Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է, իր որդու հարսանիքի քավորից` Սամվել Բալասանյանից հեռանալիս, այնուամենայնիվ մի լավություն ևս արել է նրան: Օրերս առաջ մամուլի ասուլիսով հրաժարական տվող փոխքաղաքապետը որպեսզի ապացուցի, որ իր ու Սամվել Բալասանյանի միջև որևէ կոնֆլիկտ չկա, պտտվող խոսակցությունները հերյուրանք են, և ինքը հեռացել է իր կամքով, փաստաբանական գրասենյակ հիմնելու ու ավելի շատ գումար վաստակելու համար, ասաց. «Երեք օր առաջ, երբ ես քաղաքապետարանում էի ու արդեն դիմում էի գրել աշխատանքից ազատման, անհրաժեշտություն առաջացավ Շիրազի 100-ամյակի կապակցությամբ ձեռքով Շիրազին նկարել, որպեսզի մեծացնեն ու փակցնեն: Հիմա, որ քաղաքում փակցվեն, իմացեք, դա իմ ձեռքի գործն է»:
Մի քանի օր է` Գյումրու քաղաքապետարանը Գուրգեն Մալխասյանի ձեռքի գործը փակցրել է քաղաքի ամենակենտրոնական հատվածներում, այնպես որ մեծ բանաստեղծի դիմանկարը միանգամից գրավում է թե անցորդների և թե մեքենայի վարորդների ուշադրությունը: Aravot.am-ի ֆոտոխցիկը ֆիքսեց նախկին փոխքաղաքապետի ստեղծագործական տաղանդը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ