Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը հուլիսի 1-ին ընդունել է Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չուն Օքլանդին: Կողմերը քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու զարգացմանն ուղղված հեռանկարները:
Արման Թաթոյանը անդրադարձել է մասնավորապես Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, դրանով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանը, որի համար աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ հասկանալու համար՝ որքանո՞վ է այս կամ այն նորամուծությունը կիրառելի հայաստանյան իրականության մեջ:
Նախարարի տեղակալը հյուրին ներկայացրել է նաև երեկ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի դրույթները՝ ընդգծելով, որ այն լրացնելու է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների համակարգն ու խթանելու է գործնականում իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը:
Սենատորը հետաքրքրվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության՝ պետական կարևորագույն հարցերում մասնակցությունն ապահովելուն ուղղված աշխատանքներով: Ի պատասխան նախարարի տեղակալ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, ստեղծել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ, որտեղ և քննարկվելու են հասարակական կազմակերպություններին մտահոգող հարցերը, որոնց արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ համապատասխան օրենսդրական ակտը մշակելու ժամանակ:
Կարդացեք նաև
Սյուզան Չուն Օքլանդը բարձր է գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքներն ու պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:
ՀՀ արդարադատության նախարարություն