Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին նախագահն իր բարձունքից չպետք է արձագանք տա արյունախումին»

Հուլիս 02,2014 14:50

ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը վստահ է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական քառյակում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության առաջարկ չի ներկայացնի:

«Ես կարծում եմ, որ առաջին նախագահն իր բարձունքից երբեք չպետք է որեւէ արձագանք տա մի մարդու խոսքի, ով արյունախում է, բազմաթիվ հանցագործությունների հեղինակ է: Նրան լուրջ վերաբերվել, նրա հարցազրույցները կարդալ, դրանք քննարկել, մեկնաբանել կամ նրա անունն ընդհանրապես արտասանելը համարում եմ սրբապղծություն»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի արձագանքում Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որտեղ Քոչարյանի բարձրաձայնած մտահոգությունները համընկնում են խորհրդարանական քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», իշխանություններին ներկայացրած 12 պահանջների հետ: Տեսակետներ հնչեցին, որ քառյակի հետեւում «Քոչարյանի ականջներն» այդպիսով սկսում են բացահայտվել: Մասնավորաբար, «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանն ասել էր. «Ես շատ կուզեի, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանն անպայման գնահատական տա Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտքերին: Ինչպես որ ներկայացրեց Հայաստանի կործանման` Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը, լավ կլիներ, որ առաջին նախագահը ներկայացներ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի կանխման ճանապարհային քարտեզը: Դա կարեւոր է, քանի որ հստակություն կմտնի ոչ իշխանական ուժերի ներսում, ինչն էլ հնարավորություն կտա, որպեսզի հասարակությունն էլ հասկանա` որտե՞ղ է իշխանությունը եւ որտե՞ղ է ընդդիմությունը»:
Զոյա Թադեւոսյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանին չի կարելի քաղաքական գնահատական տալ. «Ինքը թող խոսի, ինչ ուզում է՝ ասի, դա իր գործն է եւ իրավունքը: Բայց մեր իրավունքն է այդ մարդուն անտեսելը: ՀՀ-ում գոյություն ունի 1998-2007 թվականներին Հայաստանի նախագահի աթոռը բռնազավթած անձ, ով հանցագործ է եւ դեռ պետք է պատասխան տա իր արարքների համար, պետք է խստագույնս պատժվի թե ՀՀ-ի, թե միջազգային օրենքներով: Այդ անձին քննարկելը մեզ սազական չէ»:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հավանական էր համարել խորհրդարանական քառյակի եւ Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն հենց Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցությունն է, հետաքրքրվեցինք` ՀԱԿ-ի համար խնդրահարույց չէ՞ ԲՀԿ-ի նման դիրքորոշումը: «ՀԱԿ-ը երբեք չի քննարկել ու երբեք հավանական չի համարում Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ համագործակցություն: Արամ Մանուկյանի հարցազրույցը տպագրվեց մամուլում, որտեղ նա ասաց` ես այդպիսի քաղաքական գործիչ չեմ ճանաչում: ՀԱԿ-ում այդ անձի հանդեպ պահպանվում է քար լռություն, որովհետեւ քար լռությունն իր մեջ պարունակում է խորը արհամարհանք այդ անձի հանդեպ: Որեւէ տեսանկյունից մենք Ռոբերտ Քոչարյանին չպետք է դիտարկենք որպես հետաքրքրության առարկա ՀԱԿ-ի համար: Իսկ թե ի՞նչ կարծիք կհայտնի ԲՀԿ-ն, դա ԲՀԿ-ի իրավունքն է»,- ասաց Զոյա Թադեւոսյանը` չհամաձայնելով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցությունն է. «Չգիտեմ՝ այդ տեղեկությունն ինչքանո՞վ է ստույգ կամ ի՞նչ է նշանակում` նա է ստեղծել. նա ի՞նչ կարող էր ստեղծել որ՝ քանդելուց բացի: Մի ամբողջ պետություն քանդեց, կուսակցությո՞ւն ստեղծեց: Նա ստեղծող չէ: Չեմ հավատում: Նա հախուռն քանդող է: Մարդ, որը պետության տնտեսական երակը` երկաթուղին, վերացրեց: Պետության դեմքը հանդիսացող, պատմությունը ներկայացնող տրամվայի գծերը վերացրեց: Վերացրեց բոլոր մարդկային արժեքները: Ցույց տվեց, որ ընկերոջը, որի հետ սովորել էր տարիներ շարունակ, բարեւելու համար կարելի է ոտքի տակ սպանել: Նման անթիվ ու անհամար օրինակներ կարելի է բերել»:

Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին խոսելն, ըստ մեր զրուցակցի, առնվազն կնշանակի, որ հայ ժողովուրդը բարոյապես այնքան է աղքատացել, որ հույս կարող է կապել «այդ արյունարբուի» հետ: ՀԱԿ վարչության անդամը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն բարոյական, այլեւ որեւէ իրավունք չունի այսօր քննադատություններ հնչեցնելու. «Այն պահից սկսած, երբ ԺԵԿ-ի թղթով հաստատեց, թե ինքը ՀՀ քաղաքացի է եւ դարձավ նախագահ, սկսվեց նրա հանցագործությունների շարքը»:
Հարցին՝ եթե ԲՀԿ-ն քառյակում առաջարկ ներկայացնի Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության, քառյակը կտրոհվի՞, Զոյա Թադեւոսյանն ասաց. «Ես վստահ եմ, որ այդպիսի առաջարկ չի լինի»:

Օֆշորային սկանդալի մեջ թաթախված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու առիթով էլ տիկին Թադեւոսյանից հետաքրքրվեցինք` դա վերջինիս պարգեւատրմա՞ն, թե՞ պատասխանատվությունից հեռացնելու միջոց էր: Մեր զրուցակիցը նկատեց, որ վերջին տարիներին մեր դիվանագիտական կորպուսը կարծես վերածվել է «տուգանային գումարտակի», եւ երբ բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատում են, անպայման ուղարկում են դիվանագիտական աշխատանքի: «Դա չափազանց ծայրահեղ, անլուրջ վերաբերմունք է ընդհանրապես դիվանագիտության հանդեպ: Ես վստահ եմ, որ մեր արտաքին քաղաքականության ձախողումները գալիս են հենց նման վերաբերմունքից: Դիվանագետների կրթվածությունը, մասնագիտական պատրաստվածությունը, համապատասխան դիպլոմների առկայությունը հաշվի չեն առնվում: Արդյունքում ունենք ձախողված արտաքին քաղաքականություն, վատ դիվանագետներ, որոնք պատեհ առիթի դեպքում չեն կարողանում արժանի հակահարված տալ բոլոր այն մեղադրանքներին, որոնք տարբեր ատյաններում մեր պետության հանդեպ հնչում են, հատկապես հակառակորդ հարեւան պետության կողմից: Տիգրան Սարգսյանն էլ տեղավորվում է նույն տրամաբանության մեջ, որովհետեւ նա ստանալով տնտեսագիտական կրթություն՝ չափազանց վատ տնտեսագետ էր, ընդհանրապես տնտեսագիտական մտածողությունից զուրկ անձնավորություն էր: Նույնքան էլ վատ դիվանագետ կլինի, այն էլ աշխարհի թիվ մեկ, եթե որոշ վերապահումներով մոտենանք, պետությունում` ԱՄՆ-ում: Դա սխալ մոտեցում էր: Դիվանագիտությանն այդպիսի թեթեւամիտ մոտեցման բացասական պտուղները տարիների ընթացքում մենք վայելում ենք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ Լեւոնյան says:

    Ա՛յ տնաշեն, 2007-ի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2012 թվականը առաջին նախագահն էնքա՜ն է արձագանքել ու պատասխանել ,,արնախումին,,…Ի՞նչ է, դու այս երկրում չէիր ապրո՞ւմ, որ չտեսնեիր ու չլսեիր…

  2. david says:

    Համբերության բաժակը լցվում է…Հիմա էլ անձնագիր չեն տալիս, որ արնախումների օկուպացրած երկրից հեռանամ:Խելագարները հույսներն ինձ վրա են դրել և ուզում են զինվոր լինեմ:Թշնամիներկս համար բարեկամներիս դեմ կռվե*մ:Սերժիզմն ուզում է արյուն տամ զինվորական կամիսիա անցնեմ:Առ քեզ, սերժիզմ: Հրամայում եմ, խելոք պահանջս իրականացրեք, մեղք եք, մեջներդ մարդիկ էլ կան, տեսեք, ասում եմ, անակընկալ չեմ անում, խելքի եկեք և մի փակեք ճանապարհս:Հակառակ դեպքում ժանտախտից չեք փրկվի, ինչպես ես չեմ կարողանում փրկվել վամպիրաբութ գենետիկ ֆաշիզմից:Սպիտակ պատերազմից փրկություն չի լինի, դա իմ պատերազմը կլինի:Ձեռքդ հեռու ֆաշիզմ, կեղտոտ խառնարյուն բոշա, յան տուր ինձանից:Մի ստիպի հոգուս վրա մեղք վերցնեմ ու վերածվեմ ֆաշիստ սերժի:Զինվոր եք ուզում, ես միայն կռիվ ունեմ ղարահայաբթաֆաշիզմի հետ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031