Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտո Չաքմաքչյանն ասաց՝ դու հիմքն ես նկարում»

Հուլիս 02,2014 14:07

Նկարիչ Գագիկ Սիրավյանը՝ իր ծառերի ու ապրումների մասին

«Դալան» ցուցասրահում հունիսի 17-ից բացվել է նկարիչ Գագիկ Սիրավյանի «Իմ ծառերը» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 8-ը:
Արվեստագետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հենց ծառերը. «Ծառերն ինձ անսահման հիացնում են: Անհանգիստ են, մարդու հետ են նույնացվում, իմ ինքնադիմանկարն են, իմ հույզերն են, ապրումները: Դրանք ես ծառերի միջոցով արտահայտել եմ: Ցուցասրահում կախված բոլոր ծառերն էլ ես եմ՝ երազող, կրքոտ, զգացմունքային, անհանգիստ…»,- ասաց Գագիկ Սիրավյանը:

«Առավոտի» հետ զրույցում հեղինակը հայտնեց, որ ցուցահանդեսը նվիրում է հոր՝ անվանի գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի հիշատակին, նաեւ բոլոր մտերիմներին: «Եթե հայրս ողջ լիներ, հաստատ կոգեւորվեր այս ցուցահանդեսից»,-նշեց նկարիչը:
Իսկ ի՞նչ է մտածում արվեստում ժառանգականության մասին, նկարում է, որովհետեւ Հենրիկ Սիրավյանի որդի՞ն է: «Մեջս նկարելու ձիրք կար, բնականաբար՝ հայրիկի գեներն էլ կան: Այն, ինչ տեսել եմ մանկությունից ու կյանքիս ընթացքում, հարազատ է եղել, ոգեշնչել, խոսել է հոգուս հետ: Եթե ուրիշ ներաշխարհ ունենայի, կապ չէր ունենա, թե ինչ տեսակ ընտանիքում եմ ծնվել, ու չէի նկարի»,- պատասխանեց նկարիչը: Նրա խոսքով՝ արվեստագետը կարող է առանձնանալ իր «իրականության» մեջ, ներանձնանալ ու ստեղծագործել, բայց, մյուս կողմից էլ, նրա ձեւակերպմամբ, «եթե դու զգայուն մարդ ես, դրսում կատարվող ամեն անարդար բան անդրադառնում է քո ներաշխարհի, հետեւաբար՝ նաեւ արվեստի վրա»:

Հետաքրքրվեցինք՝ այս օրերին ի՞նչ գնահատականներ է ստացել ցուցահանդեսի վերաբերյալ, եւ խնդրեցինք որեւէ հետաքրքիր դրվագ պատմել:

Գագիկ Սիրավյանը նշեց, որ բոլոր գնահատականներն էլ ոգեւորող էին, եղել են մարդիկ, որ խոստովանել են, թե իր ցուցահանդեսից հետո փոխել են ծառերի, բնության հանդեպ վերաբերմունքը, իրենց ինչ-որ իմաստով ծառ են զգացել: Գագիկ Սիրավյանը դեռ ծառ չի տնկել, բայց որոշել է՝ ոչ միայն նկարելու է, այլեւ կյանք է տալու ծառերին:

Նկարիչը տպավորված էր հատկապես կանադաբնակ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի խոսքերից. «Արտո Չաքմաքչյանի հետ հանդիպումն էր շատ տպավորիչ, հայրիկի վաղեմի ընկերներից էր, ինքը շատ հուզված էր, ասաց՝ հավանում եմ նյութդ, վերաբերմունքդ, մատուցման ձեւը: Ասաց՝ ի՜նչ լավ է, որ առանց տերեւների են ծառերդ: Ասացի՝ բոլորին դա է հետաքրքրում, այդտեղ նկարչական խնդիր է եւ բնավ տերեւի հարցը չէ, ոչ էլ այն, թե ծառը մեռած է, ուղղակի պլաստիկայի հարց է լուծվում: Արտո Չաքմաքչյանն ասաց՝ շատ ճիշտ է, բոլորին ասա, որ դու նկարում ես հիմքը, որի վրա բարձրանում է ապրումդ՝ խորքից գալով»: Մոր եւ մյուս հարազատների գնահատականներից էլ է հուզվել, ասում է՝ միշտ էլ հավանել են ստեղծագործությունները, բայց ցուցասրահում կողք կողքի կախված տպավորությունը լավ իմաստով ավելի ուժեղ է:
Հավելենք, որ Գագիկ Սիրավյանը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների՝ Հայաստանում եւ արտերկրում, 2004-ին անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Նորվեգիայի Գրիմստադ քաղաքում: Հայրենիքում սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է, դրա համար էլ նկարիչը հուզված էր, ցավում է, որ հայրը ներկա չէ, այստեղ չէ: Գագիկ Սիրավյանի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Հայաստանի եւ այլ երկրների մասնավոր հավաքածուներում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031