Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հրահանգել են կոճակի դեր աշխատել» (Տեսանյութ)

Հուլիս 01,2014 16:17

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին չեն մասնակցել ո՛չ Ֆինանսների, ո՛չ Էկոնոմիկայի, ո՛չ Էներգետիկայի նախարարները: Թքած ունեն, որովհետև էս հիմնարկին հրահանգել են սուսուփուս կոճակի դեր աշխատել և հինգ կոճակ աշխատեց»,- էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման ընդունումից հետո ցուցարար քաղաքացիներին մոտենալով՝ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հետո հեգնեց. «Եթե վիրավորում եմ իրենց, թող ինձ դատի տան` հինգ հատ կոճակ քվեարկեց»:

Նրա խոսքով, Ազգային ժողովի պատվիրակությունը կառուցողական առաջարկ է ներկայացրել` ժամանակ խնդրել հիմնավոր ուսումնասիրելու փաստերը, բայց. «Այս առաջարկը չանցավ: Այսինքն` ձեր ցանկացած կոշտ դիրքորոշում, ցանկացած պահանջ մեղմ է, կարող եք ավելին պահանջել, բայց պահանջելու համար, ներող կլինեք, նաև քանակ է պետք»:

Ակցիայի մասնակիցներն էլ պատգամավորներին խնդրեցին միջնորդել, որ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի և անձամբ բացատրություններ տա: Բայց պարոն Մանուկյանը նկատեց. «Փոխանցող լինեի, ես կբերեի կամ չէի թողնի քվեարկեին»:

Պատգամավորների հեռանալուց հետո ակտիվիստները որոշեցին վաղը երեկոյան էլեկտրաէներգիայի գնի թանկացման հարցով հավաքվել Մաշտոցի պուրակում՝ քննարկելու իրենց անելիքները:

«Սրանով մեր պայքարը չի ավարտվելու, այլ սկսվելու է: Սրանով առաջին քայլն ենք անում այս ապօրինի որոշման դեմ: Եվս մեկ անգամ տեսանք, որ գոռալով, կանչելով ոչինչ չի փոխվելու: Մինչեւ Հայաստանի քաղաքացիները դուրս չգան լուրջ պայքարի, քաղաքացիական անհնազանդությունների, իշխանությունները եւ իրենց մանկլավիկները չեն գնալու որեւէ զիջման»,- հայտարարեց Հայկ Ավետիսյանը:

Մինչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, հանձնաժողովի շենքի բակում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ փոքրիկ միջադեպեր գրանցվեցին:

Քաղաքացիները, ի նշան բողոքի, որ իրենց ներս չեն թողնում հանձնաժողովի շենք, փակեցին փողոցը՝ նստելով հենց փողոցի կենտրոնում:

Ոստիկանները նրանց գրկած հեռացրին փողոցից, իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգ տվեց՝ ոչ ոքի բերման չենթարկել, այլ պարզապես հեռացնել փողոցից: Քիչ անց քաղաքացիներն իրենք փողոցից դուրս եկան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031