Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան անլուրջ եմ վերաբերվում Գալուստ Սահակյանին, նրա խոսքերը որեւէ արժեք չունեն». «Դեմ եմ»-ի անդամ

Հուլիս 01,2014 17:52

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օրերս լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Կուտակային կենսաթոշակի մասին արդեն նոր ընդունված օրենքին եւ «Դեմ եմ» շարժմանը: Tert.am-ի հաղորդմամբ՝ նա ասել էր՝ «Այնպես չի, որ հասարակությունը միանշանակ ընդունում է «Դեմ եմ» շարժումը եւ նրա կոչերը։ Կարելի է դժգոհել, կարելի է բողոքել, կարելի է առաջարկություններ անել, բայց այն պիտակները, որ կպցնում են, կարծում եմ, դեռեւս պետք է կարողանան իրենց մեջ գտնել այն հարցի պատասխանը, թե իրենց արյունն ինչպիսին է, հարմա՞ր է մեր ազգին, թե՝ ոչ»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը հեգնեց Գալուստ Սահակյանին եւ նրա հայտարարությունը. «Ես այնքան անլուրջ եմ վերաբերվում այդ տիպի հայտարարություններին եւ այն էլ Գալուստ Սահակյանին, որ անգամ ժամանակ չեմ ծախսի՝ նրա խոսքերը մեկնաբանելու համար: Նրա հայտարարությունները ինձ համար որեւէ արժեք չունեն, դրանք ինձ համար դատարկ խոսքեր են»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ այն, որ մասնավոր դաշտում աշխատողների համար մինչեւ 2017-ը օրենքով ժամանակ են տվել, դա Դուք կապո՞ւմ եք 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Հնարավոր է կապ լինի ընտրությունների հետ, բայց ես դա ավելի շատ կապում եմ իրենց կողմից ինչ-որ հաշվարկի հետ՝ հնարավորինս մեղմելու մասնավորի կողմից բողոքի ալիքը: Պետականները, գիտեն, որ չեն բողոքի: Ավելի շատ այդ հաշվարկի հետ եմ կապում: Հետո, ինձ համար 2017 ասվածը շատ պայմանական է: Այս իշխանությունները հնարավոր է ասեն, որ 2015-ից է փոխվում: Ո՞վ է խանգարում իրենց պահի տակ փոխել օրենքը: Ինձ համար այլեւս մեր երկրում իշխող ՀՀԿ-ի որեւէ անդամի հայտարարություն, խոսք կամ նրանց կողմից ստորագրված որեւէ օրենք չունի լրջության որեւէ հիմք: Ամեն ինչ հնարավոր է արդեն, ես ոչինչ չեմ բացառում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031