ այս տարի եզրափակիչ փուլին մասնակցելու են նաեւ Հայաստանի 10 մարզերից, Արցախից ու Երեւան քաղաքից 23 հաշմանդամ ընտանիքներ` անվասայլակներով: Այսինքն՝ այս տարի մասնակից ընտանիքների ընդհանուր թիվը իրականում 2090 է (2067 սովորական եւ 23 հաշմանդամ ընտանիք):

Մյուս նորամուծությունն այն է, որ իմ առաջարկով առաջին անգամ երկու ավագ տարիքային խմբերում մտցվել է հրաձգությունը: Նրանք մրցելու են օդամղիչ հրացան, 10 մետր մրցաձեւում:

– Հաշմանդամ ընտանիքների համար առանձին մարզաձեւե՞ր են ընտրվել:

– Նրանց համար կազմվել է մրցութային առանձին ծրագիր, որը համապատասխանեցված է իրենց կարգավիճակին:

– Որքան հասկացա, 23 հաշմանդամ ընտանիքները հանդես են գալու միայն եզրափակիչ փուլում: Ի՞նչ սկզբունքով է կատարվել նրանց ընտրությունը:

– Ընտրվել են անվասայլակներով ընտանիքներ, որոնցում հաշմանդամ է հայրը կամ մայրը: Քանի որ սա նրանց առաջին մասնակցությունն է, ընտրությունը թողել ենք Հայաստանի 10 մարզպետարաններին, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեին ու Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի յուրաքանչյուր միավոր ընտրի մեկ հաշմանդամ ընտանիք: Բայց ծրագրում ենք, որպեսզի առաջիկա տարիներին նրանք էլ մրցեն երկու փուլերով, եւ հաղթողները հանդես գան եզրափակիչ փուլում:

– Մրցույթի ընդհանուր բյուջեն որքա՞ն է եւ ինչպե՞ս է բաշխվում:

– Ընդհանուր բյուջեն 155 մլն 840 հազար 800 դրամ է, որի գրեթե 80 տոկոսը տրամադրված է երեք փուլերի համար մրցանակային ֆոնդին: Առաջին փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում, իսկ դրանք չորսն են, 1-3-րդ տեղերն զբաղեցրած ընտանիքները պարգեւատրվում են, համապատասխանաբար, 60, 50, 40 հազարական դրամով եւ 6 մարզաձեւերից 1-ին տեղ գրավածները` 20 հազարական: Երկրորդ փուլում պարգեւավճարները ավելանում են եւ կազմում, համապատասխանաբար, 150, 130, 100 հազարական եւ 20 հազարական դրամ: Իսկ 3-րդ` եզրափակիչ փուլում հաղթող եւ մրցանակային տեղ գրաված ընտանիքները անձամբ նախագահից կստանան, համապատասխանաբար, 500, 400, 300 հազարական դրամ: Եվ միայն այստեղ 6 մարզաձեւերում լավագույն եռյակ կազմած ընտանիքները կպարգեւատրվեն 100, 50 եւ 30 հազարական դրամով: Բացի գումարային պարգեւներից, եզրափակիչ փուլին մասնակցած 144 սովորական եւ 23 հաշմանդամ ընտանիքները կստանան ՀՀ նախագահի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով հավաստագրեր, իսկ երեխաներին նախագահը կհանձնի մարզահագուստներ ու փափուկ խաղալիքներ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթի եզրափակիչը Ծաղկաձորում:

«Առավոտ» օրաթերթ
01.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031