Էլեկտրաէներգիայի թանկացման մասին այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվող նիստին ներկա պատգամավորներն ու հասարակական կազմակերպության անդամները որքան էլ հանձնաժողովին հորդորեցին հապշտապ որոշում չկայացնել, օրակարգի հարցը հետաձգել, այնուամենայնիվ հանձնաժողովը տեղի չտվեց, եւ որոշեց սակագինը բարձրացնել:
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել, ըստ այդմ` օգոստոսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 32,85 դրամ`1 կվտ/ժամ-ի դիմաց, իսկ գիշերային սակագինը՝ 28,85 դրամ: 6(10) լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին սահմանվեց՝ 38.85 դրամ, գիշերային՝ 28.85 դրամ, 0,38 կվտ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին՝ 41,85 դրամ, գիշերային սակագին՝ 31,85 դրամ:
Նիստին ներկա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դիմելով հանձնաժողովին ասաց` «Այսօր ժողովրդի վճարունակությունը շատ ցածր է, ձեր արտադրանքի սպառողներն այդ անվճարունակ մարդիկ են: Մեկ տարվա ընթացքում 40%-ով թանկացումն անթույլատրելի է: Ֆինանսական հիմնավորումներն արդարացի չեն, սա պետք է քննարկել: Այս թանկացումը Հայաստանում ավելի լուրջ դեմոգրաֆիական խնդիր է, սա երկրի անվտանգության խնդիր է: Եթե թանկացնեք, երկրում ամեն տարի սպառողների 5% կորուստ կունենաք, ինչի արդյունքում խնդիրներն ավելի են դժվարանալու: Ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական որոշումներ է պետք կայացնել»:
Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ խնդիրն ավելի շատ պետական ազգային շահերից բխող հարց է. «Մենք իրավունք չունենք հապշտապ որոշում կայացնել, եթե հանրությունը չի ուզում, ընդվզում է պետք է կանգնեցնել որոշումը, ու խնդիրը քննարկել»:
Կարդացեք նաև
Քաղաքացիական ակտիվիստի Կարեն Վարդանյանն էլ մի շարք ուշագրավ հարցեր բարձրացրեց: Ըստ Վարդանյանի` «Եթե Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչպե՞ս մրցունակ լինելու մի երկրի` Բելառուսի հետ, որի էլեկտրաէներգիան 2 անգամ էժան է Հայաստանի սակագնից»: Կարեն Վարդանյանն ասաց, որ ամբողջ հանրությունը դեմ է սակագնի բարձրացմանը, սա պետք է հանձնաժողովը հաշվի առնի:
Ընդ որում, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղից ասաց` «Ես էլ եմ դեմ, բայց…»:
Նիստին պատգամավորներն ու հ/կ-ի ներկայացուցիչները նշեցին անորակ ծառայության մատուցման մասին, այսինքն` էլեկտրաէներգիայի տատանումները, մաշված լարերն ու պարտավորվածից ավելի ցածր լարումը, ինչը ընդունեց նաեւ հանձնաժողովը:
Նշենք, որ այսօր հանձնաժողովը որոշեց ՀԷՑ-ի` նախկինում հանձնաժողովի կողմից սահմանված 12.4, % կորուստները նվազեցնել եւ թույլատրելի դարձնել 11.2%: ՀԷՑ-ի կորուստները գերազանցել են թույլատրելի 12.4, %-ը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ