Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ չասաց Լավրովը, ասաց Գլազեւը

Հուլիս 02,2014 14:59

Ինչո՞ւ է սահմաններում լարվածությունը համընկել
ռուս-ադրբեջանական հարաբերություններում ջերմացման հետ

Եթե մինչ այժմ ռուսական փորձագիտական շրջանակներն էին Եվրասիական միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը քննարկում եւ կապում կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, ապա օրեր առաջ այս «վարկածը» հնչել է արդեն պաշտոնական մակարդակով:

«Вестник Кавказа»-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինի խորհրդական, հանրահայտ Սերգեյ Գլազեւն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի` Ադրբեջան կատարած այցերին եւ նկատել. «Ադրբեջանը մեր ավանդական ու բարեկամական գործընկերն է, որի հետ մենք աշխատում ենք ամեն օր: Ցայսօր մենք էական միասնության ենք հասել մշակութային, հումանիտար ու առեւտրային համագործակցության իմաստով: Դժբախտաբար, Ադրբեջանը չի մասնակցում եվրասիական տնտեսական գործընթացին: Ռուսաստանի համար դա բացթողում է, եւ մենք կցանկանայինք Ադրբեջանը տեսնել որպես եվրասիական ինտեգրացիոն գործընթացի լիիրավ մասնակից»: Այնուհետեւ Գլազեւը հավելել է, թե հասկանում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը որքան է արգելակում Հարավային Կովկասի տնտեսական զարգացմանը. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դրան խանգարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը: Եթե հաջողվի վերջնականապես կարգավորել այդ հակամարտությունը եւ Կովկասում ապահովել կողմերի փոխըմբռնում ու երկարաժամկետ խաղաղություն, ապա կարծում եմ, որ կվերացվեն այն խոչընդոտները, որոնք այսօր Ադրբեջանին խանգարում են դառնալ եվրասիական ինտեգրման լիիրավ մասնակից: Կարծում եմ, որ դրանով էլ բացատրվում է վերջին շրջանում Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի իշխանությունների մեծ ուշադրությունը»:

Որ պաշտոնական Մոսկվայի «ուշադրությունը» բավական ընդգծված է Ադրբեջանի նկատմամբ` դրանում համոզվեցինք դեռ Աստանայում` եվրասիական եռյակի գագաթնաժողովում, երբ Իլհամ Ալիեւի հայտնի նամակը հրապարակայնացվեց: Ռուսաստանցի պաշտոնյաները արդեն մի քանի շաբաթ մեկը մյուսին հերթ չտալով ռուս-ադրբեջանական հարաբերություններն են կարեւորում՝ դրանք անվանելով «ռազմավարական» եւ դրա համատեքստում հիշատակում ԼՂ հակամարտության կարգավորման թեման:

Այսինքն՝ այն, ինչ չասաց Լավրովը Բաքվում եւ Երեւանում, ասաց Գլազեւը՝ ՌԴ ԱԳ նախարարի` տարածաշրջան այցելությունն ամփոփելով բավական անկեղծ դիտարկումներով:

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն էլ Բաքվում ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը լավ կհամակարգեն իրենց գործողությունները Բաքվում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ի առաջիկա նստաշրջանում: Իլհամ Ալիեւն իր հերթին հայտնել է, որ երկու երկրները միասնական մոտեցում են ցուցաբերում միջազգային կյանքի հանդեպ: Ալիեւի խոսքերով՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները դինամիկ ձեւով զարգանում են բոլոր ոլորտներում: Նարիշկինն իր հերթին հայտարարել է. «Մենք գտնվում ենք մեզ համար հարազատ հողում, ուր մենք մեզ զգում ենք ինչպես մեր տանը: Դա մեծ վստահություն է հաղորդում մեզ, որ մենք մշտապես մեր ադրբեջանցի գործընկեր-պատգամավորների հետ իրականացնում ենք մեր գործողությունների լավ համակարգում միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում, այդ թվում նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Ադրբեջանի ակնկալիքների թեմայով հրապարակումների վերջին շրջանում կարելի է ավելի ու ավելի հաճախ հանդիպել ադրբեջանական կայքերում: Ռուս-ադրբեջանական՝ օր օրի ջերմացող հարաբերությունները չի շրջանցում ադրբեջանական մամուլը: Ադրբեջանական Yeni MՖsavat թերթն, օրինակ, օրերս հայտնում էր, թե Մոսկվան ու Բաքուն գտնվում են «պատմական համաձայնության շեմին»՝ հավելելով. «ՌԴ-ն ակնհայտ ուշադրություն է հատկացնում Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Եվրասիական միության նախագծի ճակատագիրն այժմ մեծապես կախված է Ադրբեջանից, որին ռուս ստրատեգները տեսնում են Ուկրաինայի պոտենցիալ փոխարինողի դերում: Բացի այդ, Արեւմուտքի հետ «Սառը պատերազմի» շեմին հայտնված Վլադիմիր Պուտինին «օդի ու ջրի պես» անհրաժեշտ է Եվրասիական միության նախագծի իրագործումը՝ սեփական ուժը ցուցադրելու համար: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն ունի իր «դարդը», այն է՝ Ղարաբաղյան հակամարտությունը, որի լուծումը մեծապես կախված է Մոսկվայից: Ստացվում է, որ Ադրբեջանի հիմնական խնդրի լուծման ելքը բխում է Ռուսաստանից, իսկ Պուտինի թիվ մեկ խնդիրը՝ Բաքվից»: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի այցի օրերին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը նշեց, թե ՌԴ-ն փոխել է իր երբեմնի դիրքորոշումը ԼՂ հարցում. «Եթե Ռուսաստանն իրական ներդրում ունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա այդ ժամանակ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները կվերաճեն մինչեւ ռազմավարական դաշնակիցների մակարդակի»:

Հետաքրքրականն այն է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման ֆոնին ղարաբաղյան շփման գծում լարվածությունն է մեծացել: Հունիսի 29-ին NEWS.am-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրանն Օհանյանն ասել է. «Չեմ կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան, բայց կա լարվածություն սահմանամերձ շրջաններում, ԼՂՀ-ի հետ շփման գծում եւ Հայաստանի հյուսիսարեւելյան սահմաններում: Իրավիճակը սահմաններում այսօր այսպիսին է. որոշ վայրերում հայկական եւ ադրբեջանական բնակավայրերը շատ մոտ են գտնվում մարտական դիրքերին եւ շատ դեպքերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվում են: Մենք արժանի հակահարված ենք տալիս: Ցավոք սրտի, չենք կարող զերծ մնալ կորուստներից: Մեզ մնում է այնպիսի խիստ պատասխան տալ, որ դա իր ազդեցությունն ունենա»: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, օրերս հրաման է արձակել «հայկական կողմի գնդակոծություններին տասնապատիկ պատասխան տալու» մասին: Ըստ razm.info-ի` Հասանովը ադրբեջանական ԱՆՍ գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն ունեցել են դիրքային առաջխաղացում։ «Հասանովն անդրադարձել է նաեւ Նախիջեւանի շուրջ ստեղծված իրավիճակին, որից առանձնացնենք առավել ուշագրավ հատվածը։ Նախիջեւանում առանձին համազորային բանակի ստեղծումից հետո հայերը սեփական տարածքում հիմնել են մեկ-երկու դիրք։ Բնական է, որ այս քայլն ուղղված է ներքին լսարանին՝ ցույց տալու համար, թե իրենք էլ են այնտեղ (Նախիջեւանում-«Ռազմինֆո») ինչ-որ բան անում։ Բայց չէ՞ որ մեկ-երկու մարտական դիրքով խնդիրը չես լուծի»,- գրում է razm.info-ն։

Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ը, որը ժամանակ առ ժամանակ անդամ երկրների անվտանգության հարցերում աջակցության տարբեր ծրագրերի մասին է բարձրաձայնում, քար լռություն է պահպանում հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի լարվածության առիթով: Թեեւ հաշվի առնելով Ադրբեջանի հետ Ռուսաստանի վերջին «ռազմավարական» հավատարմության հավաստիացումները` այլ բան ակնկալելն էլ, թերեւս, միամտություն կլիներ…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031