Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ քաղաքային իշխանություն-բնակիչ կապն ամրապնդելու, համագործակցությունն ընդլայնելու և մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք ևս ծրագրերում ներառելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում տեղադրված են «Առաջարկությունների տաղավարներ»:
Դրանք բացվում են յուրաքանչյուր շաբաթ, իսկ ամեն ամսվա վերջում արդեն ամփոփվում են ստացված առաջարկները: Հունիսի ընթացքում ընդհանուր առմամբ «Առաջարկությունների տաղավարներ»-ով ստացվել է շուրջ 1000 նամակ։ Ներկայացված հարցերն ու առաջարկները բազմոլորտ են: Դրանք ուսումնասիրվում և խմբավորվում են, որից հետո, ըստ ոլորտների, փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներ՝ հնարավոր լուծումներ տալու նպատակով:
Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ եթե սկզբնական շրջանում բարձրացվող հարցերը հիմնականում կոմունալ-կենցաղային կամ հաճախ տեղային բնույթ էին կրում, ապա այժմ երևանցիները հանդես են գալիս առավել ընդգրկուն առաջարկներով՝ նոր այգիների կառուցում, ինչպես նաև քաղաքաշինական հետաքրքիր այլ նախագծերով: Քիչ չեն նաև առաջարկները, որոնց իրականացման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ ներառված են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում:
Երևանցիների կողմից նման ակտիվությունը պատասխանատուները պայմանավորում են ձևավորված վստահության մթնոլորտով. քաղաքացիները համոզված են, որ իրենց նամակները հասնում են պատասխանատուներին և, որ շատ ավելի կարևոր է, կյանքի են կոչվում:
Կարդացեք նաև
«Այս տարի «Առաջարկությունների տաղավարներ»-ը տեղադրվեցին մայիսի 1-ին, և եթե առաջին ամսում քաղաքացիների կողմից ստացվել էր ավելի քան 500 նամակ, ապա այժմ արդեն կրկնակի աճել է այդ թիվը: Ստացված բոլոր նամակները մեկ առ մեկ ընթերցվում և համապատասխան ընթացք են ստանում: Հավանաբար, հենց սա է նամակների թվի ավելանալու հիմնական պատճառը: Հարկ է նշել, որ քիչ չեն նաև դեպքերը, երբ քաղաքացին, իրազեկված չլինելով այս կամ այն հարցի վերաբերյալ, քաղաքապետարան է դիմում մեր լիազորություններից դուրս հարցերով: Նման դեպքերում ևս մենք արձագանքում ենք նամակին և քաղաքացուն համապատասխան օղակ ուղղորդում: Երբեմն, որոշ հարցեր լուծելու նպատակով, կազմակերպվում է վարչական շրջանների ղեկավարների ամենշաբաթյա ընդունելություններին քաղաքացու մասնակցությանը»,-նշել է Սամվել Մերթարջյանը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն ունի, առանց ավելորդ ժամանակ վատնելու, իրեն մտահոգող հարցերն ու առաջարկները Երևանի քաղաքապետարան ներկայացնելու մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված «Առաջարկությունների տաղավարներ»-ով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն