Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբույժ Հարություն Մինասյանի բաց նամակը աշխարհի բժիշկներին

Հուլիս 01,2014 15:31
Harutyun MInasyan

Հարգելի գործընկերներ, արդեն 15 տարի է ջանում եմ Երևանում ստեղծել Հայ բժշկության թանգարան, սակայն հանրապետության պատկան մարմինները զլանում են թանգարանի համար տարածք հատկացնելու հարցում:

Գրել եմ տասնյակ դիմումներ, թակել եմ տասնյակ դռներ, գնացել եմ տասնյակ հանդիպումների, սակայն ամենուր ստացել եմ խուսափողական պատասխան:

Կյանքիս 30 տարիների ընթացքում իմ անձնական միջոցներով, իմ ու ընտանիքիս զրկանքների գնով, նաև բազմաթիվ նվիրատուների շնորհիվ հավաքել եմ շուրջ 30 000 ցուցանմուշ ունեցող «Հայ բժշկության թանգարան»- հավաքածու, որը պատիվ կբերի ցանկացած երկրի:

Աշխարհի համարյա բոլոր երկրները, այդ թվում նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, նույնիսկ Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց ունեն իրենց բժշկական մշակույթը ներկայացնող պատկառելի թանգարաններ, մինչդեռ հազարամյա բժշկական մշակույթ ունեցող հայ ժողովուրդը, այսօրվա իր անբարեհաճ ու անձեռնահաս չինովնիկների պատճառով չունի նման մշակութային օջախ:

Հանրապետությունում տարածքներ գտնվում են շքեղ ռեստորաններ, սրճարաններ ու գիշերային ակումբներ կառուցելու համար, միջոցներ ճարվում են անցողիկ ու ճոխ տոնական միջոցառումներ կազմակերպելու համար (օրինակ 2013 թ. ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգի համար միայն երգչուհի «Նունե Եսայան» բարեգործական հ/կ-ին պետբյուջեից վճարվել է շուրջ 135 000 դոլար, չհաշված մյուս երգիչների վճարն ու այլ ծախսերը), մինչդեռ այնպիսի մնայուն և կարևոր մշակութային ձեռնարկի համար, ինչպիսին բժշկության թանգարանն է, չի գտնվում ոչ տարածք, ոչ միջոցներ:

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհուրդ տաք, թե ինչպես կարելի է իրականություն դարձնել Երևանում բժշկության թանգարան հիմնադրելու գաղափարը:

Կարծում եմ ձեզանից յուրաքանչյուրը, իր ազգային հպարտության ու մասնագիտական նախանձախնդրության բերումով պիտի որ շահագրգռված լինի օգնելու ինձ այս հարցում:

Խնդիրը ավելի է կարևորվում նրանով, որ 2018 թ. լրանալու է հայ մեծ բժշկապետ, բնագետ, փիլիսոփա, «Ջերմանց մխիթարություն» հանճարեղ երկի հեղինակ Մխիթար Հերացու 900 ամյակը (850 ամյակը պետականորեն մեծ շուքով նշվել է Երևանում 1968թ.):
Ձեր իմաստուն խորհուրդներին ու գործնական առաջարկներին սպասող՝

Հարություն Մինասյան
հոգեբույժ, բժշկապատմաբան,
Հայ բժշկության թանգարան-հավաքածուի սեփականատեր:
Թանգարանի էլեկտրոնային կայքը` www.medicalmuseum.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    Dr.Miansyan, thank you, plase, give me your E-mail address.

  2. Samvel Jeshmaridian says:

    Dr. Minasyan has done and is great work. The civil society and any citizen with goodwill has to support his work.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031