Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմերուկ ուտելու ճիշտ սեզոնը

Հուլիս 02,2014 14:30

Մայիսի վերջից սկսած շուկայում արդեն հայտնվել էին բավականին գեղեցիկ տեսքով ձմերուկներ, բայց թե դրանց համը եւ որակը որքանով է համապատասխան տեսքին՝ կասկածելի է: Դեռ գարնանից, նույնիսկ ձմռանից մեր շուկայում հայտնված ձմերուկները հաստատ տեղական չեն, իսկ ինչը տեղական չէ, հայերի համար, գոնե գյուղմթերքների առումով, անվստահելի է:

Հայաստան ձմերուկ է ներկրվում հիմնականում Իրանից, բայց մեր շուկայում կան նաեւ բրազիլական, թուրքական, իսպանական ձմերուկներ եւ նույնիսկ Կոստա Ռիկայից եւ Վրաստանից ներկրված ձմերուկներ: Այս տարի Հայաստան է ներմուծվել, ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, 340 տոննա ձմերուկ:
Իսկական հայկական ու անվտանգ աճեցրած ձմերուկները պատրաստ կլինեն միայն եկող ամսվա կեսերից: Սա մեզ հետ զրույցում վստահեցրեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Ես միշտ խորհուրդ եմ տալիս օգտագործել մթերքն ըստ սեզոնայնության: Հիմա ձմերուկի սեզոն չէ: Սյս սեզոնին չի կարելի օգտագործել, որովհետեւ տեղի է ունեում հնարավոր պահեստավորում, իսկ սա տարբեր վտանգների է հանգեցնում: Հաշվի առնելով, որ առանց ուղեկցող փաստաթղթերի են ներկրում ու առանց անվտանգության ցուցանիշների ստուգման, մենք երբեք չենք կարող իմանալ՝ այդ ձմերուկը ջերմոցային տնտեսության ա՞յս տարվա արտադրանք է, թունաքիմիկատներո՞վ է աճեցված, արհեստական էներգիայո՞վ, արեւային էներգիան ճի՞շտ է օգտագործված, թե՞ նախորդ տարվա պահեստավորվածն է: Իսկ երբ կտրում ենք ու տեսնում, որ ամբողջը փտած է, այն էլ՝ այս սեզոնին, ուղղակի ապացույց է, որ նախորդ տարվա պահեստավորված մթերքն է»,- ասաց Պիպոյանը:
«Եթե նորմալ պայմաններով են աճեցրել, ձմերուկի վաղահաս սորտն են վերցրել ու սածլիային եղանակով աճեցրել, հիմա արդեն կլինի տեղական ձմերուկի բերքը»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ղեկավար Գայանե Սարգսյանը: Այդուհանդերձ, տիկին Սարգսյանը եւս հաստատեց, որ անվտանգությունից ելնելով նախընտրելի է ձմերուկ գնել եւ ուտել հուլիսի 10-15-ից հետո:
Մասնագետը նաեւ նշեց, որ կան ստիմուլյատորներ, քիմիական եւ բիոպրեպարատներ, որոնք արագացնում են բերքի հասունացումը, այդ պրեպարատների քիմիական արտադրանքը որոշակի առումով վտանգավոր է առողջությանը, իսկ բիոպրեպարատները վտանգավոր չեն:

Ինչպես կարո՞ղ է սպառողը շուկայում տարբերել ներմուծած եւ տեղական ձմերուկները՝ «Առավոտի» այս հարցին տիկին Սարգսյանն ասաց. «Սպառողը չի կարող տարբերել ներմուծած ձմերուկը տեղականից: Բայց եթե ուշադրություն դարձնի պոչիկի մասին, դա զգացնել կտա. եթե չոր է պոչիկը, ապա դա խոսում է այն մասին, որ ձմերուկը ճանապարհ է անցել, իսկ թարմ պոչիկով է՝ թարմ ձմերուկ է»:

Թեեւ շուկայում շատ են ներմուծված ձմերուկները, որոնք երկար ճանապարհ են անցել, եւ ենթադրվում է, որ դրանք վտանգավոր կլինեն, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սննդի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ մինչ օրս ձմերուկից թունավորումներ չեն արձանագրվել. «Գրանցվել են աղիքային ինֆեկցիաներ, որոնք ձեռքերը չլվանալու կամ մթերքը լավ չլվանալու արդյունք կարող են լինել»:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից էլ «Առավոտին» վստահեցրին, որ ձմերուկի ներմուծման բոլոր խմբաքանակների նկատմամբ, բացի ուղեկցող փաստաթղթերից, նաեւ սահմանային հսկողություն եւ լաբորատոր փորձաքննություն է իրականացվել. «Այս տարի շեղումներ չեն գրանցվել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Այսինքն միայն ձմերուկից թունավորվելու պայմաններում է, որ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սննդի բաժինը կարող է որոկը տարբերակել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031