«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ «Էլեկտրացանցեր» ընկերության կուտակած պարտքերը վատ մենեջմենթի արդյունքում են:
«Պետական մարմինները, որոնք կոչված են պաշտպանել Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացու շահը, նույնիսկ մեկ բառ չեն ասում, թե ինչու հայ հասարակությունը վճարումների տեսքով կամ իր ստրատեգիական ակտիվների տեսքով, ինչպես արեց գազի պարագայում, պետք է փակի ռուսական ընկերությունների վատ մենեջմենթի արդյունքում կուտակած պարտքը»,- Aravot.am-ին ասաց պարոն Սաֆարյանը:
Նրա դիտարկմամբ, էլեկտրաէներգիայի գնի թանկացումը կապ ունի նաեւ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու խնդրի հետ: Ըստ նրա, մինչեւ Աստանայի նիստը Ռուսաստանի շատ հեղինակավոր փորձագետներ, որոնք նաեւ Կրեմլն են ներկայացնում, հայտարարել էին, որ Հայաստանին գազի եւ էլեկտրաէներգիայի հարցում արտոնություններ տրամադրվում են Մաքսային միությանն անդամակցելու որոշման համար:
Կարդացեք նաև
Պարոն Սաֆարյանի խոսքով, «էլեկտրացանցեր» ընկերության հայտը թանկացման վերաբերյալ հենց համընկավ Աստանայում Եվրասիական միությանը չանդամակցելու հայտարարությունների հետ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը որոշակի խմբի շահերի սպասարկմանն է ուղղված. «Նման ձեւով որոշում կայացնելը ժողովրդավար չէ, հանրությունը պետք է նախապես տեղեկանար թանկացումների մասին, հիմնավորումներն էլ այնպես պետք է ներկայացվեին, որ քաղաքացիները հնարավորություն ունենային քննարկումներ ծավալել այդ գործընթացի վերաբերյալ:Ավելին, մեզ ասել էին, որ թանկացումներ չեն սպասվում եւ նախընտրական խոստումների մեջ էլ է այդպես հայտարարվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ