Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման առիթով. «Ժողովուրդն այս իշխանություններին ուղղակի պիտի վռնդի»

Հուլիս 01,2014 18:51

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր` հուլիսի 1-ին, որոշեց բարձրացնել  էլեկտրաէներգիայի սակագինը։
Օգոստոսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 32,85 դրամ 1 կվտ-ժամ-ի դիմաց։ Գիշերային սակագինը՝ 28,85 դրամ է։

Փաստորեն էլեկտրաներգիայի սակագինը 1 կվտ-ժամ-ի դիմաց 4 դրամով թանկացավ: Արդյոք սա հերթական հարվա՞ծն էր քաղաքացու գրպանին, Aravot.am-ի հետ զրուցած տարբեր ոլորտների ներկայացուցիչները չողջունեցին սակագնի թանկացման փաստն ու այն անհիմն համարեցին:

Vahagn Khachatryan

Aravot.am- հարցին՝ արդյոք թանկացման վերաբերյալ հիմնավորումներն արդարացվա՞ծ են եղել, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ի պատասխան հեգնեց. «Եղե՞լ է դեպք, որ սակագինը թանկացել է, ու հիմնավորված չի եղել: Իրականում ամեն ինչի գինն էլ կարելի է բարձրացնել ու հիմնավորումներ տալ: Մասնագիտական տեսանկյունից էլ են իրենք հիմնավորում, ասում են՝ ավելի թանկ հոսանք ենք գնել, ատոմակայանը երկար է կանգնած եղել, ջուր չի եղել, կարող են պատճառաբանել, որ ռմբակոծություններ են եղել և այլ: Բայց այդ բեռը սպառողի վրա չպիտի դրվի: Իշխանությունը նրա համար է, որ այլ լուծում գտներ խնդրի համար, թող այդ կազմակերպությանը երեք տարվա ցածր տոկոսոդրույքով կամ անտոկոս վարկ տար, քանի որ ասվում էր, որ երեք տարվա ընթացքում հարցը պիտի լուծի, ի վերջո այդ կազմակերպությունն աշխատել է, ինքն իր ռիսկը գնահատելով՝ պիտի գումարներ փորձեր հայթայթել: Ամենաանպաշտպան խավը միշտ էլ քաղաքացիներն են եղել և նրանց վրա է ջարդվում բեռը: Դեռ սակագինը էլի կբարձրացնեն, հետո գազինը, ջրինը, քանի որ ժողովուրդն այս ամենը հանդուրժում է»:

Մեր հակադարձմանը, թե էլ ի՞նչ անի ժողովուրդը, դուրս է եկել փողոց, պարոն Խաչատրյանը հակադրվեց՝ թե դա քիչ է, «ժողովուրդն այս իշխանություններին ուղղակի պիտի վռնդի, այլ տարբերակ չկա, այս իշխանությունը ժողովրդի մասին մտածող չէ»:

Karine-Hakobyan
Հրապարակախոս Կարինե Հակոբյանը նշեց, թե չակերտավոր սկզբունքի, աշխատելաոճի նման մի բան է դարձել ամեն ինչի «հական»: Նա հավելեց. «Հակաժողովրդական, հակազգային, ոչինչ չի բխում հասարակության և ժողովրդի շահերից: Հսկողությունից դուրս մի վիճակ է ստեղծվել, որտեղ ոչինչ հասարակությունից ու քաղհասարակությունից կախված չէ: Անգամ քաղհասարկությունը առայժմ ոչինչ անել չի կարող, քանի որ հաշվի չառնելով վիճակը, արտագաղթի ներկա թափը՝ անում են հակառակ քայլերը»:

Ըստ Կարինե Հակոբյանի՝ իշխանության կողմից իրավիճակի ճիշտ գնահատական և գիտակցում չկա: Տիկին Հակոբյանը վրդովվեց. «Իհարկե, գումարը կպակասի բյուջեում, եթե ընդհանուր կապիտալը, որ ողջ Հայաստանի համար է նախատեսված, անարդարացի բաշխվում է և տեղի է ունենում կուտակում մի ուղղությամբ, բնականաբար բյուջեում գումար չի լինի: Հնարավոր չէ հարստանան մի խումբ մարդիկ և բյուջեն չաղքատանա: Եվ այս բևեռացման բնական տրամաբանական մի գործողությունն է այս սակագների թանկացումը: Մի անգամ էլեկտրաէներգիայի գինը, հետո գազի սակագինը կթանկացնեն, բոլորը նույն տրամաբանության մեջ է»:

Ըստ Կարինե Հակոբյանի՝ հոսանքի սակագնի թանկացումը հարվածում է նաև փոքր ու միջին բիզնեսին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Իրենք էլ են դրան սպասսւմ և երևի թաքուն զարմանում են , որ վռնդող չկա…!!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031