Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի առանձնահատկությունները

Հուլիս 02,2014 14:20

Երբեք չեմ հասկացել, թե ինչու են ասում, որ Հայաստանի ղեկավարների եւ հասարակության հետաքրքրությունները չեն համընկնում: Դիցուք՝ այս շաբաթվա վերջին Հայաստանի նախագահը մեկնում է Լատինական Ամերիկա, որին գամված է հայաստանյան ողջ ֆուտբոլասեր հասարակության, ուստի նաեւ՝ այդ ֆուտբոլասեր հասարակության կանանց ուշադրությունը:

Լատինաամերիկյան կայքերից մեկն այդ առիթով զետեղել է Ուրուգվայի ռազմավարական կենտրոնի առաջատար մասնագետ Սուարես ( չվախենա՚ք, չի կծում ) Սանչեսի տպավորությունները Հայաստանի մասին: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝ որոշակի կրճատումներով:

«Այդ երկրում բոլորը՝ նախագահից սկսած, խոսում են ինչ-որ տարօրինակ ձեւով աճած բանջարաբոստանային մշակաբույսի մասին ու, երեւի պատահական չէ, որ կառավարությունը դարձել է հմուտ դիվանագետներ աճեցնելու դարբնոց:
Ընտանեկան կապերն այդ երկրում շատ ամուր են՝ եթե որեւէ մեկը դառնում է նախագահ, նրա եղբայրն անմիջապես իր մասնաբաժինն է ստանում գրեթե բոլոր հիմնական ձեռնարկատիրական նախագծերում:

Աշխարհի երկու գերտերությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հետ դիվանագիտական կապերն այժմ նույնպես լիովին հանձնվել են երկու եղբայրների, որոնցից մեկը Հայաստանում գերազանցապես հայտնի է խոշոր եղջերավոր անասունների խնամքի վերաբերյալ իր օգտակար խորհուրդներով եւ Միջերկրական կղզիներից մեկում օֆշորային ընկերության հետ բացարձակ ոչ մի կապ չունենալով: Չնայած անունը կա:
Էթնիկ հայերով բնակեցված այդ երկիրը բաժանված է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նախագահը, խորհրդարանը, կառավարությունը եւ բրենդը՝ կոնյակ եւ թթի օղի: Ժամանակ առ ժամանակ նրանք նախագահների փոխանակություն են կազմակերպում: Առայժմ՝ առանց մաքսազերծման, չնայած վերջերս այդ մասին զգուշացում են ստացել միջինասիական պետություններից մեկի անփոփոխ առաջնորդից:
Հայերն ընդհանրապես սիրում են բաժանվել երկու մասի՝ կեսն ապրում է դրսում, հայհոյում է մյուս կեսի իշխանություններին, բայց փող է ուղարկում, մյուս կեսն ապրում է այդ փողով, էլի հայհոյում է իր իշխանություններին, բայց երազում է միանալ դրսում ապրող կեսին եւ այնտեղից հայհոյել ու սիրել իր հայրենիքը: Հայաստանի իշխանությունները դեմ չեն՝ հայհոյեք, միայն թե փող ուղարկեք:

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի իշխանությունները՝ զարգացնելով բաժանվելու համազգային ավանդույթները, ձեռնարկել են նոր բաժանում՝ նրանք, ովքեր աշխատում են պետական հիմնարկներում, այսօրվանից որոշակի գումար պետք է մուծեն, որպեսզի 45 տարի հետո լավ ապրեն, մյուս կեսը բոլոր միջոցներով, այդ թվում՝ նաեւ իր ընտրած պատգամավորների վրա ազգային մանրադրամ նետելով, պայքարում է, որպեսզի 45 տարի հետո իր հայրենակիցները լավ չապրեն:

Մշակութային ավանդույթները հայերը սրբությամբ պահպանում են: Անցած ամիս դաշնամուրային համերգ տեղի ունեցավ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնի հնագույն շենքերից մեկի ավերակների վրա: Չզարմանաք, բայց այդ մշակութային միջոցառումը կազմակերպվել էր ոչ թե այդ երկրի մշակույթի նախարարության կողմից, այլ այդ նախարարության դեմ:

Հանուն արդարության պետք է փաստել, որ այդ երկրի մշակույթի նախարարությունն, այնուամենայնիվ, բոլորովին դեմ չէ հնագույն կառույցների տարածքում զանազան միջոցառումների անցկացմանը: Ընդ որում, նման միջոցառումներն իրենց Կենտրոնական բանկի կամ այլ փողառատ մարմինների մասնակցությամբ իրականում նույնպես նպաստում են Հայաստանում ընտանեկան կապերի եւ ավանդույթների ամրապնդմանը: Օրինակ, «Զվարթնոց» օդանավակայան գնալիս դուք կտեսնեք իրական Զվարթնոցը, որի պատասխանատուն ռուսաստանցի օլիգարխի կազմակերպած նման մշակութային միջոցառումներից մեկից հետո իր տեղը մեծահոգաբար զիջեց որդուն: Ճիշտ է, նման միջոցառումների անցկացումն առայժմ կասեցվել է, ինչը հարցականի տակ է դնում ընտանեկան ավանդույթների շարունակականությունը:

Այնուամենայնիվ, Հայաստանում վերջին տարիներին պահպանվում է մեկ այլ ավանդույթ՝ բոլոր նախկին նախագահները հրապարակավ վատ բաներ են ասում գործող իշխանությունների հասցեին, փաստերով հիմնավորելով, որ իրենք չեն եղել Հայաստանի համար անենաանբարենպաստ պայմաններով գործարք կնքողները: Հայաստանցիները, որքան էլ տարօրինակ թվա, մեծ հաճույքով են ընկալում, որ ամենաանբարենպաստ որոշումներ կայացնողները հենց իրենց ընտրած վերջին իշխանություններն են: «Ախր սրանք ավազակ ու թալանչի են»՝ ավանդաբար ասում է միջին հայաստանցին, երբ ավազակին ու թալանչիին ընտրատեղամասում ձայն տալուց անմիջապես հետո վերադառնում է իրենց շենքի բակը:

Փորձագետները եզրակացնում են, որ հենց այդ պատճառով էլ ժողովրդի կողմից տարբեր որակումների արժանացած մարդիկ շարունակաբար հաղթում են: Նույնիսկ Մագնուս Կառլսենը մինչեւ հիմա ուշքի չի եկել…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031