Լրահոս
Օրվա լրահոսը

Արտո Չաքմաքչյան. «Ստալինին կերտեցի պլաստիլինից, օգնեցին ուսումնարան ընդունվել»

Հուլիս 01,2014 23:01

Այսօր էլ Նարեկացի արվեստի միությունն էր հյուրընկալել անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանին. Նարեկացի արվեստի միությունը այդ հանդիպմամբ մեկնարկեց իր նոր՝ «Էնտելեխիա» խորագրով նախագիծը: Միջոցառմանը ներկա էին այլ անվանիներ եւս՝ Տիգրան Մանսուրյանը, Պերճ Զեյթունցյանը… Շախմատի արքա Լեւոն Արոնյանն էլ էր եկել ու նույնիսկ հարց ուղղեց քանդակի մաեստրոյին:

Արտո Չաքմաքչյանն ասաց, որ արվեստի հանդեպ հակումը եւ իր մեջ համապատասխան փոփոխությունների գրավականը անցյալի հայ մշակույթն էր, որն իրեն ստեղծագործելու ու կայանալու ուժ է տվել. «Արվեստը կտրվածք չէ, շարունակություն է, այդ շարունակությունը ես տեսել եմ անցյալի մեր կոթողների մեջ, դրա համար էլ ուզում եմ ավելի շատ մնալ Հայաստանում, որովհետեւ պարտքս դեռ չեմ հանձնել իմ երկրին»:

narekaci3

 

Մաեստրոն հիշեց, որ հոր մահից հետո ճակատագրական նամակ է ստացել հոր ընկեր Վահան Մալեզյանից, որը պատրաստակամություն է հայտնել իրեն աջակցել Ֆրանսիայում նկարչական կրթություն ստանալու հարցում: «Այդ ընթացքում «Պոբեդա» նավը հասել էր Եգիպտոս ու մարդկանց տանում էր Հայաստան: Մայրս որոշեց, որ Հայաստան գնալը ավելի ճիշտ է, ու ես հլու հնազանդ կատարեցի նրա ցանկությունը»,-պատմեց վարպետը: Նաեւ հավելեց, որ նավի վրա պլաստիլինով խաղում էր ու խորհրդային ղեկավարներից մեկը նկատել է դա, խոստացել իրեն Հայաստանում նկարչական ուսումնարան ընդունել, եթե կարողանա պլաստիլինից Ստալին կերտել: «Հիշում էի՝ Ստալինը մե՜ծ բեղեր ուներ, ես բեղերը շեշտեցի ու շատ նման ստացվեց: Դա զվարճացրեց այդ մարդուն եւ իսկապես օգնեց ընդունվել նկարչական ուսումնարան»,- հիշեց Արտո Չաքմաքչյանը:

narekaci2

Վարպետը մի խոստովանություն արեց՝ 1964 թ. Մոսկվայում Խաղաղության Կոմիտեի առաջին մրցանակին արժանացած իր «Հիրոսիմա» քանդակը իրականում Հայոց եղեռնի հուշարձան էր, ուղղակի դա Հայաստանում մերժվեց, ինքն էլ մոսկովյան մրցույթին ներկայացրեց իբրեւ «Հիրոսիմա»: «Միշտ ամաչել եմ դա խոստովանել, առաջին անգամ եմ ասում»,-հայտնեց Չաքմաքչյանը: Վարպետը նորից շեշտեց, որ ինքը «սնվում» է ազգայինից. «Ինձ համար Նարեկացին մտածելու կերպար է, Կոմիտասը՝ հայու…Նարեկացիի մեծ արձան սարքել եմ, մի օր պիտի գա Հայաստան»: Ինչ վերաբերում է Կոմիտասին, վերջին անգամ նրան քանդակել է ընդամենը որպես սքեմ՝ առանց Կոմիտասի:

narekaci4

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչ արձաններ չէր ցանկանա տեսնել Երեւանում, վարպետն ասաց, որ կան բազմաթիվ պրիմիտիվ արձաններ, որոնք կրում են իրենց ժամանակի մտածողության դրոշմը. «Կառավարությունը պետք է մտածի, որ դրանց պատճառով ժողովուրդը անգիտակից կարող է զարգանալ»: Քանդակագործը չափազանց բարձր գնահատեց Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանը, իսկ Կասկադում տեղավորված Բոտերոյի քանդակների մասին ասաց. «Ոչինչ, իրենք հյուր են եկել» :
Անդրադարձ եղավ նրա «Հայկական ճատրակին», որ այժմ Շարլ Ազնավուրի մոտ է. Արտո Չաքմաքչյանը երազում էր, որ որեւէ պուրակում կլինեն իր շախմատային ֆիգուրները, երեխաներն էլ դրանց շնորհիվ կծանոթանան ինչպես հայոց թագավորներին ու թագուհիներն, այնպես էլ մարզաձեւին: Սակայն, ճակատագիրը նրան այլ «նվեր» էր պատրաստել: «Մի օր հարբած քաղսովետ մտավ Իսրայելյանը (նկատի ունի Ռաֆայել Իսրայելյանին-Գ.Հ.) ու ասաց՝ էս ի՞նչ կապիկներ են, վերջ տվեք»,-ժպտալով, բայց առանց չարության պատմում է մաեստրոն:

Վարպետին լսարանը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու: Օրինակ` մեկին հետաքրքրում էր՝ ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդներին. մնալ ու ստեղծագործել Հայաստանո՞ւմ, թե՞ հեռանալ հայրենիքից ու դրսում բախտ որոնել: Արտո Չաքմաքչյանը պատասխանեց. «Եթե ես լինեի, վերջին ցենտը կպահեի, որ գնայի աշխարհ տեսնեի, սովորեի ու հետ գայի Հայաստան»: Նաեւ իր հայաստանյան ճամփորդություններից պատմեց: Երիտասարդ տարիներին խնդրել է, որ որեւէ գիրք տան ձեւավորելու, Զեյթունցյանի գրքերից մեկն են հանձնարարել նկարազարդել: Հոնորարով փոքրիկ լուսանկարչական սարք է գնել ու շրջել Հայաստանի տեսարժան վայրերով ու եկեղեցիներով:

Միջոցառման ավարտին Արտո Չաքմաքչյանի քանդակներից մեկի բացումը կայացավ Նարեկացի արվեստի միության սրահներից մեկում: Նարեկացիում ասացին, որ վարպետը մեծ դերակատարություն է ունեցել նման միություն ունենալու գաղափարը հղանալիս:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031