Բերդ քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ք.-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2014թ. փետրվարի 18-ի ժամը 17-ի սահմաններում զենքի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ իրեն ամրակցված «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգը լիցքավորել եւ դիտավորյալ կրակոց է արձակել իր ձախ ոտնաթաթին, իր առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որը հանգեցրել է իր կողմից զինվորական ծառայության կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Ա. Ք.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը(անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն»): Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ Ա. Ք.-ն անձնական բնույթի խնդիրների պատճառով է նման քայլի դիմել:
Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա. Ք.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը հուլիսի 1-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ