Լրահոս
Օրվա լրահոսը

Դստեր առեղծվածային մահվանից հետո

Հուլիս 02,2014 14:15

Հատուկ քննչական ծառայությունը գնացել է մի հին,
բայց չմոռացված պատմության հետքերով

19-ամյա աղջկան շուրջ 7 տարի առաջ կորցրած մայրը (լուսանկարում՝ մայրը եւ դուստրը)` Սաթենիկ Գեւորգյանը, այսօր ապրում է այն հույսով, որ օրերից մի օր իմանալու է իր միակ երեխայի առեղծվածային մահվան պատճառը:

Սաթենիկ Գեւորգյանի ընտանիքին վերագրվող ողբերգական պատմության մասին տեղյակ են շատերը: Դեռեւս 2011թ-ին այս մասին անդրադարձել էր «Իրավունք» թերթը, իսկ ամիսներ առաջ` «Հետք» էլեկտրոնային պարբերականը ծավալուն հետաքննություն էր իրականացրել` ուսումնասիրելով ամբողջ քրեական գործը` նախաքննությունից մինչեւ դատարանի օրինական դատավճիռը:

Ողբերգական այս պատմությանը օրերս անդրադարձավ նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդաշարը:

7 տարի առաջ` մարտի 9-ի երեկոյան քաղաքացի Արարատ Կաֆյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել է 19-ամյա Սուսաննա Գեւորգյանը, բախվելով հողաթմբին, վթարի է ենթարկվել: Սուսաննան ստացած վնասվածքներից մահացել է:

Ա. Կաֆյանին ոստիկանությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ մահ է պատճառել հատկանիշներով` դատապարտելով նրան 2 տարվա պայմանական պատժի:
Իր միակ երեխային կորցրած մայրը «Մարդկային գործոն» հաղորդաշարի ժամանակ պատմել է. «Ցերեկը ժամը 3-ին Սյուզին եկավ տուն՝ ընդմիջում անելու ու ասաց` մամա, գլուխս ցավում ա: Ասեցի` էսօր էլ մի գնա, մնա տանը: Ասաց չէ` գնամ, բայց ամենաուշը, ինչպես միշտ, ժամը 9-ին տանը կլինեմ: Ասաց պառկի-քնի, մինչեւ ես կգամ: Մայրս այդ ժամանակ ողջ էր, ձայն տվեց, թե՝ Սյուզիկը տուն չի եկել: Դուրս եկա ու տեսա, որ իսկապես չկա»:

Սյուզին (այդպես էին նրան դիմել-Ռ.Մ.) աշխատում էր տան հարեւանությամբ գտնվող տաքսի ծառայություններից մեկում` որպես հեռախոսավարուհի: Մայրը` տիկին Սաթենիկը, երեխայի աշխատանքի հետ համակերպվել էր միայն մի պայմանով. աշխատանքն ավարտվում էր ժամը 8-ին:

«Մարտի 9-ին էր: Մտածում էի` դպրոցական ընկերներին է տեսել, դասղեկի բակում հաճախ էին հավաքվում, զրուցում: Բայց մինչեւ ժամը 2-ը լուր չունեի,- ողբերգական օրը հիշելով հեռուստաէկրաններից պատմում է մայրն ու շարունակում,-հանկարծ նկատեցի, որ տուն են մտնում եղբայրս ու քույրս` իրենց ընտանիքներով, ու ասում են, որ Սյուզին ավտովթարի հետեւանքով մահացել է: Ո՞ւմ հետ, ոն՞ց… բա եղել ա Կաֆյանի տղայի հետ` Սյուզին խնդրել ա, որ իրեն մեքենայով ինչ-որ տեղ տանի»,- պատմել է կինը:
Իր միակ աղջկան կորցրած կինը դեպքի օրը խոսել է հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի ու դատաբժշկի հետ: Վերջիններս կնոջը հուսադրել են, թե` ամեն ինչ կարգին է, մենք մեր գործն ենք անում:

Տիկին Սաթենիկն ինքնուրույն է հետեւել ոստիկանության բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին: Որոշել է իր հետագա ամբողջ կյանքը նվիրել միայն մի բանի` իմանալ ողջ ճշմարտությունը:

Նախաքննության ընթացքում տիկին Սաթենիկը իր աղջկա ստացած վնասվածքների նկարագրությանը ծանոթանալով՝ սկսում է կասկածել: Հասկանում է, որ աղջիկը վթարի հետեւանքով չի զոհվել, վթարը բեմադրել են պրոֆեսիոնալ քննիչները, որպեսզի բռնաբարության ու սպանության հոդվածը, որն առանձնապես ծանր հանցագործություն է, չսպառնա Արարատ Կաֆյանին:

Դեպքի ամբողջ հանգամանքներն ուսումնասիրել ու սեփական լրագրողական հետաքննությունն էր իրականացրել «Հետքը»: Ըստ պարբերականի` գործով քննիչները ավելի քան բարեհաճ են գտնվել հենց վարորդ Ա. Կաֆյանի նկատմամբ:
Այսպես` Ա. Կաֆյանը հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ ներգրավվել է դեպքից մոտ 2 ամիս անց: Կաֆյանին մեղադրանք չի առաջադրվել անգամ այն ժամանակ, երբ նա ցուցմունքում նշել է, թե մեքենան վարել է թույլատրելիից ավելի բարձր արագությամբ: Բացի դրանից, գործով քննիչը որպես խափանման միջոց ընտրել է գրավը, եւ վերջինիս թեթեւ ձեռքով Կաֆյանը վայելել է ազատությունը:

Կինը նախաքննական մարմնից պահանջել է իր աղջկա հագուստը, երկար ժամանակ անց նրան տրամադրել են հագուստի միայն մի մասը, իսկ ներքնաշորերը չեն տվել:
7 տարի կինը պատկան մարմինների միջոցով ցանկացել է հասնել արդարության, բայց կնոջ պատմությունը թերեւս քչերին է հետաքրքրել: «Վերջապես Հատուկ քննչական ծառայությունը ընթացք տվեց իմ 7 տարվա պայքարին, վերջապես իմ ձայնը լսելի դարձավ»,- օրերս «Հետքի» հետ զրույցում ասել է տիկին Սաթենիկը:
«Առավոտն» իմացավ, որ կնոջ դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության պատասխանատու Միքայել Ահարոնյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ քաղաքացի Սաթենիկ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), հարուցվել է քրեական գործ:

«Քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ դստեր` Սուսաննա Գ.-ի մահվան դեպքի առթիվ 2007թ-ին հարուցված քրեական գործով վարույթն իրականացրած պաշտոնատար անձինք խեղաթյուրելով իրական փաստերը՝ թաքցրել են դստերը ֆիզիկական եւ սեռական բռնության ենթարկելու, այնուհետեւ սպանելու հանգամանքները` վերջինիս մահը ներկայացնելով որպես ավտովթարի հետեւանք, որի արդյունքում հիշյալ հանցավոր արարքները կատարած անձը խուսափել է պատժից: Կատարվում է նախաքննություն»,- հավելեց Մ. Ահարոնյանը:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը` «Հետքի»

«Առավոտ» օրաթերթ
01.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031