Հայէլցանցերի ղեկավար Եվգենի Բիբինը չբացահայտեց իր աշխատավարձի չափը:
Aravot.am-ը հետաքրքրվեց` թե, ի վերջո, որքա՞ն է կազմում պարոն Բիբինի աշխատավարձը, այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո, մեր հարցին՝ Հայէլցանցերի ղեկավարն ասաց, որ այն մի քանի տասնյակ անգամ ցածր է, քան մամուլում նշում են:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում, որ ըստ Հայէլցանցերի աշխատակիցների, Եվգենի Բիբինի աշխատավարձը աստղաբաշխական թվերի է հասնում, իսկ եռամսյակը մեկ, ինքն իրեն 40 միլիոն դրամի չափով պարգեւատրում է անում: Իսկ ընկերության բարձր պաշտոնյաների աշխատավարձերը տասնյակ հազար դոլարների է հասնում:
Նշենք, որ մամուլում նաեւ լուրեր էին տարածվել, որ Հայէլցանցերը սնանկացման եզրին է: Վերջերս էլ ՀԷՑ-ը հրապարակել էր ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ, եւ ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 4մլրդ 470 մլն դրամի վնաս։ Ըստ էության, այս թվերը խոսում են այն մասին, որ ընկերությունը սնանկացման եզրին է:
Կարդացեք նաև
Aravot.am-ը պարոն Բիբինից հետաքրքրվեց` թե ինչպես կմեկնաբանի սնանկացման մասին լուրերը, եւ արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը առաջին հերթին նախատեսված է սնանկացումից փրկվելու համար: «Լուրերն ընկերության սնանկացման մասին, հիմնավոր չեն: Ընկերությունը կատարում է բոլոր վարկային պարտավորությունները եւ կատարում ենք բոլոր անհրաժեշտ պարտավորությունները բանկերի նկատմամբ: Ընկերությունը կառավարում է իր վարկային պարտավորությունները»:
Նշենք, որ որ այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել, ըստ այդմ` օգոստոսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 32,85 դրամ`1 կվտ/ժամ-ի դիմաց, իսկ գիշերային սակագինը՝ 28,85 դրամ: 6(10) լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին սահմանվեց՝ 38.85 դրամ, գիշերային՝ 28.85 դրամ, 0,38 կվտ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին՝ 41,85 դրամ, գիշերային սակագին՝ 31,85 դրամ:
Ի դեպ, այսօր հանձնաժողովի նիստին ներկա հասարակական կազմակերպության ներկայացուցիչները եւս հետաքրքրվեցին Բիբինի աշխատավարձի ու ընկերության բարձրաստիճան ղեկավարների աշխատավարձերի ծավալի մասին, ինչին ի պատասխան, Բիբինն իր աշխատավարձի ծավալը չբացահայտեց, միայն նշեց, որ աշխատակիցներն այսօր ստանում են միջինը 200 հազար դրամ, ինչը, իր կարծիքով`ցածր աշխատավարձ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ