Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը

Հուլիս 01,2014 13:58

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այսօր մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը:

ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանն ու Հրայր Թովմասյանը ներկայացրել են Հայեցակարգով նախատեսված դրույթները, պատասխանել քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հարցերին:
Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, նշել է, որ իրավական, արժեհամակարգային հակասություններից խուսափելու համար պետք է մտցնել սահմանադրաիրավական կարգավորումներ, որոնք կհստակեցնեն արժեքային հարաբերություններն ու լուծումներ կտան դրանց միջև առաջացող հակասություններին: Նա ընդգծել է նաև իրավական և սոցիալական պետության սկզբունքների կյանքի կոչման համար սահմանադրաիրավական մեխանիզմների ճիշտ ներդրման անհրաժեշտությունը, որը կհստակեցնի այդ սկզբունքների գործառույթային և արժեքային ամբողջությունը:

Հաջորդ կարևոր հանգամանքը, ըստ Դանիելյանի, համայնքների խոշորացման մեխանիզմն է, որը նույնպես պետք է կազմակերպվի սահմանադրական դրույթների ճկունության շնորհիվ, որը կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը:

Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը շեշտել է Սահմանադրության կենսաբանական նշանակության մասին, որը պետք է կարողանա արտացոլել սոցիալ-քաղաքական իրականությունը, կարգավորել հասարակական հարաբերությունները: «Չպետք է բոլոր հարաբերությունները կարգավորեն իշխանությունները, դրա համար պետք են լավ աշխատող սոցիալական ինստիտուտներ, որի իրականացումն ապահովում է սահմանադրությունը»,-նշել է Թովմասյանը՝ հավելելով նաև, որ 1995թ-ի Սահմանադրությունը հիմնականում պտտվում էր նախագահի իշխանության ամրապնդման շուրջը, որը նվազեցնում էր գործադիր իշխանության դերը, դատական իշխանությունը նույնպես գտնվում էր նախագահի ուժեղ վերահսկողության ներքո: «2005թ-ի Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման հարցը որոշակիորեն լուծվեց, նվազեցվեցին նախագահի իշխանական լիազորությունները, գործադիր իշխանության ինքնուրույնությունը բարձրացվեց: Բայց այս սահմանադրությամբ մարդու իրավունքներն ունեին միայն ամրագրված տեսք. դրանց իրականացման երաշխիքները բացակայում են»,- ասել է Հանձնաժողովի անդամը: Թովմասյանի խոսքով՝ պետք է սահմանել պետության պարտականությունը, որը սահմանադրական մակարդակով պետք է ապահովի այդ իրավունքների իրականացումը: Մյուս կարևոր խնդիրը, ըստ նրա, այդ իրավունքների իրականացման մեխանիզմների ամրագրումն է, հստակ կանոնների սահմանումը: Պետք է հասկանալ, թե որքանով այդ կանոնները սահմանող մարմինները անկախ կլինեն, որքանով կկարողանան իրականացնել այդ գործառույթները և կկրեն որոշակի պատասխանատվություն: Խոսելով կառավարման ձևի մասին` Հրայր Թովմասյանը շեշտել է, որ կիսանախագահական կառավարման մոդելի դեպքում, Նախագահը, եթե չունի պառլամենտական մեծամասնություն, ապա արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ կանգնում է լուրջ խնդիրների առաջ և հասունանում է հակասություն՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորության և ռեալ գործառույթների իրականացման հնարավորության միջև:

Հանդիպման ավարտին Հանձնաժողովի անդամները հորդորել են ներկաներին Հայեցակարգի վերաբերյալ առաջարկները ներկայացնել նաև գրավոր տեսքով՝ Հանձնաժողովի քարտուղարությունը:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Արտաշատում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031