Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկությանը Լենինի տված վնասները

Հուլիս 01,2014 17:38

Մարդկությանը Լենինի տված վնասները դեռ ոչ ոք չի հաշվել ճշգրիտ: Դրանք այնքա՜ն շատ են և այնքա՜ն մեծ: Մարդկության ամբողջ պատմության մեջ ոչ մի մարդ այնքան վնասներ չի տվել մարդկությանը, որքան տվել է Լենինը: Նա մարդկության ամենավնասատու մարդն է եղել, համաշխարհային չափումով վնասատու, որն ազդել է ամբողջ մարդկության ճակատագրի վրա, վատթարացնելով այն: Նա բաժանեց միասնական ապրող մարդկությանը երկու հակառակորդ մասերի և թշնամություն գցեց նրանց միջև: Նա բաժանեց պետությունները երկու հակադիր ճամբարների և դրանց միջև հավերժական պատերազմի հրձիգը դարձավ: Եվ այն շարունակվում է մինչև հիմա, դրանց զոհերը դեռ շարունակում են գրանցվել Լենինի հաշվի վրա: Ի վերջո, նրա գործը պարտվեց նրա զոհը դարձած երկրների մեծ մասում: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև նա ի սկզբանե սխալ գործ էր սկսել: Բայց, միգուցե նա ոչ թե սխալվել էր, այլ գիտակցաբար որոշել էր կործանել մարդկությանը: Սակայն, եթե նույնիսկ դա այդպես չէ, միևնույն է, կարևոր չէ, թե ինչ էր ուզում նա, այլ կարևոր է, թե փաստացի ինչ արեց. նա հետ գցեց մարդկության մեծ մասի առաջընթացը մոտ մեկ դարով և դանդաղեցրեց մյուս մասինը:

Նրա տված վնասների պատճառը, որը շարունակվում է մինչև հիմա էլ, դասակարգերի վերացումն է իր ստեղծած պետությունների հասարակություններում: Այդ պատճառը դեռ շարունակում է գործել և վնասների ու դժբախտությունների ստեղծիչ հանդիսանալ: Չէ որ աստիճանակարգություն կա ամենուրեք, ամեն ինչում: Դասակարգերն էլ հասարակության աստիճանակարգության աստիճաններն էին: Դասակարգերը ինքնաբերաբար, բնական ճանապարհով առաջացած հասարակական կառույցներ էին, որոնք բնության կողմից իրենց տրված գործառույթներն էին կատարում: Բնության կողմից ընտրասերվել էին ամենալավ մարդիկ, ամենալավ գործերը կատարելու համար: Նաև ընտրվել էին միջին մարդիկ, միջին գործերի կատարման համար: Եվ, վերջապես, ընտրվել էին ամենավատ մարդիկ, ամենավատ գործերը կատարելու համար: Բնական ներդաշնակություն էր ստեղծվել, որոնցում բոլորը համաձայն էին բնական ընտրության հետ և բավարարված բնական արդարադատությունից: Ամենալավերը ընդօրինակման առարկա էին հանդիսանում միջինների համար, միջինները՝ վատերի: Վատերը ձգտում էին հասնել միջիններին, միջինները՝ լավերին: Ամենալավերը՝ ամենակատարյալները իշխում, կառավարում և սովորեցնում էին մյուսներին: Բնական է, որ ամենակատարյալները պիտի փոքրաթիվ լինեին, այլ կերպ հնարավոր էլ չէր: Հաջորդ, ավելի մեծաքանակ դասակարգը միջիններն էին, իսկ ամենամեծաթիվները՝ վատերը: Վերջին փաստի մեջ անարդարություն տեսնելը անմտություն է, բնական ճանապարհով ստեղծվածը չի կարող անարդար լինել, այլ կարող է լինել միակ հնարավոր տարբերակը: Իսկ հեղափոխությունից հետո ամենավատերը սկսեցին իշխել, վերացրին ամենալավերին ու միջինների մեծ մասին, մնացած մասին դարձրին իրենց հավասար և սկսեցին կառուցել իրենց պատկերացրած երջանկությունը, որին նրանք երբեք էլ չհասան: Բայց այլ արդյունք չէր էլ կարող լինել, ի՞նչ կարող էին կառուցել հասարակությունների ամենավատ մարդիկ: Իհարկե, իրենց նման ամեն ինչի ամենավատը, արդյունքում՝ ամենավատ պետությունները, որոնք չդիմացան մրցակցությանը լավերի հետ: Սակայն ցավոք, այդ սխալ կամ չար պետության վերացումից հետո ամեն ինչ չընկավ իր բնական տեղը: Լենինի ստեղծած չարիքը դեռ շարունակվում է: Պետությունների մակարդակով այն շարունակվում է նախկին ճամբարի որոշ մի քանի պետությունների հակադրումով համաշխարհային հանրությանը: Իսկ նախկին սխալ կամ չարիքի պետությունների հասարակություններում այն շարունակվում է դասակարգերի աղավաղվածությամբ: Դրանցում ամենավատերը՝ ամենաանազնիվները, ամենաանարդարները, ամենաագահները, ամենաանկիրթները դարձան վերնախավ և սկսեցին իրենց իմացած ձևով իշխել, առանց հասկանալու դրա կործանարար լինելու վտանգավորությունը իրենց պետությունների և ազգերի համար: Իսկ մարդիկ իրենց ղեկավարներին ընդօրինակելու բնական հատկություն ունեն, որի համար նրանց մեղադրել չի լինի: Ընտրասերումը սկսեց կատարվել հակառակ ուղղությամբ, հասարակության միջից սկսեցին վեր բարձրանալ ամենավատերը, իշխողներին նմանները: Հասարակությունը վերածվեց վատ մարդկանց արտադրության գործարանի: Լավերը հեռացան երկրից, այնուհետև սկսեցին փախչել նաև միջինները, հետո կսկսեն փախչել նաև վատերը, ամենավերջում էլ՝ ամենավատերը: Իսկ ո՞ւր են փախչում բոլորը: Ավելի լավ երկրներ: Իսկ որո՞նք են աշխարհի ամենալավ երկրները: Նրանք, որոնցում դասակարգերը երբեք չեն ոչնչացվել: Որոնցում կան թագավորություններ, կամ որոնցում, եթե նույնիսկ վերացրել են թագավորությունները, ապա չեն վերացրել դասակարգերը, պահպանվել է ազնվականությունը: Նրանք, որոնցում մարդիկ ձգտել են ընդօրինակել թագավորներին, թագուհիներին, արքայազններին, արքայադուստրերին, դուքսերին, իշխաններին, կոմսերին, ազնվականներին, պալատականներին, տանուտերերին և այլն: Իսկ մեզ մոտ ո՞ւմ են ընդօրինակում մարդիկ. օրենքով և անօրեն գողերին, թաղային և այլ մակարդակների հեղինակություններին, խաբեբաներին, ավազակներին, կողոպտիչներին, ագահներին, կաշառակերներին և այլ նման կարգի իշխանավորներին: Ներկայի հայ հասարակության վիճակին շատ կսազեր միջնադարյան հայ աշխարհահռչակ բանաստեղծի ողբերգության մատյանի ողբը: Հասարակական կառուցվածքի բարոյականությունը ողբալի վիճակում է: Իմաստուն էին այն հասարակությունները, որոնք պահպանեցին իրենց արքայատները, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով: Չէ որ ընտրասերումը դեռ շարունակվում է, պահպանման համար պայքարածները կամ քվեարկածներն էլ օրերից մի օր ծնվելու են արքայական տան ընտանիքում և վայելելու իրենց վաստակած վայելքը: Իսկ համաշխարհային բանվորության առաջնորդի նմանները միշտ նախանձով են նայելու նրանց և մտածելու, թե ոնց խանգարեն նրանց վայելքներին: Առանց հասկանալու, որ ուրիշին վնաս տալուց իրենք չեն օգտվի, իր երկրի թագավորին սպանելով ինքը թագավոր չի դառնա, իրեն էլ մեկ ուրիշը կսպանի, ինչպես էլ, որ եղավ իրական կյանքում: Առանց հասկանալու, որ բանվորի առաքելությունը բանվորություն անելն է, վա՜յ այն երկրին, որտեղ բանվորը թագավորություն է անելու: Այդ երկիրը հաստատ կգնա դեպի կործանում, ինչպես էլ որ եղավ իրական կյանքում: Առանց հասկանալու, որ ազնվականությունը դաստիարակիչ դեր է կատարում հասարակ ժողովրդի համար, հետևում և հսկում է, որպեսզի նրանում ազնվության բարձր մակարդակը և չափանիշներն իշխեն, դա է նրա առաքելությունը. առանց ազնվականության հասարակ ժողովուրդը կկործանի ինքն իրեն, ինչպես էլ որ եղավ իրականում: Դա նույնն է, ինչպես փոքրիկ երեխային առանց մեծերի հսկողության թողնելը, նա անպայման կվնասի իրեն: Դա նույնն է, ոնց որ մանկապարտեզներն առանց դաստիարակների թողնելը, դպրոցներն առանց ուսուցիչների, համալսարաններն առանց դասախոսների, ակադեմիաներն առանց ակադեմիկոսների, պետություններն առանց ղեկավարների թողնելը: Ամենուրեք հսկող, դաստիարակող, կրթող, սովորեցնող, դեպի զարգացում տանող, ղեկավարող է պետք: Հասարակության համար այդ բոլորը վերնախավն է: Եթե այն լավը եղավ, հասարակությունն էլ լավը կդառնա, այն բանվոր եղավ, հասարակությունն էլ բանվոր կդառնա, այն գյուղացի եղավ, հասարակությունն էլ գյուղացի կդառնա, այն անբարոյական եղավ, հասարակությունն էլ անբարոյական կդառնա: Ազնվական վերնախավը ազնիվ հասարակություն է դաստիարակելու, կաշառակեր վերնախավը կաշառակեր հասարակություն է դաստիարակելու, գողը՝ գող, անկիրթը՝ անկիրթ և այլն, և այսպես շարունակ: Նույնիսկ գոյությունը պահպանած եկեղեցական խավը կամ դասակարգը, որին ոմանք մեծ դաստիարակիչ դեր են վերագրում, չկարողացավ խանգարել բանվոր դասակարգին, որպեսզի այն իր նման սևագործ, սև պետություն ստեղծի, որից նոր սերունդները հիասթափվեցին և, ի վերջո, փոխեցին հասարակարգը:

Սակայն, ինչո՞ւ Ռուսաստանը, ԱՊՀ երկրներն ընդհանրապես, մինչև հիմա չեն զարգանում, նույնիսկ շուկայական տնտեսության անցնելուց քսաներեք տարի հետո, այն դեպքում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո տնտեսագետները շուկայական տնտեսությունն էին համարում զարգացման գրավականը, զարգացած երկրների ուժեղ կողմը, կանխատեսելով արագ զարգացում շուկայական տնտեսությանը անցնելուց հետո: Որովհետև Լենինը հեռահար սև գործ է արել՝ վերացրել է այդ երկրների դասակարգերը, որովհետև դրանցում ազնվականություն չկա, ուստի և ազնվության օրինակ ծառայող չկա, բարձրակարգ ընդօրինակման առարկա չկա: Ռուսաստանը գուցե հարուստ, զարգացած երկիր է ԱՊՀ սահմաններում, որովհետև հարստացել և զարգացել է իր անսահմանափակ բնական պաշարների և այլ հանրապետությունների հաշվին, սակայն հետամնաց երկիր է արտասահմանյան զարգացած երկրների համեմատությամբ: Որովհետև ԱՊՀ երկրներում, այդ թվում և Ռուսաստանում, չկան դասակարգեր, հետևաբար և չկա զարգացած դասակարգ, իսկ ինչպե՞ս կարող է բանվորագյուղացիական չզարգացած դասակարգը զարգացած երկիր ստեղծել: Դա անհնար է: Խորհրդային Միությունը երբեք չէր կարողանա զարգացած երկիր կառուցել, որովհետև նրանում անտեսվում էր բնական զարգացման ուղին: Լենինն ընտրել էր արհեստական ուղին, որը չէր կարող բնականից ավելի իմաստուն լինել: Եվ իր հակաբնական բնույթի պատճառով էլ շատ վնասներ տվեց մարդկությանը, բնությանը, Երկրին: Ինչ տնտեսական կարգ էլ լիներ այդ երկրներում, դրանք չէին զարգանալու, որովհետև չկար զարգացման օրինակ ծառայող և զարգացումը ղեկավարող խավը:

Եվ, իհարկե, լինելով ամենավնասակարը մարդկության համար, Լենինը չէր կարող ամենավնասատուներից մեկը չլինել նաև հայ ազգի համար: Ո՞րն է ելքը: Նախկին բանվորագյուղացիական երկրների բարձր դասակարգերն այլևս չեն վերադառնա, դրանք անհետ կորած են: Նրանցից ամեն մեկն իր ներկայի վերնախավն ունի: Լավն է այն, թե վատն է՝ դա է, ուրիշը չկա: Ուրիշ ելք չկա, մնում է միայն համբերատար սպասել, մինչև այն ինքնադաստիարակվի, ինքն իր հերթին սովորելով և ընդօրինակելով ուրիշ, ավելի զարգացած երկրների վերնախավերին, որտեղ կան բարձրաշխարհիկ դասակարգեր և կատարյալ ներդաշնակության հասած հասարակարգեր ու հասարակություններ: Նախկինում այդպիսի հույսերի իրականացման համար հազարամյակներ կամ հարյուրամյակներ կպահանջվեին, իսկ արդի գործընթացների արագացումով ընթացքի, ներկայիս աշխարհի կապուղիների և տեղաշարժման մեծ հնարավորությունների պայմաններում՝ հավանաբար տասնամյակներ: Պարզապես այդքան ժամանակ դիմանալ է պետք, որպեսզի պահպանվի պետությունը, չվերանա ազգը:
Արքայական ժամանակներից եկող աստիճանակարգություն պահպանվել է միայն կրոնում, որը, սակայն, հայկական արժեքներ չի քարոզում, այլ հրեական: Եթե հրաշքով վերածնվեր հայկական՝ Արորդիների կրոնը, միգուցե ազգային հասարակական ներդաշնակության հասնելու նկատմամբ հավատն ավելի ամրանար, ազգի վերածնունդի հույսն ավելի իրատեսական դառնար և ավելի շուտ իրականանար: Որովհետև իսկական ազգային կրոնի պայմաններում վատ մարդիկ չէին կարողանա դառնալ վերնախավ, այլ միայն ամենալավերը կդառնային:

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. sahak says:

    դու մտածում ես, թե ինչ ես գրում, մինչև 1917թիվը պատերազմներ չեն եղել, ով էր մեղավոր որ հեղափոխություն կատրվեց……..

  2. artashes says:

    Կրոնը ազգային չ լինում:Այն լինում է համամարդկային քանի որ սերը վեր է այնպիսի պայմանականություններից ,ինչպիսիք են ազգը,տեսակը,կուլտուրան ռասսան եվ այլն:Այդ դուք եք Աստծուն բաժանում մասերի:Նա անբաժան է:

  3. david says:

    Այդպես, այո*:Լենինիզմի հաղթանակն ու համաշխարհային սիստեմի վերածվելն անխուսափելի է,բայց միայն մարդանման քրեացեղերի վերացումից հետո:Լենինիզմը մարդկային հասարակության և ոչ մարդանմանի համար է:

  4. ARMEN says:

    Յուրաքանչյուր հանճարի շատերը նախանձում են: Այս գրողի մոտ առկա էր նախանձը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031