Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրսում» Կոմիտասին չգիտե՞ն

Հուլիս 02,2014 14:03

Նման եզրակացության է եկել Գերմանիայում կայացած
կոմիտասյան մրցույթ-փառատոնի դափնեկիր Կատրին Հովսեփյանը

Վերջերս Գերմանիայի Պյորտցել ամրոցում տեղի է ունեցել Կոմիտասի անվան միջազգային երրորդ մրցույթ-փառատոնը։

komitas

2011 թ. հիշյալ առաջին փառատոնի անցկացման նպատակով Հայաստան ժամանած մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Թոմաս Բուհոլցը «Առավոտին» ասել էր, թե առաջին անգամ հայկական երաժշտությանը ծանոթացել է 1997 թ., երբ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանն իրեն հրավիրել էր Հայաստան՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասավանդելու նպատակով։ Պրոֆեսորը կարծիք էր հայտնել, որ դա լավ առիթ էր՝ ծանոթանալու հայկական երաժշտարվեստին, մասնավորապես՝ Կոմիտաս վարդապետի թողած ժառանգությանը։ Պարոն Բուհոլցի խոսքերով՝ Կոմիտասի երաժշտությունը Եվրոպայում քչերին է հայտնի, վարդապետի ստեղծագործությունների 90 տոկոսը բնօրինակ են ու հայերեն, կոնկրետ Գերմանիայում չկա նույնիսկ տեղեկություն Կոմիտասի կենսագրականից։ Այս ամենի նպատակով էր, որ հիմնվեց Կոմիտասի անվան միջազգային մրցույթ-փառատոնը, որպեսզի առաջին հերթին վարդապետի ստեղծագործությունները ճանաչելի դառնան աշխարհին։ Նշենք նաեւ, որ Գերմանիայում կայացած կոմիտասյան առաջին փառատոնին իբրեւ պատվավոր հյուրեր հրավիրվել են խմբավար Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, երաժշտագետ Մհեր Նավոյանը, երգչուհի Աննա Մայիլյանը, դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանը։ Վերջինս ղեկավարել է երկրորդ մրցույթ-փառատոնի միջազգային ժյուրիի աշխատանքները։

«Առավոտը» զրուցեց գերմանական մրցույթ-փառատոնի երրորդ մրցանակակիր, դաշնակահարուհի, Կոմիտասի հուշամեդալակիր Կատրին Հովսեփյանի (լուսանկարում) հետ։ Դաշնակահարուհին երգիչ Արտակ Ալավերդյանի, դերասան Խորեն Լեւոնյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայր Դերենիկ աբեղա Սահակյանի հետ ժամանակին Կամերային երաժշտության տանը հանդես է եկել «Նվիրում Կոմիտասին» գրական-երաժշտական համերգով, որը առաջիկայում կկրկնվի «Նարեկացի» արվեստի միությունում։
Կատրին Հովսեփյանը հայտնեց, որ այս տարի երրորդ անգամ անցկացվող մրցույթը տեւել է ընդամենը մեկ օր՝ հունիսի 7-ին։ Հեռակա նախնական լսումներից հետո իրավունք են ստացել մասնակցելու 10-ական վոկալիստ եւ դաշնակահար՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Իսլանդիայից, Հունգարիայից եւ այլ երկրներից։ Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ այս տարի մրցույթի երկու անվանակարգերում ¥վոկալիստներ եւ դաշնակահարներ) աշխատում էր մեկ ընդհանուր ժյուրի՝ ֆրանսաբնակ օպերային երգիչ Մկրտիչ Մկրտչյանի գլխավորությամբ։ Իսկ ժյուրիի անդամներ հրավիրվել էին տարբեր երկրներից, այդ թվում՝ պրոֆեսորներ Բեռլինի եւ Հալլեի կոնսերվատորիաներից, հայ հանդիսատեսին ծանոթ ռուսաստանցի դիրիժոր Ալեքսանդր Ավելեւը։ Մրցույթի պարտադիր ծրագրում այս տարի ընդգրկված էին Բախի եւ Կոմիտասի ստեղծագործությունները, այսինքն՝ գերմանացիների ու հայերիս երաժշտարվեստի ռահվիրանները։ Վոկալիստների մրցապայքարում հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ն ներկայացնող Փենա Մաթհեւը, որը, մեր զրուցակցի հավաստմամբ, հիանալի կատարեց Կոմիտասի «Կռունկն» ու «Գարուն ա»-ն, իսկ դաշնակահարներից՝ Վիոլետա Խաչիկյանը (ՌԴ), որի մեկնաբանմամբ՝ Սարաջյանի եւ Անդրեասյանի կոմիտասյան մշակումները ժյուրին համարեց լավագույնը։
Կատրին Հովսեփյանն ասաց, որ ինքը զրուցելով ԱՄՆ-ից ժամանած Փենա Մաթհեւի, Մեքսիկայից՝ երգչուհի Մորա Քլարալիցի, ռուսաստանցի դաշնակահարներ Դարիա Ռուբանովայի, Իրինա Մաքսիմովայի, Գերմանիայից՝ Նիկոլե Մայնհարդտի, ճապոնուհի Շիքիյո Կայկոյի հետ, եզրակացության է հանգել, որ դրսում Կոմիտասին կամ ընդհանրապես չեն ճանաչում, կամ էլ մեկ-մեկ նրա ստեղծագործությունները հնչում են սփյուռքահայ եւ Արեւմուտք մեկնած հայաստանցի երաժիշտների կողմից։ «Մրցույթին արտերկրից ժամանած երաժիշտներն ասացին, որ այս մրցույթ-փառատոնն է առիթ հանդիսացել, որ առաջին անգամ շփվել են Կոմիտասի հետ, լսել են Լուսինե Զաքարյանի, Արմենակ Շահմուրադյանի, «Կոմիտաս» լարային քառյակի, Սվետլանա Նավասարդյանի կոմիտասյան ձայնագրությունները»,- հավելեց Կատրին Հովսեփյանը։ Ավելացրեց նաեւ, որ ութ վոկալիստներին նվագակցել է ինքն ու ճանաչվել լավագույն կոնցերտմեյստեր։
Կոմիտասյան մրցույթից հետո Կատրին Հովսեփյանը եւ տենոր Արտակ Ալավերդյանը նախապես ունենալով Շվեդիա համերգային շրջագայության մեկնելու հրավեր՝ ուղեւորվել են Ստոկհոլմ։ «Տեղի «Սուրբ Կլարա» եկեղեցում Արտակն ու ես հնչեցրինք Կոմիտաս: Այնտեղ էլ նկատեցի, որ հանդիսատեսի գերակշիռ մասն առաջին անգամ էր լսում Կոմիտաս… Այս պահին նեղված եմ, որ հայաստանյան լրատվամիջոցները չեն անդրադարձել կոմիտասյան երրորդ միջազգային փառատոնին»,- ասաց դաշնակահարուհին։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031