Ինչպես հայտնի է՝ Ֆրանսիայի ոստիկանությունը 24 ժամով ձերբակալել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որին կասկածում են 2012թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ անհայտ ֆինանսական աղբյուրներից օգտվելու, մասնավորապես՝ վստահությունը չարաշահելու միջոցով 50 հազար եվրո L’Oreal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրից ստանալու մեջ:
Aravot.am-ն Ախուրիկում երկու ու կես տարի առաջ ծնված ու ի պատիվ Ֆրանսիայի նախագահի` Սարկոզի անունը կրող երեխայի մորից` Նաիրա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե մտադիր չե՞ն փոխել երեխայի անունը. չէ՞ որ տարբեր մեղադրանքներ են հնչում անվան տիրոջ հասցեին. հիմա էլ Ֆրանսիայի նախագահին ձերբակալել են կոռուպցիայի գործով:
«Երբեք չեմ փոշմանել ու երբեք չեմ փոխի իմ երեխայի անունը, ինչի մեջ ուզում են մեղադրեն Նիկոլա Սարկոզիին: Իմ երեխայի ծննդականի մեջ Սարկոզի Ավետիսյան է գրված, ի պատիվ Նիկոլա Սարկոզիի ենք դրել, էդպես էլ կմնա: Ասեմ, որ Սարկոզիս իրա անվան տերն է: Ես անկեղծ ասած տխրեցի` իմանալով Նիկոլա Սարկոզիի ձերբակալման լուրը: Ես չգիտեմ էդ մարդը ի՞նչ է արել, ի՞նչ տեսակի կոռուպցիայով է զբաղվել, դա մեզ քիչ է հետաքրքրում, եթե չասեմ, չի էլ հետաքրքրում, ուղղակի մի բանից եմ շատ նեղված. Ֆրանսիայի նախագահը չարդարացրեց մեր սպասումները: Մենք երեխայի անունը դրեցինք Սարկոզի` ոգևորված Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից, բայց Նիկոլա Սարկոզին մինչև վերջ չկարողացավ օրինագիծը ընդունել տալ, եթե մի բան նախաձեռնում ես, ուրեմն պայքարի դրա համար…Մեր միակ հիասթափությունը դա է», -ասաց փոքրիկ Սակոզիի մայրը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ