Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Նախագահը զբաղված է աչքակապությամբ»

Հուլիս 01,2014 22:20

«Նախագահը ինչպես շատ հաճախ, այնպես էլ այս կոնկրետ դեպքում զբաղված է աչքակապությամբ»,-Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունը՝  կմեղմի սոցիալապես անապահով խավերի համար հոսանքի սակագնի թանկացումը, այսպես պատասխանեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել  էլեկտրաէներգիայի սակագինը։ Օգոստոսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 41,85 դրամ 1 կվտ-ժամ-ի դիմաց։ Գիշերային սակագինը՝ 28,85 դրամ է։

Այս որոշումից ժամեր անց ՀՀ նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Վարչապետն էլ հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:

Հրանուշ Խառատյանն այս առիթով նկատեց. «Զանազան տեսակի սոցիալական խմբերին փոխհատուցում տալը մեր երկրում մշտապես էլ խաբեության մի ձև է եղել: Օրինակ՝ բռնադատվածների մասին օրենքում երկու հոդվածով նրանց պետք է փոխհատուցում տային բոլոր տեսակի կոմունալ վճարների, նաև տրանսպորտի վճարի հետ կապված: Բայց քանի՞ բռնադատված է ստանում այդ փոխհատուցումը: Սա դեռ ոչ թե կառավարության որոշում է, այլ օրենք, ընդ որում այդ բռնադատվածներից երևի ողջ Հայաստանում մի երեք հազար մարդ է մնացել և նրանց կոմունալ վճարների հիսուն տոկոսը հաստատ հարյուր հազար դրամի չի հասնում, բայց ոչ ոք չի օգտվում դրանից: Եթե օրենքը չի աշխատում, այս կառավարության որոշումը օրենքի առջև քանի՞ կոպեկի արժեք ունի»:

Հրանուշ Խառատյանը կարծում է, որ այս հարցում շատ բացեր կան: Օրինակ՝ կարող է կառավարության որոշման մեջ ժամկետ նշվի փոխհատուցման համար, կամ հարց է՝ կառավարությունն ինչ է հասկանում սոցիալապես անապահով խավ ասելով: Հրանուշ Խառատյանը մտահոգված է. «Այս հարցը այնքան շատ բացեր ունի և այնքան հեշտ է իրեն օգտագործել ուղղակի մամուլի համար: Եթե մի տասը հազար մարդու փոխհատուցում տվեցին, դա եղավ Հայաստանի անապահով խա՞վ: Կամ արդյոք սոցապնախարարությո՞ւնը պիտի որոշի այդ սոցիալապես անապահով խավին, այն նախարարությունը, որը խճճվել է և մինչև հիմա գլուխ չի հանում՝ ինչպես սոցիալապես անապահով խավերի գրադացիա կազմակերպել»:

Հրանուշ Խառատյանի համար «հասկանալի է, որ դա հենց այսօրվա կրքերը մեղմացնելու խնդիր է»: Ազգագրագետը ամփոփեց. «Սա տխուր իրողություն է, աչքակապություն, ոչ միայն պարզ, այլև կոպիտ աչքակապություն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031