Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթի հուլիսի 1-ի «Լավ բան ասեց՝ մոնտաժվեց» հրապարակմանը
Անկեղծ ասած, զավեշտի դաշտին են պատկանում այն մտքերը, որոնք արտահայտված են տվյալ հրապարակման մեջ: Նախ, որպես հեռուստատեսության բնագավառում աշխատող մասնագետ, ուզում եմ փոքրիկ ճշտումներ մտցնել տպագիր մամուլում աշխատող և հեռուստատեսության մասին նյութեր հրապարակող որոշ գործընկերներիս համար.
1. Ի գիտություն հրապարակողի, «Երև1» նախագծի «գրաքննությամբ մոնտաժված ու եթեր հեռարձակված» տվյալ թողարկումը Արմենիա ՀԸ 24 ժամյա հեռուստաեթերում կրկնվում էր արդեն 3-րդ անգամ, այնպես որ նյութը հրապարակողը կարող էր նեղություն տալ իրեն և կաբելային հեռուստաալիքի catch up program համակարգի միջոցով ճշտեր՝ դա բոլոր թողարկումներում է եղել, թե կոնկրետ միայն 3-րդ կրկնության մեջ:
2. Արմենիա ՀԸ չի օգտագործում հենց եթերում ծրագրերը մոնտաժելու պրակտիկան, առավել ևս, որ մոնտաժը ենթադրում է կադրի տրամաբանական մոնտաժային միացումը հաջորդ կադրին, այլ ոչ թե այնպես, ինչպես եթերում է եղել՝ տեխնիկական սև երկարատև խոտանի տեսքով:
3. «Երև1» նախագծի 10-րդ եթերաշրջանի 12-րդ թողարկումը, որը եթեր է հեռարձակվել ապրիլի 16-ին, ապրիլի 17-ից տեղադրված է Արմենիա ՀԸ կայքում և «Երև1» նախագծի youtube-ի բաժնում, այնպես որ հրապարակողը կարող էր չզլանալ և այնտեղից նույնպես ճշտել՝ արդյոք գրաքննություն կամ մոնտաժ տեղի ունեցել է, թե՞ ոչ:
Իսկ հիմա, եթե ձեզ դեռ հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ապա, ուշադրությո՛ւն, ճիշտ պատասխանը:
Հարգելի պարոն Դ.Բաբախանյան
Հայտնում եմ, որ Երևանի հեռուստառադիոհաղորդիչ կենտրոնի էլեկտրամատակարարման համակարգում ս.թ. հունիսի 28-ին ժամը 17.55-ի սահմաններում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի տատանում, որի պատճառով 10-15 վրկ տևողությամբ խոտանվել էր Արմենիա հեռուստաալիքի եթերը:
Հարգանքներով՝
Sahak Davtyan
Deputy General Director
“Television and Radio Broadcasting
Network of Armenia” CJSC (TRBNA)
95 Hovsepyan str. Yerevan 0047
Republic of Armenia
t: +374 10 652 845
m: +374 93 999 116
f: +374 10 655 878
Վերջում ավելացնեմ, որ ինձ, որպես Արմենիա ՀԸ տնօրեն, անչափ հաճելի է, որ մեր հեռուստաալիքի հավատարիմ ու բազմահազարանոց բանակ կազմող հեռուստադիտողների մեջ կան նաև այսպիսի սրտացավ, ուշադիր ու հետևողական մարդիկ:
Հարգանքով՝
Արմենիա ՀԸ տնօրեն