1-03-ի աշխատակիցները՝ իրենց ծառայության մասին
Օրեր առաջ բուժաշխատողները տոնեցին իրենց օրը: Սակայն այդ տոնական օրը աշխատանքային էր շտապօգնության անձնակազմի համար, եւ այսպես է միշտ. օրացույցում կարմիր գույնով նշված օրերին նրանք առավել զգոն են եւ լարված, օրն էլ երեւի ամենածանրաբեռնվածներից է դառնում:
«Առավոտը» եղել է Երեւանի 1-03 ծառայությունում եւ տեղում ծանոթացել կառույցի աշխատանքներին:
1-03 ծառայության պետ Ռիտա Աբրահամյանն իր սենյակի պատուհանից հետեւում է՝ աշխատակիցները ընդունում են զանգերը եւ զբաղվում շտապօգնության բրիգադների ընտրության որոշմամբ: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ 1-03 ծառայությունում Երեւանի համար կա նախատեսված 36 բրիգադ՝ երկուսը՝ ֆելդշերական, մեկը՝ հոգեբուժական, 33-ը՝ բժշկական: Բրիգադներից տասը ռեանիմոբիլ են՝ նորագույն տեխնոլոգիաներով համալրված եւ ծանրագույն իրավիճակների համար նախատեսված: 36 բրիգադը բաշխված է Երեւանում տեղակայված շտապօգնության յոթ ենթակայաններում եւ երկու ենթակետերում: «Այնպես է բաշխվել, որ Երեւանի բոլոր մասերում հնարավորինս ճիշտ կազմակերպվի շտապօգնության աշխատանքը, բնակչությանը արագ օգնություն ցուցաբերվի»,- ասում է Ռիտա Աբրահամյանը: Ըստ նրա՝ կարեւոր է նաեւ հասարակության գիտակցության բարձրացումը՝ շտապօգնություն զանգահարելիս ավելի սթափ եւ սառնասիրտ լինեն՝ ասեն ճիշտ հասցեն եւ հեռախոսահամարը: «Երբեմն զանգում են, հարցնում ենք՝ ի՞նչ է պատահել, ասում են՝ ճնշումս է, բայց դա բժիշկը պետք է ասի, հիմա մենք հարցնում ենք՝ ի՞նչ է պատահել, ի՞նչ ես զգում, սի՞րտդ է խառնում, գլխացա՞վ ունես, ասում են. «Չէ, ուղղակի չափեցի ճնշումս, տեսա՝ բարձր է», մենք հարցնում ենք՝ ինչքա՞ն էր, ձեր նորմալն ինչքա՞ն է, իսկ իրենք արդեն նյարդայնանում են, թե ինչի համար ես այդքան հարցերի պիտի պատասխանեմ, ու դնում են հեռախոսը, հետո էլ վատաբանում մեր աշխատակիցներին: Բայց մենք պե՛տք է իմանանք հիվանդության նկարագրությունը, որ որոշենք՝ ինչ օգնություն է պետք»: Ռիտա Աբրահամյանը տեղին չի համարում այն բնորոշումը, թե շտապօգնությունը միշտ ուշանում է. «Հիմա արդեն, երբ ծառայությունը արդիականացվել է, նավիգացիոն համակարգն է գործում, համակարգչով հնարավոր է հետեւել բրիգադայի աշխատանքին՝ ինչ վիճակում է գտնվում, որտեղ է, ինչքան ժամանակում հասավ եւ հետ եկավ, ամեն ինչ վերահսկելի է: Պարզապես հիվանդատիրոջը մեկ րոպեն էլ հնարավոր է ժամ թվա. դա ինչ-որ տեղ հասկանալի է, բայց պետք չէ մեզ վատաբանել»,- ասում է նա:
1-03 ծառայությունում բուժքույրերը ընդմիջման ժամ չունեն, նրանք իրենց քաղցը հագեցնում են օրվա այն պահին, երբ ահազանգ չկա: «Շտապօգնության բուժքույրը պետք է լինի արագաշարժ, շուտ կողմնորոշվող: Նա իրավունք չունի թուլանալու՝ եւ ֆիզիկապես, եւ մտավորապես, միշտ պետք է լինի պատրաստակամ, գիտելիքներով հարուստ: Երբ գնում են կանչի, իրենք չգիտեն, թե ուր են գնում, այստեղ վտանգ էլ կա. հնարավոր է՝ կանչել է թմրամոլ, նրանք պետք է պատրաստ լինեն ցանկացած մեկի հետ հանդիպման»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է գլխավոր բուժակ Մանուշակ Այվազյանը:
1-03 ծառայության գծային բրիգադի բժիշկ Արտյոմ Պետրոսյանն էլ իր աշխատանքը համարում է ամենապատասխանատուներից՝ ինքն է իրավիճակի ղեկավարն ու որոշումներ կայացնողը, օրական մոտ 15 կանչ է սպասարկում՝ ամենաբարդ իրավիճակներից՝ մահը կանխելուց մինչեւ ամենաանհավանականը՝ «տիզ հանելը», մասնակից է լինում: «Միշտ լարված իրավիճակում ես աշխատում, հատկապես, երբ արտակարգ իրավիճակներ են լինում՝ վթարներ, աղետներ: Բացի այն, որ օգնող չկա, միշտ լինում են կողքից մարդիկ, որոնք քեզ խորհուրդներ են տալիս, կողքից հնարավոր է՝ իբրեւ թե բարին ցանկացողները միանգամից տուժածին բարձրացնեն, տեղափոխեն, որը գուցե չի կարելի, եւ այստեղ ստիպված ես ոչ միայն զբաղվել հիվանդով, այլ նաեւ շրջապատի մարդկանցով, իսկ եթե արտակարգ դեպք է, ու տուժածները շատ են, պետք է կարողանաս կողմնորոշվել՝ որ մեկին առաջին օգնությունը ցուցաբերել, ճիշտ կողմնորոշվել, արագ, գնահատել իրավիճակը»,- ասում է նա եւ համարում, որ դժվարագույն պահ է, երբ հիվանդատերը խնդրում է ծայրահեղ հիվանդի կյանքը փրկել, իսկ նա գիտի, որ կարող է ընդամենը մի քանի րոպե երկարաձգել մարդկային կյանքը:
Հիվանդի մոտ բժշկական անձնակազմին հասցնողն ու հետո նաեւ հիվանդին անվտանգ տեղափոխողը շտապօգնության մեքենայի վարորդն է: Մեր զրույցից առաջ էլ 1-03 ծառայության վարորդ Հարություն Սահակյանը մի հիվանդի էր հոսպիտալացրել: Իրեն համարեց բժշկի աջ ձեռքը երբեմն մասնակից է դառնում բժշկական գործողությունների: Չնայած արդեն նավիգացիոն համակարգի գործարկմանը՝ նա ինքնուրույն էլ Երեւան քաղաքը շատ լավ է ճանաչում, սակայն նշում է, որ երբեմն հիվանդատերն է սխալ, նաեւ հին հասցե են ասում՝ չիմանալով, որ այն արդեն փոխվել է: «Սա կարող է դառնալ ուշացման պատճառ»:
1-03 ծառայությունն օրական 500-600 ահազանգ է սպասարկում, որից 100-ից ավելին հոսպիտալացվում են. վիճակագրությունը ներկայացնում է Երեւանի շտապ բուժօգնություն ՓԲԸ-ի փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը: Միակ ցանկությունն է, որ բրիգադների թիվն ավելանա՝ 36-ից դառնա 50. մեկ բրիգադը 20000 բնակչի սպասարկի: Բոլորին օգնելու խնդիր է առաջանում հատկապես «պիկ» ժամանակաշրջանում: Տիկին Ժամկոչյանը հասարակությանը կոչ է անում չծանրաբեռնել 1-03 հեռախոսահամարը, ինչպես նաեւ հենց ծառայությունը. «Քրոնիկական հիվանդները, որոնք ունեն ճնշում կամ տարբեր հիվանդությունների սրացումներ, մեզ են դիմում, լավ կլիներ, որ իրենք իրենց պոլիկլինիկաներ դիմեն օրվա այն ժամերին, երբ այդ ծառայությունները աշխատում են, շատ լավ կլինի, որ դեղորայքը ճիշտ ժամանակին ընդունեն, եւ թույլ չտան ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մենք օգնություն ցույց տանք: Մեր ծառայությունը կոչվում է արտահիվանդանոցային շտապ բուժօգնություն, որի մեջ մտնում են այնպիսի ծանր դեպքեր, ինչպիսիք են՝ վթարները, այրվածքները, կոմաները. այն ոսկե վայրկյանները, որ մենք պետք է տրամադրենք տվյալ պահին այդ հիվանդին սպասարկելու համար, երբեմն մենք կարող ենք լինել քրոնիկական հիվանդի մոտ: Շատ լավ կլիներ, որ նրանք չծանրաբեռնեին շտապօգնության ծառայությունը»,- ասում է նա:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.07.2014