«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
– Հայաստանում Ձեր ռուս գործընկերը, ով նույնպես Մինսկի խմբի անդամ երկիր է ներկայացնում, մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, թե ինքը տեղյակ չէ Նախիջևանի կրակահերթերից, որոնց հետևանքով մենք զինվորներ ենք կորցրել, և որոնք կարծես չեն դադարում, մինչդեռ Դուք Ձեր անհանգստությունն էիք հայտնել դրանց կապակցությամբ: Ինչո՞ւ եք անհանգստացած, դա սոսկ անհանգստությո՞ւն է, թե՞ Դուք իրոք սպառնալիքներ եք տեսնում, որ այդ կրակոցները կարող են շատ ավելի մեծ զարգացման հանգեցնել:
– 1994 թվականին ստորագրված հրադադարի խախտումները բոլոր համանախագահների համար լուրջ մտահոգություն են, և մենք` բոլոր համանախագահներս, մասնավորապես ես կարող եմ խոսել ԱՄՆ անունից, պատրաստ ենք աջակցել կողմերին, որ ի վերջո խաղաղ բանակցային կարգավորում, լուծում տրվի այս հակամարտությանը: Այն երկար է տևել, ժամանակն է արդեն, որ այն լուծում ստանա, ցավալի է տեսնել, որ զոհեր են լինում` զինծառայողների, քաղաքացիական անձանց շրջանում, շփման գծի երկայնքով, և վերջին շրջանում դա նաև նկատվում է միջազգային սահմանների մոտ: Դա, անշուշտ, մեծ ցավ է նրանց ընտանիքների համար, իսկ ընդհանուր առմամբ` այս հակամարտությունը ողջ տարածաշրջանն է հետ պահում: Եթե հակամարտությունը կարգավորվի, սահմանները բացվեն, և տարածաշրջանի բոլոր երկրները միասին աշխատեն, սա կարող է լուրջ տնտեսական զարգացում բերել բոլոր երկրներին, հենց դա էլ մենք փորձում ենք անել` աջակցել, նպաստել կողմերին` խաղաղ բանակցային կարգավորում գտնելու հարցում:
– Մյուս կողմից` Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, զենք է վաճառում Ադրբեջանին, հարձակողական այնպիսի զենքեր, որ կարող են օգտագործվել Ղարաբաղյան հնարավոր պատերազմի ժամանակ: Հաշվի առնելով ուկրաինական պատերազմի և Ուկրաինայի ճգնաժամի օրինակով Ռուսաստանի հետ գործակցության մակարդակը, թե որքան հուսալի գործընկեր է Ռուսաստանն ԱՄՆ համար, հնարավոր համարո՞ւմ եք Ղարաբաղյան հակամարտության ճակատում համագործակցություն այնպիսի Ռուսաստանի հետ, որը հակամարտության կողմերից մեկին երեք միլիարդից ավելի զենք է վաճառում, որ կարող է օգտագործվել Ղարաբաղյան հնարավոր պատերազմի պարագայում:
Կարդացեք նաև
– Այս հակամարտության շրջանակում Ռուսաստանի հետ մենք սերտորեն աշխատել ենք դեռ 1994 թվականից: Ռուսաստանը գործուն մասնակցություն է ունեցել, հյուրընկալել է մի շարք հանդիպումներ, և ես կարծում եմ` Ռուսաստանի հետ այս հարցի շրջանակներում մենք կարող ենք աշխատել: ՌԴ հետ մի շարք հարցերում մենք տարաձայնություններ ունենք, Ուկրաինան, անշուշտ, այդ ցուցակում առաջինն է: Նախագահ Օբաման, պետքարտուղար Քերին բազմիցս հայտնել են մեր դժկամությունը կատարվածի վերաբերյալ, նաև ներկայացրել են, թե մենք ինչպիսի հետագա ընթացք ենք ակնկալում այս ճգնաժամի լուծման առումով: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, չնայած այլ հարցերի հետ կապված` աշխարհի տարբեր վայրերում ունեն տարաձայնություններ, սակայն այս հարցում պիտի գտնեն աշխատանքային ընդհանուր եզրեր: ԱՄՆ համանախագահ, դեսպան Ուորլիքն աշխատելու է իր ֆրանսիացի և ռուս գործընկերների հետ` գտնելու ստեղծարար լուծումներ, որ կհանգեցնեն նրան, որ կողմերը քննության կառնեն, կբանակցեն հակամարտության կարգավորման տարրերը:
Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում
Տեսանյութը` 1in.am-ի կայքում