Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային տեսուչները կրթվել են եւ գործից ազատվել. (Տեսանյութ)

Հուլիս 01,2014 20:12

Առողջապահական պետական տեսչություն զանգահարելիս, օպերատորը պատասխանում է` դուք զանգահարել եք առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն: Մինչդեռ անցյալ տարի, կառավարության որոշմամբ, աշխատանքի տեսչությունն ու հակահամաճարակային տեսչությունը միաձուլվեցին եւ ստեղծվեց Առողջապահական պետական տեսչությունը: Բացի այն, որ այս նոր կառույցի վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածությունը ցածր է, որեւէ տեղ չի նշվում, որ տեսչությունը նաեւ աշխատողների իրավունքներով է զբաղվում:

Փորձագետ Ավետիք Մեջլումյանը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ ուսումնասիրել է, այս 2 կառույցների վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավիճակը: Այսօր, Կոնգրես հյուրանոցում փորձագետը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության խնդիրները: Պարոն Մեջլումյանը մտահոգություն հայտնեց, որ տեսչությունների միավորումից հետո աշխատանքի տեսչության կայքը միանգամից դադարել է գործել եւ տարիների ընթացքում այնտեղ զետեղված տեղեկատվությունը, պարզապես, վերացել է: Նրա խոսքերով, խնդիր է նաեւ, որ կառույցների վերակազմավորման շրջանում աշխատանքի տեսչությունում գտնվող մի շարք գործերով վարույթները դադարեցվել են, դժգոհություններ ունենալու դեպքում շատ քաղաքացիներ էլ հնարավորություն չեն ունեցել այդ ընթացքում դիմումներ ներկայացնել: Փորձագետը, որպես օրինակ նշեց Արմավիայի աշխատակիցների դեպքը, երբ ավիաընկերությունը չէր վճարում նրանց աշխատավարձերը: Ըստ Ավետիք Մեջլումյանի, 6 ամիսների ընթացքում տեսչությունը գործատուների մոտ որեւէ ծրագրային ստուգում չի իրականացրել:

Տեսչությունների միաձուլման առնչությամբ, ինչպես Ավետիք Մեջլումյանն է ասում, փորձագետները դրական եւ բացասական կարծիքներ են ներկայացրել:

 

Ավետիք Մեջլումյանը, հետազոտելով նոր կառույցի գործառույթները, եկել է այն համոզման, որ ներկայումս գոյություն ունեն մի շարք կառուցվածքային խնդիրներ, որոնք իրականում լուծելի են օրենսդրական շտկումների միջոցով: Ըստ նրա, Հայաստանում պետական միջամտությունն այս կառույցին մեծապես պահանջված է, քանի որ մեր երկրում արհմիությունների դերի ուժեղացում մոտ ապագայում չի սպասվում. «Պետության դերը ոչ միայն պետք է չթուլացվի, այլեւ ուժեղացվի, քանի որ դրան առայժմ հակակշիռներ մեր երկրում չկան: Սակայն կառավարության որոշման արդյունքում պետության դերը բավականին խոցելի վիճակում է հայտնվել»:

 

Ավետիք Մեջլումյանը գտնում է, որ նման կառույցը պետք է գործի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներքո, մինչդեռ, այն անցնելով առողջապահության նախարարությանը, նախկինի պես ազդեցիկ չի կարող գտնվել գործատուների, աշխատողների եւ արհմիությունների հետ հարաբերություններում. «Առողջապահության նախարարությունը մասնագիտացված կառույց չէ այդ բնագավառում»: Վկայակոչելով միջազգային փորձը, պարոն Մեջլումյանը նշեց, որ օրինակ` Ավստրիայում տրանսպորտի աշխատողների համար կա առանձին աշխատանքի տեսչություն: Ըստ փորձագետի, միաձուլման արդյունքում օրենքի մի շարք պահանջներ հնարավոր չէ կատարել, կադրային խնդիրներ են առաջ եկել, անտեղի ծախսեր են կատարվել, քանի որ մարդկանց համար դասընթաց են կազմակերպել, իսկ միավորումից հետո`նրանց կրճատել: Ներկայումս, բացի այն, որ հանրապետությունում տեսուչները հավասարաչափ չեն բախշված, մեկ տեսուչին միջինը 10 հազար 500 վարձու աշխատող է բաժին ընկնում:

Փորձագետի համար նաեւ պարզ չէ Առողջապահական տեսչությունը նախկին աշխատանքային տեսչության իրավահաջորդն է թե ոչ:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին հետաքրքրում էր, թե տեսչությունը ստացված բողոքներից քանի՞ մարդու դիմումի է դրական լուծում տվել:

 

Ավետիք Մեջլումյանը, կրկին հիշեցնելով, որ աշխատանքի տեսչության կայքը փակված է ասաց, որ դժվար էր այդ հաշվետվությունները հայթայթել:

Մանրամասները` տեսանյութում


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hamlet Hakobyan says:

    2005 թվականի հունիսի 1-ից աշխատել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի պետական տեսչության» Գեղարքունիքի Տ/Կ-ում որպես գլխավոր մասնագետ: 2013 հոկտեմբերին կանչել են և տեղեկացրել, որ պետք է դիմում գրեմ Քաղաքացիական Ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում ընդգրկվելու համար: Ասեմ, որ ելնելով դասային աստիճանից նախապատվությունը իմն էր ՝կադրերի կրճատման դեպքում՝օրենքով սահմանված կարգով…ԽԾԲ-ն լավ էր աշխատել…սակայն իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ ԱՊՏ-ն որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմին ավելի կարևոր էր քան վերակազմակերպված նոր տեսչությունը: Երկրորդում եմ բանախոսներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նաև իմ կարծիքն հայտնել ու ամբողջական տեղեկատվություն տրամադրել օրինախախտման առնչությամբ՝մի քանի անգամ ինձ առաջարկել են կրկին աշխատանքի անցնել տարբեր մարզերում, սակայն ես չէի կարող աշխատել մի աշխատակազմում, որտեղ բացահայտ խախտում են քաղաքացիական ծառայության մասին օրենքը և շատ բարեխիղճ պետական ծառայողների համալրում գործազուրկների բանակը: Անիմաստ համարելով այդ համակարգում աշխատելն՝դիմում գրեցի և դուրս եկա: Ուշադրություն դարձրեք ՝ինչ մասնագիտություն ունեն Տարածքային տեսչության պետերը և ինչ հնարավորություն ունեն վարչական վարույթներ կիրառելու ժամանակ աշխատանքային իրավախախտումները քննարկել: Կամ քանի խախտված իրավունք են վերականգնել այս ընթացքում : Գործատուների հետ քանի սեմինար-խորհրդակցություն են անցկացրել: Հայտնում եմ նաև բոլոր գործատուներին, որ կարող են իմ փորձը օգտագործել այդ տեսչության վարչական ակտերըն ու որոշումներն վիճարկելու համար, ունեմ հիմնադրած հասարակական կազմակերպություն , որի կանոնական նորմերով սահմանված նպատակներից և խնդիրներից ելնելով ,առարկություններ կներկայացնենք շատ վարչական ակտերի; Թող չնեղանան իմ նախկին գործընկերները, սակայն նրանք իմ հնարավորությունները նաև չեն թերագնահատի՝չէ որ մարզի գրեթե բոլոր սեմինար-խորհրդակցություններն ու դատաքննության մասնակցությունը մեծամասամբ օրենքով սահմանված իմ լիազորություններով ես եմ հիմնականում իրացրել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031