Այսօր՝ հուլիսի 1-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հայտարարեց, թե իրենց հասարակական կազմակերպությանը դիմել Շիրակի մարզի բնակիչ Ռուզան Ադանալյանը: Վերջինիս պնդմամբ՝ նա տուժել է Շիրակի մարզպետարանի աշխատակից Լուսինե Գինոսյանի գործունեությունից, իսկ «Կենտրոն» հեռուստաընկերությունը ցանկություն է հայտնել լուսաբանել նրա պատմությունը: Տիկին Պողոսյանի խոսքերով՝ հաղորդաշարի նկարահանումներին երկու կողմն էլ հրավիրված էր, որպեսզի երկուսն էլ արտահայտվելու հնարավորություն ունենան, սակայն հաղորդաշարի անոնսի եթեր գնալուց հետո, հաղորդումը չի հեռարձակվել.
«Այդ հեռուստաընկերությամբ արդեն անոնսն էր գնացել, որ հաղորդումը պետք է անցած երեքշաբթի եթեր դուրս գար: Բայց «Կենտրոն» հեռուստաընկերությունը մեզ համար հզոր հեռուստաընկերություն է, եւ չէինք կարող պատկերացնել, որ այդպիսի ճղճիմ սպառնալիքներից վախենա եւ հաղորդումը եթեր չտա: Ինձ այնտեղից զանգեց լրագրողը եւ ասաց, որ Ռուզան Ադանալյանի հակառակ կողմը՝ Լուսինե Գինոսյանը, որը մարզպետարանի աշխատակից է, զանգահարել է իրենց եւ սպառնացել է, որ այդ հաղորդումը եթեր չգնա, որից հետո մի տղամարդ է զանգահարել եւ կրկին սպառնացել է նրանց»:
Aravot.am-ի հետ զրույցում «Կենտրոն» հեռուստաընկերության «Քո սխալը» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Տաթեւիկ Գալստյանը նշեց, որ հաղորդումն ընդամենը հետաձգվել է եւ այն պատճառով, որ հեռուստաընկերությունը ցանկացել է այլ տուժողների էլ ներգրավվել, եւ այդ ամենի մասին Մարինա Պողոսյանն իմացել է: Նա համարում է, որ այստեղ շեշտադրված է հասարակական կազմակերպության առավելությունը.
«Ինչ-որ հ/կ-ների ներկայացուցիչներ փորձում են այսպիսի գործերի առիթով կամ սուտ հարցերի պատճառով իրենց հեղինակությունը բարձրացնել՝ ես դա արդարացի չեմ համարում: Եթե պետք լիներ, առաջին հերթին հայտարարությունը ես ինքս կանեի, թեպետ հաղորդման մեջ ես նշում եմ, որ այո՛, այս օրերի ընթացքում գտնվեցին մարդիկ, որ ամեն կերպ ուզում էին կանխել, որ հաղորդումը եթեր չգնա, բայց շնորհիվ «Կենտրոն» հեռուստաընկերության անաչառ ու օբյեկտիվ վերաբերմունքին՝ այդ հաղորդումը ոչ միայն այսօր եթեր է գնալու, այլ հնարավորինս չափով ներգրավելու է բոլոր այն մարդկանց, ովքեր այս գործով ինչ-որ առնչություններ են ունեցել: Այս պարագայում տիկին Մարինան պետք է զանգահարեր «Կենտրոն» հեռուստաընկերություն եւ շնորհակալություն հայտներ»:
Նա չբացառեց, որ եղել են նման խոսակցություններ, մասնավորապես՝ Լուսինե Գինոսյանը ասել է՝ «Տաթեւի՛կ, նայե՛ք՝ եթերից հետո վատ բաներ չլինեն: Տաթեւի՛կ, զգուշ եղե՛ք: Իսկ չի՞ լինի, որ եթեր չտաք», սակայն նա հետագայում պարզաբանել է, որ այդպես ասելով նկատի է ունեցել, որ եթե եթերից հետո իրեն աշխատանքից ազատեն, լրագրողն իրեն վատ կզգա:
Անդրադառնալով Մարինա Պողոսյանի նշած տղամարդու զանգին՝ Տաթեւիկ Գալստյանը մեզ հայտնեց, որ դա սովորական զանգ է եղել, որի ընթացքում այդ տղամարդը ասել է՝ «Տաթեւի՛կ ջան, պետք չէ, որ ինչ-որ մեկի գործունեության հետեւանքով մեկ ուրիշը տուժի»: Տաթեւիկ Գալստյանը հայտարարեց, որ այդ զանգերը եղել են հաղորդաշարի անոնսից առաջ եւ հեռուստաընկերության տնօրենը, իմանալով որ նման խոսակցություններ են եղել, մինչեւ եթեր ցանկացել է հանդիպել Լուսինե Գինոսյանի հետ: Ըստ նրա՝ այդ զրույցների արդյունքում պարզ է դարձել, որ այդ խոսակցություններն ընդամենը կանացի իմպրովիզ են եղել.
«Այդ ամեն ինչն այնքան անհիմն էր, որ անհանգստանալու կարիք չկար ու անգամ բարձրաձայնելու կարիք չկար, որովհետեւ այդ կինը վախեցել է՝ իր աթոռը կորցնելու համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ