Մոտ 8 ամիս է Կապան քաղաքից դեպի Ծավ գյուղ հասարակական տրանսպորտ չի աշխատում: 2013թ-ի նոյեմբերից «ՎԻԱՆԻՄԱՐԻ» ՍՊԸ -ն հրաժարվել է սպասարկել Կապան-Ծավ երթուղու գիծը, որից օգտվում էին այդ ճանապարհի ուղղությամբ գտնվող 6 գյուղերի` Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի, Ծավի եւ Շիշկերտի բնակիչները: Գյուղացիների խոսքով` նոյեմբերից մինչեւ օրս պատահական մեքենաներով են քաղաք գնում, խնդրի մասին էլ տեղյակ են պահել պատասխանատուներին, բայց նոյեմբերից առայսօր հասարակական տրանսպորտի խնդիրը մնում է չլուծված:
«Կապան-Ծավ երթուղային տաքսին հանել են, ասում են` վնասով էր աշխատում: Սկզբից ամեն օր էր աշխատում տրանսպորտը, ուղեվարձն էլ 800 դրամ էր, հետո շաբաթական 5 օր աշխատեց` առանց շաբաթ եւ կիրակի օրերի: 5-6 գյուղ օգտվում էր տրանսպորտից, կապը կար քաղաքի հետ, հիմա կարելի է ասել, անտերության են մատնված էս գյուղերը, մարդիկ ծանոթ-բարեկամի են դիմում, խնդրում իրենց մեքենաներով քաղաք հասցնեն, ով ինչով կարողանում է գնում է: Ձմեռն էլ ավելի վատ է լինում վիճակը, գյուղի դպրոցներում աշխատող մանկավարժներ կան, որ չեն կարողանում քաղաք գնան ու վերադառնան` մնում են գյուղերում», – ասաց սահմանամերձ Ծավ գյուղական համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը:
Սրաշենի գյուղապետ Հենզել Աբրահամյանի խոսքով` իրենց գյուղի բնակիչները նույնպես տրանսպորտի բացակայության պայմաններում ստիպված են լինում Կապան գնացող պատահական մեքենաների օգնությանը դիմել: Մի քանի գյուղապետերով հարցը բարձրացրել են, պատասխանատու մարմիններին խնդրել են լուծում տալ խնդրին, բայց պատկերը մինչ օրս նույնն է:
«Մարդիկ մնացել են գյուղապետերի հույսին: Հիմնականում ես եմ տանում մեր գյուղացիներին, մինչեւ հիմա չեն կարողանում մի երթուղային տաքսի գտնեն ու գիծն աշխատացնեն»,-ասաց Սրաշենի գյուղապետը:
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ`Սարիկ Աղաբեկյանը «Առավոտին» փոխանցեց, որ Կապան-Ծավ երթուղու գիծը «ՎԻԱՆԻՄԱՐԻ» ՍՊԸ-ն հրաժարվեց սպասարկել ուղեւորահոսքի բացակայության պատճառով, դրանից հետո ոչ մի ընկերություն ցանկություն չի հայտնել սպասարկել գիծը: «Գործող կարգի համաձայն` պարբերաբար մրցույթներ ենք հայտարարում: 2010թ.-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչված «ՎԻԱՆԻՄԱՐԻ» ՍՊԸ-ն մինչեւ 2013թ.-ի նոյեմբերի 6-ը սպասարկում էր երթուղին, իսկ նոյեմբերի 11-ից հրաժարվեց` պատճառը ուղեւորահոսքի բացակայությունն էր: 2014թ.-ի հունվարին 16-ից մրցույթ ենք հայտարարել, վերջին հայտարարությունը տվել ենք մայիսի 23-ին, բայց մրցույթին մասնակցել ցանկացողներ չեն եղել, հուլիսին նորից կհայտարարենք, մեզանից կախված բան չկա: Գյուղերի բնակիչներն ինձ մոտ էլ են եկել, նրանց նույնպես պատճառը ներկայացրել եմ: Սիսիանում եւ Գորիսում էլ նմանատիպ թափուր գծեր կան, բայց հայտարարված մրցույթներին մասնակցողներ չեն լինում», – ասաց Սարիկ Աղաբեկյանը:
Այն, որ ուղեւորահոսքի բացակայությունը հնարավոր է պայմանավորված լինի գյուղերից տեղի ունեցող արտագաղթով` գյուղապետերը չեն բացառում, ավելին` փաստում են գյուղերից բնակիչների հեռանալու լրջագույն խնդրի մասին:
«Ամեն տարի բնակիչներ են դուրս գալիս գյուղից: Անցած տարի 2 ընտանիք հեռացավ Սրաշենից, այս տարի էլ 1 ընտանիք է պատրաստվում գյուղը թողնել ու Կապան տեղափոխվել: Միայն մեր գյուղում չի այս վիճակը, բոլոր տեղերում էլ նույնն է, գործ չկա, պայմաններ չկան` մարդիկ էլ թողնում-գնում են…», -նշեց Սրաշենի գյուղապետ Հենզել Աբրահամյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ