ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բրենտ Հարթլին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ակտիվացնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն մոտակա ժամանակներում Փարիզում հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկը: Մայիսի կեսերին տարածաշրջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների հետ ընդունել Փարիզում», – ասված է հաղորդագրության մեջ, որը լրատվականին փոխանցել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը:
Հարթլին ընդգծել է ԵԱՀԿ-ի հակամարտությունների կարգավորման փորձառության կարևորությունը՝ նշելով, որ Ուկրաինայի ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր այդ կազմակերպության դերակատարությունը ԵԱՀԿ տարածքում հակամարտությունները լուծելու հարցում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ