Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է գալիս պարտվողի հոգեբանությունը

Հուլիս 02,2014 12:30

Ազգային մակարդակով դա,
հավանաբար, «նեղացած երեխայի» դերի արդյունք է

Անցած շաբաթվա վերջում կայացած «Ժառանգություն» կուսակցության համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը, ի թիվս բազմաթիվ ճիշտ եւ սխալ գնահատականների, անցյալի վերաբերյալ արդարացի եւ անարդար դժգոհությունների, մի դատողություն հայտնեց, որի հետ ես լիովին համաձայն եմ. «Մենք ուղղակի ազգովին պատրաստ չենք հաղթանակի: Պատրաստ չէինք ապահովել այդ հաղթանակը, դրա մեջ ամոթ բան չկա, որովհետեւ դրանից մի ամիս առաջ ոչ ոք չէր մտածում հաղթանակի մասին: Ասում էին՝ մենք գնացող ենք, անկարող ենք: Բայց հայ ժողովուրդն արեց ու ցույց տվեց, որ կարող է հաղթանակ ապահովել: Ու սա մարտահրավեր էր ոչ թե թեւաթափ լինելու, այլ ավելի լավ պատրաստվելու համար»:

Խոսքը, ինչպես հասկանում եք, ընտրությունների մասին է: Իսկապես, 1995 թվականից սկսած իշխանության տարբեր թիմեր դրանք կեղծել են, իսկ ընդդիմություն կամ «ոչ իշխանություն» դառնալուց հետո դժգոհել են կեղծիքներից՝ չընդունելով եւ անգամ ներողություն չխնդրելով, որ նույնն են արել: Բայց «Ժառանգության» առաջնորդը իրավացիորեն խոսում է մեր, այսինքն՝ հայաստանցիների պարտության հանդեպ նախատրամադրվածության մասին: Մոտավորապես նույն առանձնահատկությունն էր նշում Վազգեն Սարգսյանը, երբ ասում էր, որ մենք նույնիսկ հաղթանակներից հետո մի տեսակ հոգնում ենք եւ աստիճանաբար կորցնում ենք հաղթանակի պտուղները:
Հոգեբանները դա անվանում են «պարտվողի հոգեբանություն», որով ապրելը, պատկերացրեք, բավականին հեշտ է՝ դա իրականում արտաքին աշխարհի եւ քեզ շրջապատող մարդկանց հետ մշտական կոնֆլիկտի մեջ ապրելու հոգեվիճակ է: Բավական է ընդունել «աշխարհի վերջի», դառը ճակատագրի մասին ֆատալիստական գաղափարները, ասել, որ միեւնույն է՝ ոչինչ փոխել հնարավոր չէ, որ «էրեգ լավ էր, քանց վուր էսօր», բայց դե «ընկել ենք, պիտի քաշենք»:

Պարտվողը չի սիրում խելացի մարդուն, քանի որ նա խելացի է, բարետեսին, քանի որ նա բարետես է, տղամարդկանց, քանի որ նրանք տղամարդ են, կանանց, քանի որ նրանք կանայք են: Մի խոսքով՝ ոչ մեկին չի սիրում: Նախեւառաջ՝ իրենք իրենց, եւ պարբերաբար բացականչում են՝ ես վատն եմ, ես հիվանդ եմ, ես ոչ մեկին պետք չեմ: Պարտվողի հոգեբանություն ձեռք բերելու մեջ, այդպիսով, ոչ մի դժվարություն չկա, որովհետեւ քո դժբախտությունների համար մեղավոր փնտրելը շատ ավելի դյուրին է, քան փորձել ինքնուրույն ինչ-որ մի բան անելը:

Հիմա փորձեք ամերիկացի հոգեբան Էրիկ Բեռնի եւ մի շարք այլ գիտնականների գաղափարները տարածել այսօրվա հայաստանյան իրականության վրա: Ինչի մասին են մարդիկ սովորաբար խոսում փողոցում, ընտանիքներում, ընկերական սեղանի շուրջ: Գնահատականները, որպես կանոն, տրվում են հենց այդ՝ պարտվողի հոգեբանության տեսանկյունից, եւ սկզբունքորեն նույն տրամադրություններն են գերակայում սոցցանցերում: Ազգը, որը դարեր շարունակ եւ հատկապես 100 տարի առաջ հարվածներ է ստացել, շարունակում է ապրել այդ հարվածների հոգեբանության ազդեցության տակ, սնելով եւ փայփայելով «ինքնախղճահարությունը»: 1990-ականների սկզբին նախանշաններ կային, որ այդ հոգեբանությունը կհաղթահարվի, բայց տարբեր պատճառներով դա չհաջողվեց:

Շարունակելով Բեռնի եւ նրա հետնորդների տեսության շարադրանքը՝ նշեմ, որ ըստ նրանց՝ պարտվողի հոգեբանությունը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մենք ընտրում եք «Ծնողի» կամ «Երեխայի» սոցիալ-հոգեբանական դերերը: «Ծնողն», ըստ այդմ, նա է, ով պարտադրում է տաբուներ՝ նրա կեցվածքը բաղկացած է ուրիշներին ուղղված հազարավոր «ոչ»-երից՝ երբեք չանես այսպես կամ այնպես: Ընդ որում, իրենք՝ «Ծնողները», հաճախ խախտում են իրենց իսկ հայտարարած տաբուները: «Ծնողի» դերի առանցքում է՝ «ես լավն եմ, դու՝ վատը» կարծրատիպը, լավն եմ, որովհետեւ գիտեմ, թե ինչպես պետք է վարվել կյանքի բոլոր իրավիճակներում, իսկ դու վատն ես, որովհետեւ զանց ես առնում իմ արգելքները: Կամ՝ «երկուսս էլ վատն ենք», որովհետեւ ես չեմ կարողանում քեզ փոխանցել իմ փորձառությունը:

«Երեխայի» դերում մարդիկ կամ կատարում են այդ հրահանգները, կամ էլ չեն կատարում, ու, համապատասխանաբար, առաջնորդվում են՝ «ես վատն եմ, դու լավը», կամ էլ դարձյալ՝ «երկուսս էլ վատն ենք» նշանաբանով: «Երեխան» (հիշեցնեմ, դա դեր է, ոչ թե տարիք՝ խոսքը միանգամայն չափահաս մարդկանց մասին է) մշտապես «երկաթյա ալիբի» ունի, թե ինչու նրա մոտ ոչինչ չի ստացվում՝ «եթե ես ընտանիք չունենայի, եթե հովանավոր ունենայի, եթե փող ունենայի, ապա…»: Թե «Ծնողի» եւ թե «Երեխայի» դերը կարող է հիմք դառնալ պարտվողի հոգեբանության:

Միակ դերը, որը բերում է հակառակ արդյունքի, «Մեծահասակի» դերն է, որը հիմնված չէ ո՛չ «Ծնողի» «կարծրատիպային», ո՛չ էլ «Երեխայի» էմոցիոնալ հայեցակարգերի վրա: «Մեծահասակի» մոտեցումները մտածված են, գիտակցական: Նա չի ցանկանում վերացնել «Ծնողին» եւ «Երեխային», այլ ձգտում է ստուգել, թե որքանով են առաջինի «փորձառությունը» եւ երկրորդի «զգացմունքները» համապատասխանում իրականությանը: «Մեծահասակի» դիրքորոշումն է՝ «ես լավն եմ, դու լավն ես»:
Իմ տպավորությամբ՝ մենք՝ հայերս, թեեւ շատ հին ազգ ենք, բայց մեր կեցվածքը հաճախ հիշեցնում է նեղացած երեխայի վարքի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հնարավոր է, մի թեթեւ կապ ունի։

    https://infostart.ru/public/289894/

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031